Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը փակում են, աբելյանցիները՝ բացում

Հուլիս 25,2009 00:00

\"\"Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնը սկսեց իր 2009-10թթ. թատերաշրջանը

Չնայած այն բանին, որ հանրապետության մշակութային օջախները պատրաստվում են օգոստոսի 1-ից մեկնել ամառային հանգստի, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնում մշակութային տարին արդեն սկսված է: Օրեր առաջ այստեղ Հ. Թեքգյոզյանի «Մետաստազ» պիեսի բեմադրությամբ բացվեց 78-րդ թատերաշրջանը՝ աննախադեպ երեւույթ թե հանրապետության թատրոնների, թե հատկապես մշակութային այս օջախի համար, քանի որ վերջին տարիներին, ինչպես ժամանակին անդրադարձել է «Առավոտը», այստեղ ամեն ինչ խառնվել էր իրար. հստակեցված չէին թատերաշրջանների գործունեության ժամկետները եւ այլն: Աբելյանցիները այս նորամուծությունը բացատրում են չափազանց կարեւոր հանգամանքով. Վանաձորը եղել է եւ մնում է ամառանոցային քաղաք, որտեղ ամռան ամիսներին մեծ թվով հովեկներ են գալիս, բացի այդ՝ եթե նախկինում հուլիս-օգոստոս ամիսները համարվում էին ընդունելության քննությունների շրջան՝ հասարակության ուշադրությունը բեւեռելով միայն ու միայն բուհերին, ապա այս տարի հանդիսատեսը «բեռնաթափվել» է՝ առիթ ունենալով մտածել նաեւ թատրոնի մասին: Նկատենք, որ թատրոնում աստիճանաբար համալրվում են դերասանախումբը եւ, իհարկե, այն խաղացանկը, որն ուներ թատրոնն իր երջանիկ տարիներին (1980-90-ականների կեսեր):

Թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը մեզ տեղեկացրեց, որ այս թատերաշրջանի առաջին օրերին տեղի կունենա Ա. Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ» պիեսի նորացված բեմադրությունը, որտեղ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը դիմել է թեմայի արդիականացմանը: Երիտասարդ բեմադրիչ Սարգիս Մանուկյանն էլ հանդիսատեսին կհանձնի թատերագետ Լեւոն Մութաֆյանի թարգմանությամբ ռուս թատերգության նշանավոր դեմքերից մեկի՝ Նադեժդա Պտուշկինայի «Աննորմալը»: Թեեւ Վանաձորի թատրոնի խաղացանկն ունի շեքսպիրյան ստեղծագործություն՝ ի դեմս «Ռոմեո եւ Ջուլիետի», սակայն պարոն Չախմախչյանի խոսքերով՝ «Վ. Շահվերդյանը գտնում է, որ անհրաժեշտ է խաղացանկը հարստացնել մեծ ողբերգակի այլ գործերով եւս եւ արդեն սկսված են «Լիր արքայի» փորձերը»: Մեր հարցին՝ արդարացվա՞ծ է արդյոք արձակուրդային շրջանում թատերաշրջանի բացումը, թատրոնի տնօրենը պատասխանեց. «Ժամանակն է, որ մտածենք նաեւ այն մասին, որ ամռան ամիսներին եւս պետք է աշխատել: Չէ՞ որ անընդհատ խոսում ենք զբոսաշրջային ինդուստրիայի զարգացման մասին, մինչդեռ թատրոնն, իմ կարծիքով, հենց դրան խթանող միջոցներից է: Հետեւաբար, հույս ունեմ, որ հատկապես ոչ մայրաքաղաքային թատրոնները կհետեւեն մեր օրինակին: Ինչ վերաբերում է թատրոնի կոլեկտիվի հանգստին, մենք այն կազմակերպել ենք հունիսին՝ բուհական քննությունների եռուն շրջանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել