Մինչ երեխայի ծնվելը ծնողները կարող են որոշել՝ նա հարուստ բիզնեսմե՞ն կլինի, սպորտսմե՞ն, գիտնակա՞ն, թե՞ աղքատ բոմժ:
Այսօր երեխայի սեռի պլանավորման բազմաթիվ կենտրոններ կան: Այդ կենտրոններում հատուկ հաշվարկներ են կատարում ու ծնողներին վստահեցնում, որ իրենք այսինչ տարվա այսինչ օրը կունենան տղա կամ աղջիկ: Սակայն 9 ամիս հետո պարզվում է, որ տղա պլանավորված երեխան աղջիկ է ծնվում:
Բագրատունյաց 21 հասցեում գործում է մի գրասենյակ, որտեղ պլանավորում են ոչ միայն ծնվելիք երեխայի սեռը, այլեւ նույնիսկ ճակատագիրը, մասնագիտությունն ու բնավորությունը: «Ծնողներն իրենք կարող են մատնանշել, թե, օրինակ, ինչպիսի աղջիկ են իրենք ուզում ունենալ՝ թիթի՞զ, թե՞ լուրջ, հստակ կարելի է պլանավորել եւ ունենալ գեղեցիկ, ջոկած, ընտիր երեխաներ, ոչ թե հիվանդոտ, թույլ, էպիլեպտիկ երեխաներ: Այսինքն, մենք պլանավորում ենք նաեւ երեխայի որակը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց աստղաբան Էլյա Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, հայերը հիմնականում իրեն դիմում են՝ տղա ունենալու համար: Սկզբում ծնողները աստղաբանին են տալիս իրենց ծննդյան տվյալները, անուն-ազգանունները, որոնց հիման վրա նա կառուցում է տղա կամ աղջիկ ունենալու հավանականությունը ներկայացնող գրաֆիկը, ըստ այդ հաշվարկի հստակ երեւում է, թե որ տարիներին եւ որ ամսվա որ օրը հարաբերվելու դեպքում նրանք տղա կունենան: Ընդ որում, աստղերի, մոլորակների եւ լուսնի օրերի միջոցով տիկին Էլյան գտնում է նաեւ, թե որ օրը ինչ որակով տղա կարող են ունենալ՝ թույլ, հիվանդոտ, խեղճուկրակ կամ ընդհակառակը՝ ուժեղ, առողջ, հարուստ, տաղանդավոր. «Մենք ծնողների հետ միասին ընտրում ենք որակով երեխա ծնվելու համար ամենաբարենպաստ օրը: Պատահում է, որ առաջիկա մի քանի տարիներին խորհուրդ չեմ տալիս տղա ունենալ, որովհետեւ հաջող օր չի գտնվում. օրինակ, մի զույգի համար պլանավորեցինք 2012 թվականին: Եթե չհամբերեն ու դրանից շուտ ունենան, ես երեխայի որակի համար պատասխանատու չեմ»: Երեխայի սեռն ու ճակատագիրը պլանավորելը թանկ հաճույք չէ, աստղաբանի խոսքերով՝ «Մի տղամարդ եկավ, ասաց՝ ի՞նչ արժե, եթե ուզում ենք պլանավորել տղա ունենալ, ասացի՝ 3000 դրամ, մատը թափ տվեց, գնաց,՝ ասելով, թե 3000 դրամանոց տղեն ի՞նչ պտի լինի»:
Չնայած աստղաբանն իրեն հայտնի 8 բանաձեւերով հաշվարկում ու պլանավորում է երեխայի սեռը, բայց չի վստահեցնում, որ իր հաշվարկը 100% է. «Տասը տարի է՝ ես այս գործով եմ զբաղվում, դեռ չի եղել, որ հաշվարկեմ աղջիկ, բայց տղա ծնվի, այնուամենայնիվ, սխալվելու հավանականություն կա, որովհետեւ ոչինչ օրինաչափություն չէ. կա նաեւ աստվածային գործոնը, որ տվյալ զույգը չպետք է ունենա աղջիկ կամ տղա»: Եթե նույնիսկ աստղաբանի հաշված բոլոր բանաձեւերով զույգը տղա պլանավորի, բայց երեխայի ծնողներն անընդհատ թթու եւ քաղցր սնունդ ընդունեն, դարձյալ տղա ունենալու հավանականությունը կփոքրանա: Կոնկրետ սեռի երեխա պլանավորող ծնողները, աստղաբանի համոզմամբ, պետք է հատուկ դիետայով սնվեն, որովհետեւ գոյություն ունեն կանացի եւ տղամարդկային սննդամթերքներ: Օրինակ, տղա պլանավորող ծնողները հարաբերվելուց երկու ամիս առաջ պետք է ուտեն, այսպես կոչված, տղամարդկային սնունդ, հիմնականում՝ մսեղեն, դառը եւ աղի ուտելիքներ, եթե աղջիկ են ուզում ունենալ, պետք է ուտեն թթու եւ քաղցր: «Սնունդը խանգարող հանգամանք է: Եղել է դեպք, երբ տղա ցանկացող մայրը կերել է միայն քաղցր, բայց միշտ աղջիկ է ունեցել, մատերիալ չունի, որտեղի՞ց տղա ունենա»: Տիկին Էլյան բոլոր «արական եւ իգական սեռի» սննդամթերքների ցանկը ունի, որքան էլ զարմանալի է, այդ ցանկում խնձորը տղամարդկային միրգ է համարվում, տանձը՝ կանացի, խաղողը կանացի է, չամիչը՝ տղամարդկային:
Ըստ Է. Հովհաննիսյանի հաշվարկների, տարվա մեջ կան օրեր, երբ տվյալ կինն ու տղամարդը ոչ միայն չպետք է երեխա ունենան, այլ ընդհանրապես չպետք է հարաբերվեն, նույնիսկ՝ պաշտպանվելու դեպքում. «Այդ օրերը կոչվում են բացասական օրեր եւ երկուսի համար էլ անհաջողություն են բերում: Այդ օրերին սաղմնավորված երեխան էլ չարի մարմնավորում է լինում՝ բացասական լիցքերով»: Ինչ վերաբերում է պլանավորվող երեխայի բնավորության գծերին, դա հաշվարկվում է միայն կեսարյան հատման դեպքում. երեխան կարող է ծնվել արվեստագետ, գիտնական, կարող է լինել բացառիկ տաղանդավոր, խելացի, կարող է միայն ուժը զարգացած լինել ու դառնալ մարզիկ, կարող է պարզապես անկեղծ, սրտաբաց մարդ լինել: Ամեն մի մասնագիտության եւ բնավորության գծի համար հատուկ օր կա: Այսինքն՝ ծնողները չեն կարող իդեալական երեխա պլանավորել՝ բոլոր լավ հատկանիշները միասին: Երեխայի ճակատագրի մեջ մեծ դեր ունի նաեւ նրա անունը, ուստի ամուսինները աստղաբանի հետ պետք է համաձայնեցնեն նաեւ ապագա երեխայի անունը՝ նրա համար լավագույն ճակատագիրն ու հաջողակ կոդն ապահովելու համար: Օրինակ, եթե կոդը 5 թիվը լինի, դա դժբախտություն է բերում երեխային, լավ կոդ չէ: Հայերը սովորություն ունեն երեխայի անունը տատիկի կամ պապիկի անունը դնել, բայց դա, ըստ տիկին Հովհաննիսյանի, սխալ մոտեցում է. «Հնարավոր է այդ անունը պապիկին մեծ փառքի է արժանացրել, բայց կարող է լրիվ տապալել ու անհաջողության մատնել ծնվելիք երեխայի կյանքը՝ նրա համար վատ կոդ ապահովելով: Պետք չէ երեխային տալ նաեւ մեռած հարազատների անունը: Եղավ դեպք, երբ մի երեխայի անունը դրել էին մահացած ջահել հորեղբոր անունը, էնպես էր պատահել, որ երեխայի ծննդյան տվյալները լրիվ համապատասխան էին մեռած հորեղբոր տվյալի հետ, եւ երեխան նույն ճակատագիրն ունեցավ»:
Մեր զրույցի վերջում Էլյա Հովհաննիսյանը հայ ազգի համար մի նախազգուշացում արեց. «2010 թվականի ծնված երեխաների մեծ մասը լավ որակ չի տալիս, կոդը զրոներ են, ուստի խորհուրդ չի տրվում այդ թվականին երեխա ունենալ, նրանց դժբախտ ճակատագիր է սպասվում եւ տառապալից կյանք: Մի՛ բերեք այդ թվին երեխաներ»: Աստղաբանը վստահեցրեց, որ եթե բոլոր հայ ծնողները որոշեն պլանավորել իրենց ապագա երեխայի որակը, շատ շուտով մեր ազգը կունենա ավելի տաղանդավոր, գեղեցիկ, փայլուն կարողություններով սերունդ: