Սփյուռքահայ ուսանողներն այցելեցին «Տիրամայր Հայաստանի» մանկատուն-ճամբար
Հուլիսի 23-ին Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական ֆորումի անդամները հյուրընկալվեցին Ծաղկաձորի «Տիրամայր Հայաստանի» մանկատուն-ճամբարում: Ֆորումականներին ճամբարականները դիմավորեցին աղ ու հացով, ինչը սփյուռքահայ երիտասարդների համար անակնկալ էր: «Սա հին հայկական ավանդույթ է, տեղյակ եմ, բայց ինձ համար անակնկալ էր նման ընդունելությունը: Թվում է, թե այդ մենք պետք է նրանց համար անակնկալներ անեինք, բայց…»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ֆորումական Վազգենը Բրազիլիայից: Վազգենի փոխանցմամբ, երեխաների մեջ ամեն ինչ հայեցի է դաստիարակված. «Տիկին Արուսյակի (խոսքը ճամբարի պատասխանատու քույր Արուսյակի մասին է- Լ. Շ.) հետ զրույցից պարզ դարձավ, որ հայեցի դաստիարակության խնդիր կա ոչ միայն Սփյուռքում, այլեւ հայրենիքի ներսում»: Քույր Արուսյակը ֆորումականների հետ զրույցում նշեց. «Ավելի վատն այն է, որ, հայրենի հողիդ վրա ապրելով, ստիպված ես այսօրվա երեխաներին հայկական ոգի դաստիարակել, հայեցի խոսել սովորեցնել: Գուցե սփյուռքահայերիդ համար սա այդքան էլ մեծ խնդիր չթվա, բայց Հայաստանի մեջ սա ցավոտ հարց է: Խնդրից զերծ չեն նաեւ մանկատների երեխաները»:
Համազգային միության նախագահ Լիլիթ Գալստյանը կարեւորեց սփյուռքահայ երիտասարդների շփումը մանկատների երեխաների հետ. «Այս երիտասարդների մեջ հայկական ոգին ու դաստիարակությունը շատ խիստ է դրված, չնայած նրանք բոլորն էլ հայրենիքից բավականին հեռու են ապրում: Մանկատան երեխաների հետ շփվելով՝ գուցե նրանք կարողանան հայ մանուկներին վարակել Հայաստանի նկատմամբ նույնքան մեծ սիրով, որքան իրենք են տածում: Մանկատուն այցելելը ֆորումի ավանդույթներից մեկն է, ինչպես՝ զորամաս այցելելը: Ամեն անգամ մենք այցելում ենք հենց այս՝ Ծաղկաձորի մանկատուն-ճամբար: Քանի որ ֆորումը կայանում է ամռանը, իսկ արձակուրդներին հանրապետության տարբեր մարզերի եւ մայրաքաղաքի մանկատների երեխաները հանգստանում են Ծաղկաձորում, այդ պատճառով էլ միայն այս ճամբար ենք այցելում՝ հանդիպելով միանգամից տարբեր մանկատների երեխաների: Ֆորումականները մինչեւ Հայաստան գալը տեղեկանում են այցելության մասին եւ փոքրիկների համար նախապատրաստում նվերներ»:
Ֆորումականները մասնակցեցին ճամբարում սովորույթ դարձած սպորտլանդիային, խաղացին, ճաշեցին:
Ֆորումական 22-ամյա բեյրութաբնակ Սերուժի խոսքերով, մանկատան երեխաների հոգեբանությունը դժվար է հասկանալ. «Գուցե առաջին հայացքից հեշտ է թվում նրանց հետ շփվելը, բայց, պատկերացրեք, աշխարհի ամենադժվար բանն էր նրանց մոտենալն ու զրուցելը: Շատ սիրեցի, բարի են բոլորը, անկեղծ ու պատրաստ շփման եւ ընկերության»: Իսկ 19-ամյա Ալինը խոստովանում է՝ «Շատ կուզեի նրանց համար ամեն պայման լավ լիներ, ամեն ինչ գեղեցիկ լիներ, որ իրենց ընտանիքներում ապրեին, գային այս ճամբար հանգստանալու ոչ թե մանկատնից, այլ իրենց մամայի ու պապայի մոտից»:
Ֆրանսաբնակ Միքայելն էլ նշեց. «Աշխարհով մեկ ման եմ եկել, տարբեր երկրներում եմ ապրել եւ տարբեր մարդկանց հետ շփվել, երբեք այսքան բարի ու ժպտադեմ մարդկանց չեմ տեսել, ինչպես այս երեխաներն էին»: