Հին սխալներն ուղղելու նոր հնարավորություն
5. Բոլոր ներքին տեղահանված անձանց եւ փախստականների՝ իրենց մշտական բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք:
Ընդհանուր առմամբ այս ձեւակերպումը կարող է հակամարտության կարգավորման սկզբունք համարվել, եթե օգտագործվի «բոլոր» բառի ընձեռած հնարավորություններն ու օրակարգում ներառվի հայ փախստականների խնդիրը: Պահանջվում է տեւական հետեւողական աշխատանք ու մանրամասների ճշգրտում՝ այս խնդրի լիարժեք լուծումն ապահովելու համար: Արտգործնախարար Նալբանդյանը հայտարարել է, որ փախստականների՝ ԼՂՀ վերադարձի հարցն ընդհանրապես չի քննարկվել: Սակայն ձեւակերպումը պարունակում է վերապահում չենթադրող «բոլոր» բառը: Ավելին, համանախագահներն իրենց բազմաթիվ հայտարարություններում այս կետի իրագործման հետ են կապել կարգավիճակի որոշման խնդիրը, համարելով, որ դա պետք է արվի Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձից հետո: Սկզբունքների հրապարակումը բացահայտում է, որ դա պարզապես աճպարարություն է՝ հակամարտության առանցքային հարցի լուծումը հետաձգելու համար:
6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում եւ խաղաղապահ առաքելություններ:
Խաղաղապահ առաքելությունների փորձը վկայում է, որ դրանք չեն ապահովում անվտանգության երաշխիքներ, այլ միայն միջոց են ինչ-որ լուծումներ պարտադրելու համար: 15 տարի շարունակ հրադադարի հաստատման եւ ԼՂՀ անվտանգության երաշխավորը եղել է ԼՂՀ Պաշտպանության բանակը: Այն խաղաղապահ, այդ թվում եւ միջազգային առաքելություններով փոխարինելը իրական վտանգ է ստեղծում ապագա զինված բախումների համար: Այս «սկզբունքի» կարիքը բացարձակապես չկա ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարագայում: Այն առաջանում է որպես այն բանի հետեւանք, որ, ըստ 4-րդ կետի, արհեստականորեն հետաձգվում է ԼՂՀ կարգավիճակի սահմանումը: Անվտանգության երաշխիքները պետք է դիտարկվեն 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերի լուծումների շրջանակներում՝ որպես ԼՂՀ անկախ կարգավիճակ, պաշտպանելի սահմաններ, Հայաստանի Հանրապետության հետ լիարժեք սահմանակցություն:
Այսպիսով, որպես մադրիդյան սկզբունքներ ներկայացված վեց ձեւակերպումները չեն կարող հիմք լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, քանի որ թերի են, պարունակում են բազմաթիվ անորոշություններ եւ սահմանում հարցերի լուծման չհիմնավորված հերթականություն: Դա հաստատում են նաեւ միջազգային փորձագետների գնահատականները: Եվրասիական հարցերով ամերիկյան հայտնի փորձագետ Ա. Կոհենը հետեւյալ գնահատականն է տվել հրապարակված սկզբունքներին. «Ութնյակը ցանկանում է այն (հակամարտությունը) լուծել, ընդ որում, լուծել՝ հաշվի առնելով Ադրբեջանի կենսական շահերը: Հարցն այն է… ի՞նչ կարող են առաջարկել «ութնյակի» ղեկավարները Հայաստանին: Օրինակ, կարող են առաջարկել ավելի խոր ինտեգրացիա Եվրամիության հետ, ընդհուպ մինչեւ անդամակցություն… Եվ ինչպես կվերաբերվի դրան Ռուսաստանը»: Փոխհատուցում են առաջարկում նրան, ով հարցի լուծման արդյունքում լուրջ կորուստներ է ունենում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արձագանքը
Պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը Լ’Աքիլայի հայտարարությանը միանգամայն համարժեք էր եւ հետեւողական: Նախ, ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը եւս մեկ անգամ արձանագրեց անկախության ընտրության անշրջելիությունը եւ Արցախի ժողովրդի կամքը՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու վճռականությունը: Ապա ԼՂՀ արտգործնախարար Գ. Պետրոսյանը ձեւակերպեց ԼՂՀ իշխանությունների մոտեցումը գաղտնազերծված մադրիդյան սկզբունքների, ինչպես նաեւ բանակցությունների ձեւաչափի վերաբերյալ. «Մենք չենք մասնակցել հիշյալ փաստաթղթի քննարկմանը եւ որեւէ պատասխանատվություն չենք կրում դրա նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ առանց ԼՂՀ կամքի եւ համաձայնության՝ ցանկացած որոշում անհիմն է»: Հուլիսի 15-ին հրապարակվեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը բանակցային գործընթացի վերաբերյալ. «Բանակցություններում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն բանակցային գործընթացի բոլոր փուլերին ղարաբաղյան կողմի լիարժեք մանակցությամբ»: Նույն օրը հրապարակվել է նաեւ ԼՂՀ կուսակցությունների հայտարարությունը՝ նույնատիպ շեշտադրումներով:
Ակնհայտ է, որ ԼՂՀ թե իշխանությունները, թե քաղաքական ուժերը խիստ կոռեկտ, բայց վճռականորեն պնդում են, որ իրենք այլեւս չեն ցանկանում, որ որեւէ մեկն իրենց ներկայացնի բանակցությունների ընթացքում եւ միայն իրենց անմիջական մասնակցությամբ է հնարավոր իրական առաջընթաց: Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտադրված են հայտարարելու, որ բանակցություններում ԼՂՀ շահերը այլեւս պետք է ներկայացնեն ոչ թե իրենք, այլ ԼՂՀ ընտրովի մարմինները: Դա կլինի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքի տուրք, այլեւ արժանապատիվ քայլ Հայաստանի իշխանությունների համար: Առավել եւս, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները իրենց հայտարարության մեջ արձանագրել են ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման սկզբունք, հետեւաբար ոչ մի իրավական ու բարոյական հիմք չեն ունենա այդ քայլը շահարկելու համար: Ավելին, դրան ընդդիմանալու դեպքում համանախագահ երկրները ցույց կտան, որ միջազգային իրավունքի նորմերն իրենց համար պարզապես աճպարարության գործիքներ են, իսկ ինքնորոշման իրավունքի մասին իրենց հայտարարութունները՝ սոսկ ծուղակ հայկական կողմերի համար:
ԼՂՀ իշխանությունների արձագանքը հուլիսի 10–ի հայտարարությանը պարզապես հիանալի հնարավորություն են ստեղծել ՀՀ իշխանությունների համար Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունն արդյունավետորեն օգտագործելու եւ իրավիճակը շտկելու համար:
Հայաստանի Հանրապետության արձագանքը
Ըստ ամենայնի, պաշտոնական Երեւանի համար սկզբունքների հրապարակումն անակնկալ էր: Ամենայն հավանականությամբ հենց դա էր պատճառը, որ արտգործնախարարության առաջին արձագանքը հայտարարությանը բացասական էր՝ Ստեփանակերտում գտնվող փոխարտգործնարարն այն որակեց որպես ադրբեջանական քարոզչության հետեւանք: Հայաստանի իշխանությունների համար հայտարարության անակնկալ լինելու անուղղակի վկայություն է Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջ. Սթայնբերգի այցը Հայաստան հուլիսի 11-ին: Հատկանշական է, որ դա վերջին տարիների ընթացքում պետքարտուղարության ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Երեւան: Այցի ընթացքում արտգործնախարար Նալբանդյանը ողջունեց հայտարարությունն՝ առանց սկզբունքների, հայաստանյան կողմի դիրքորոշումների եւ բանակցությունների ընթացքի մանրամասն մեկնաբանության, ինչը նման իրավիճակում պարզապես պարտադիր էր: Ըստ CNN-Turk-ի, հայտարարությունը եւ սկզբունքները միանշանակ դրական է գնահատել նաեւ պաշտոնական Անկարան, ընդ որում, շատ նման ձեւակերպումներով, մինչդեռ Բաքվի արձագանքը շատ ավելի զուսպ էր:
Հայաստանյան փորձագետների ու քաղաքական ուժերի մեկնաբանությունները տարաբնույթ էին, սակայն դրանք հաստատեցին նախորդ մի քանի հրապարակումներում արտահայտված այն մտավախությունները, որ հայաստանյան քաղաքական միտքն այնքան տկար է, որ անգամ չափազանց կարեւոր փաստաթղթերի քննարկումների ժամանակ, չնչին բացառություններով, ոչ միայն չի անդրադառնում փաստաթղթերի խորքային նշանակությանն ու մանրամասներին, այլեւ դուրս չի գալիս մակերեսայնության ու շահարկումների հարթությունից: Նման մոտեցումների դրսեւորումն անգամ երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում հղի է աղետալի հետեւանքներով, քանի որ արձանագրում է միայն հատվածական շահերի առկայություն: Երբ ճակատագրական նշանակության հարցերի քննարկման ժամանակ ոչ միայն քաղաքական ուժերն, այլեւ մամուլն ու փորձագետներն են բաժանվում իշխանական ու ընդդիմադիր բանակների՝ որդեգրելով ծայրահեղ իրարամերժ դիրքորոշումներ, սպասելիքները չեն կարող հուսադրող լինել: «Իշխանականները» համարում են, որ ամեն ինչ լավ է՝ հաճախ ցանկալին ներկայացնելով իրականության փոխարեն, նրանց հակառակորդները՝ որ ամեն ինչ արդեն կորած է եւ միակ անելիքը արտգործնախարարի կամ նախագահի պաշտոնանկությունն է: Բանավեճի առարկան դառնում է սոսկ պատրվակ իշխանության համար պայքարում միմյանց ոչնչացնելու համար, որի ընթացքում անկախ եւ անաչառ փորձագիտական գնահատականները պահանջված չեն, քանի որ նպատակը հիմնախնդրի լուծման համար ելքերի ու լուծումների որոնումը չէ:
Ամփոփում
Հուլիսի 10–ի հայտարարությունը՝ մադրիդյան սկզբունքների պաշտոնական հրապարակումը, կարեւոր փուլ է սկսում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այն ոչ միայն սրբագրում է համանախագահների եւ բանակցությունների մասնակիցների բազմաթիվ հայտարարություններ, այլեւ նոր հարցադրումների ու քայլերի բացառիկ հնարավորություն է ստեղծում, ինչը պահանջում է կենտրոնանալ ոչ թե մինչ այժմ թույլ տրված սխալների, այլ իրավիճակի եւ հետագա անելիքների վրա: Թեեւ համանախագահներն արձանագրել են, որ ներկայացված հիմնարար սկզբունքների հիմքում Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքներն են, սակայն խուսափել են կոնկրետացնել, թե որ սկզբունքը հակամարտությանն առնչվող որ խնդրի լուծման հիմք պետք է լինի: Արդյունքում խեղվել է այդ սկզբունքների բովանդակությունը եւ կարգավորման հիմնական խնդիրը՝ ԼՂՀ կարգավիճակի միջազգային ճանաչման հարցը արհեստականորեն դարձել է գործընթացի վերջին քայլը: Այդուհանդերձ, ինքնորոշման իրավունքի արձանագրումը որպես խնդրի կարգավորման հիմնատարր, հնարավորություն է ստեղծում լուրջ սրբագրումներ անելու ոչ միայն գործընթացում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վերադարձնելով բանակցությունների լիարժեք կողմի կարգավիճակը, այլեւ հիմնարար սկզբունքներում՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային իրավունքի նորմերին ու ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին:
Իրավիճակը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քայլերը միանգամայն բարենպաստ են ստեղծված եզակի հնարավորությունը օգտագործելու եւ այդ խնդիրները լուծելու համար: Դրա համար Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է երկու բան՝ միջազգային իրավունքի լավագույն իմացություն եւ կամք՝ անձնական ու խմբակային հավակնություններից վեր կանգնելու կարողություն: Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության իշխանություններն այդ կամքն ու հասունությունը կդրսեւորեն: Դա հավասարազոր կլինի հրաշքի: Ինչպես ցանկացած հրաշքի, այնպես էլ այս դեպքում հավանականությունը շատ փոքր է: