Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԸ ՏՎԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 25,2009 00:00

Հուլիսի 20-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում հայտարարություն է տվել «Առավոտի» թղթակից Նաիրա Վանյանը: Ահազանգի կապակցությամբ նա այդ օրը ժ. 12-ի սահմաններում գտնվել է Տիգրան Մեծի 12/55 հասցեում գործող հագուստի խանութում: Ներկայացել է տնօրենին, ցույց է տվել իր՝ թղթակցի վկայականը եւ խնդրել, որպեսզի նա մեկնաբանի ուրբաթ օրը խանութում տեղի ունեցած միջադեպը: 2 գնորդ (տվյալները խմբագրությունում են) ահազանգել էին լրագրողին, որ գնում կատարելիս իրենց զրպարտել են գողության մեջ եւ իրենք վիրավորված են: Լրագրողի հետ զրույցը «չի ստացվել», որովհետեւ տնօրենը հարձակվել է նրա վրա, բռնի ուժով խլել է լրագրողի ձայնագրիչը:

Բռնությանն ականատես են եղել խանութի 2 աշխատակիցները, գնորդներից մեկը: Երբ տնօրենին հրավիրել էին ոստիկանության բաժին, նա ներկայացրել է լրագրողի ձայնագրիչը, ինչը դեռ չի հանձնվել լրագրողին եւ ոստիկանությունում է:

Ն. Վանյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կողմերը բացատրություն են տվել ոստիկանության բաժնում (քննիչ Էդգար Այդինյան): Ի դեպ, նշենք, որ բացի լրագրողի ձայնագրիչից, ոստիկանները հետազոտելու են նաեւ ուրբաթ օրվա միջադեպի տեսագրության սկավառակը (խանութում գործում է տեսանկարահանում): Ուշադրության արժանի է այն, որ ոստիկանության պաշտոնական կայքէջում լրագրողի հայտարարության մասին տեղեկատվությունը արդեն 4-րդ օրն է, ինչ չի զետեղված:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել