«Առկա է հուզական անկայունություն»
Ուղիղ 4 ամիս տեւեց Արմավիրի բնակիչ Սեւակ Թովմասյանին ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական կենտրոնում քննության ենթարկելը: Նա անցյալ տարվա հուլիսի 19-ին իրենց՝ Էջմիածնի Կարճիկյան փողոցի 2-րդ փակուղու 1-ին տան դիմաց իր մոտ եղած դանակով սպանել է ՌԴ Սանկտ Պետերբուրգից Հայաստան եկած իր փեսային՝ Մանուկ Միսակյանին:
7 ամիս է, ինչ ընթանում է դատաքննությունը:
2 մանկահասակ երեխաների հորը կյանքից զրկած Սեւակ Թովմասյանի գործողությունների համար փորձագետներին տրվել էին հետեւյալ հարցերը՝ նա տառապե՞լ է հոգեկան հիվանդությամբ, հանցագործության կատարման ընթացքում նկատվե՞լ է հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակ, որի հետեւանքով նա կարող էր չգիտակցել իր գործողության վտանգավորությունը կամ ղեկավարել դա: Ի շարս բազմաթիվ հարցերի, տրվել էր նաեւ հետեւյալը. «Սեւակ Թովմասյանը հանցանքը կատարելու պահին, արդյոք, գտնվել է տկարամտության վիճակում, որի հետեւանքով չէր կարող գիտակցել իր գործողության վտանգավորությունը կամ ղեկավարել դա: Գտնվե՞լ է նա արդյոք ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, թե՝ ոչ»:
Արտաշատի դատարանում նախորդ օրը պետք է հրապարակվեին փորձարարական-հոգեբանական հետազոտման արդյունքները, սակայն ամբաստանյալի պաշտպանը հրաժարվեց նրանից եւ, հետեւաբար, առանց պաշտպանի անհնար դարձավ դատաքննությունը շարունակելը:
Չնայած դրան, տուժողի իրավահաջորդ Ներսես Միսակյանը եւ նրա պաշտպանը դժգոհ են փորձագիտական եզրակացությունից եւ մտադիր են միջնորդել կրկնակի հետազոտում նշանակելու մասին:
Ըստ եզրակացության, ամբաստանյալի մոտ առկա է «հուզական անկայունություն», «փորձաքննվողը ճնշված է եւ մեկուսացված է արտաքին աշխարհից», «սպանության կատարման եւ դրան նախորդող պահին Սեւակ Թովմասյանը եղել է արժանապատվության նվաստացման հետ ապրումների վիճակում, ինչը նրա մոտ առաջացրել է հուզական արտահայտված լարվածություն» (ի դեպ, հետազոտվելիս ամբաստանյալն ասել էր, թե փեսան իրեն մեղադրել է քրոջ հետ ինտիմ կապ ունենալու մեջ: Նշենք նաեւ, որ ամուսնու սպանությունից հետո կինը նրա գերեզմանի տեղը չգիտի եւ օրեր առաջ մահվան տարելիցի սգո արարողությանն էլ չի մասնակցել- Ռ. Մ.):
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը երեկ ասաց, որ նախաքննության ժամանակ որեւէ կասկած հոգեկան հուզմունքով կատարված սպանության վերաբերյալ չի եղել: «Ամբաստանյալի նախաքննական 6-7 ցուցմունքները դատահոգեբանը դրել է մի կողմ, նրա հետ զրույցի արդյունքներով տվել է եզրակացություն: Եզրակացությունը մեր գործի հանգամանքների հետ կապ չունի: Մարդը ուղիղ դիտավորությամբ կատարել է սպանություն, ու դրա շարժառիթները հստակ շարադրել է իր ցուցմունքներում: Նա երբեք չի ասել, որ տուժողը իրեն դրդել է այնպիսի գործողությունների, որոնք կարող էին իր մոտ հոգեկան հուզված պահ առաջացնել: Դրա համար էլ նախաքննության ժամանակ խնդիր չի առաջացել նրան ենթարկել դատահոգեբանական փորձաքննության: Անձամբ ես կողմ եմ, որ նախաքննության փուլում այսպիսի փորձաքննություններ անցկացվեն, որպեսզի հետագայում մենք նման խնդրի առջեւ չկանգնեինք»,- ասում է տուժողի իրավահաջորդի փաստաբանը:
Վերջինս նաեւ հավելեց, որ գործի նյութերի հետ առնչվելիս ամբողջությամբ համոզվել է, որ Սեւակ Թովմասյանը սպանությունը կատարել է հոգեկան լիարժեքության վիճակում, գիտակից, եւ որեւէ կասկած չի եղել. «Չէի մտածում, որ դատաքննության փուլում ծայր կառնի մի լեգենդ, եւ այդ հորինված լեգենդը կդրվի փորձաքննության եզրակացության հիմքում: Անգամ երբ նայում ես Սեւակի հարազատների ցուցմունները, Սեւակի քրոջ՝ սպանվածի կնոջ ցուցմունքները, նրանք չեն ասել, թե հուզվել է: Հոգեկան հուզմունքի իմիտացիա են ստեղծել, թե սպանել է, որովհետեւ հուզված է եղել: Տուժողի իրավահաջորդի համար այս եզրակացությունը երկրորդ լուրջ հոգեբանական ցնցումն էր որդուն կորցնելուց հետո: Նկատի ունենալով իմ փորձը, այս եզրակացությունը ես դիտում եմ հանրապետությունում տիրող անարդարության համատեքստում»: