Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐԸ՝ 2011-ԻՆ

Հուլիս 25,2009 00:00

«Տնտեսական ճգնաժամը խանգարում է, բայց մենք առաջ կգնանք եւ ուզում ենք ավարտել այն, ինչ նախատեսել ենք»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Նրա խոսքերով՝ օդանավակայանի հանրային գոտում կառուցվող նոր համալիրը, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2008-ին, շահագործման կհանձնվի 2011թ-ին: Այս մասին հայտնում է «Այսօր» էլեկտրոնային թերթը:

Պարոն Գեչիջյանի ներկայացմամբ՝ 34 հազար քմ տարածքով նոր համալիրի շենքը լինելու է երկհարկանի եւ կունենա ժամանման եւ մեկնման սրահներ: Ըստ տնօրենի, հասարակական տարածքներն ու հաշվառման սրահները մոտ կլինեն ժամանման եւ մեկնման սրահներին, ինչը կկրճատի քայլելու ճանապարհը եւ կթեթեւացնի ուղեւորահոսքը: Հաշվառման սրահը կունենա 46 հաշվառման սեղան եւ 46 հաշվառման կրպակ: Նոր համալիրում նաեւ կտեղակայվեն բարձրակարգ ուղեւորների սպասարկման եւ դիվանագիտական սրահներ: Նախատեսված է հանրային սրահի մուտքի առջեւ կառուցել շուրջ 600 ավտոմեքենայի համար նոր կայանատեղի: Պարոն Գեչիջյանի վստահեցմամբ՝ հանրային գոտում կառուցվող նոր համալիրի եւ նոր կայանատեղի կառուցման համար ներդրվելու է $160 միլիոն:

Երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր համալիր է այցելել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը շրջել է արդեն շահագործվող մեկնման եւ ժամանման սրահներում, օդանավակայանի մաքսային տուրքերից ազատ առեւտրի գոտում եւ ողջունել այնտեղ վաճառվող հայկական ապրանքների առատությունն ու գնային առումով մատչելիությունը:

Նշենք, որ 2001-ին ՀՀ կառավարության եւ արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ կնքվեց պայմանագիր, որի համաձայն «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությանը 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել