Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալ ենք ռոքին

Հուլիս 25,2009 00:00

Երեկ «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը ասուլիս էին հրավիրել՝ «Հայաստանը շնորհակալ է ռոքին» խորագրով, որի նպատակն էր շնորհակալություն հայտնել այն ռոք խմբերին, որոնք 20 տարի առաջ օգնության ձեռք են մեկնել Հայաստանին՝ 1988-ի երկրաշարժի աղետալի հետեւանքների հետ կապված: «1989-ին Ջոն Դիի կողմից կյանքի կոչվեց Rock Aid Armenia” (Ռոքն օգնում է Հայաստանին) նախագիծը, որում ներգրավված էին մի շարք ռոք խմբեր, որոնք թողարկեցին մի քանի երաժշտական սկավառակներ եւ դրանցից ստացած ամբողջ գումարը տրամադրեցին աղետի գոտուն: “Rock Aid Armenia” նախագիծը նաեւ մեծ նշանակություն ունեցավ այն առումով, որ շատերի համար լսելի ու ճանաչելի դարձավ Հայաստան անունը,- ասաց Արա Թադեւոսյանը,- Մեր գործակալության մոտ գաղափար առաջացավ ռոքի աստղերին եւ նախագծի նախաձեռնողներին հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել: Ավելին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Պատվո շքանշանով պարգեւատրել այդ ռոք խմբերին եւ նախագծի մասնակիցներին»: Ա. Թադեւոսյանը ավելացրեց, որ Ջոն Դին՝ նախագծի կազմակերպիչը, նախագծի 20-ամյակի հետ կապված ծրագրեր ունի: «Նա պատրաստվում է վերաթողարկել սկավառակը եւ այն վաճառքի հանել ինտերնետային ամենահայտնի օնլայն-խանութ iTunes-ում եւ ողջ հասույթը փոխանցել երկրաշարժի գոտում նախագծերի իրականացման համար: Ստացված միջոցներով վերականգնվելու են Գյումրիի Հոգեկան առողջության կենտրոնը, թիվ 15 դպրոցի մարզադահլիճը եւ հանդիսությունների սրահը, Մեթի գյուղի համայնքային կենտրոնի կիսակառույց շենքերը եւ Կապս գյուղի դպրոցը»: Ասուլիսի ժամանակ ներկայացվեց նաեւ “Smoke on the water” (Ծուխը ջրի վրա) երգի remix տարբերակը, որը եւս ընդգրկված է եղել Հայաստանին օգուտ բերած նախագծի երաժշտական սկավառակների շարքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել