Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԱՇԱՐԺՆ ԱՎԵՐԵՑ, ՀԻՄԱ ԷԼ ՈՍՏԻԿԱՆԱՊԵ՞ՏՆ Է ԱՎԵՐՈՒՄ

Հուլիս 25,2009 00:00

\"\"1988 թվականի դեկտեմբերյան աղետալի երկրաշարժը լուրջ ավերածություններ պատճառեց նախկին Արագածի շրջանի բնակավայրերին, հատկապես Ծաղկահովիտ շրջկենտրոնին։ Այստեղ շարքից դուրս էին եկել բոլոր բազմաբնակարան շենքերը, եւ առայսօր Ծաղկահովտում բնակարանաշինություն չի կատարվել, բացի մի շենքի ամրացումից, որի անորակությանը տեղյակ էին թե Ծաղկահովտում, թե հանրապետության բարձրագույն իշխանության համապատասխան բոլոր մարմիններում։

Այսօր, սակայն, ծաղկահովիտցին կարող է ուրախանալ՝ պետբյուջեի 240 մլն դրամով հիմնանորոգվելու է թիվ 5 բնակելի շենքը։ «Ագաթ 777» ՍՊԸ-ն, որն իրականացնում է այս աշխատանքը, արդեն ապամոնտաժել է շենքի 5-րդ հարկն ու պանելները դարսել շենքի հարեւանությամբ։ Պանելներ, որոնց նկատմամբ հետաքրքրությունն այսօր ավելի մեծ է, քան ոգեւորվածությունն իրականացվող շինարարությունից։ Ինչպես մեր աղբյուրն է հաղորդում, Արագածի տարածաշրջանի ոստիկանության պետ Գուրգեն Գյոզալյանը, այսպես ասած, իր կարիքների համար արդեն հասցրել է պանելներ տանել։ Հինգ հատ, առանց որեւէ մեկին հարցնելու կամ տեղյակ պահելու։ Ճիշտ է՝ մնացած պանելները տեղում են, սակայն գուցե միայն այն բանի համար, որ պանելների թեման արդեն դուրս է եկել Ծաղկահովտից, եւ ուր որ է հասնելու է մարզային եւ հանրապետական իշխանություններին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել