Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՆՇՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

Հուլիս 25,2009 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «ՀՀ-ում իշխանությունը յուրացրած հանցավոր վարչախումբը որպես բռնությունների իրագործման անմիջական գործիք օգտագործում է նաեւ կամակատար դատավորներին: Ի հեճուկս վարչախմբի՝ շինծու դատավարությունների ընթացքում օրինախախտումների դեմ արդյունավետ եւ անզիջում պայքար են իրականացրել քաղբանտարկյալների եւ հալածյալների փաստաբանները, որոնք արժանապատվորեն կատարել եւ կատարում են իրենց մասնագիտական պարտքը: Վարչախումբը, չհանդուրժելով, որ փաստաբանները մերկացրել են դատավարությունների ընթացքում թույլ տրվող բազմաթիվ ճչացող օրինախախտումները, քրեական հետապնդում են սկսել քաղբանտարկյալների փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի եւ Դիանա Գրիգորյանի նկատմամբ: Նրանք մեղադրվում են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, քանի որ որպես դատավարական կամայականության դեմ բողոքի նշան լքել են դատական նիստերի դահլիճը: Հայտարարված համաներումը տարածվում է փաստաբանների վրա, սակայն նրանք հրաժարվել են դրանից եւ պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել օրինազանց դատավորներ Արշակ Պետրոսյանին եւ Եվա Դարբինյանին: Ակնհայտ է, որ կայացվելիք կանխատեսելի մեղադրական դատավճիռների արդյունքում դադարեցվելու է փաստաբանների արտոնագրերի գործողությունը, եւ նրանք զրկվելու են մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունից: Դա արվելու է դատավորների գործած հանցավոր արարքները պարտակելու նպատակով: Համարելով, որ փաստաբանի մասնագիտական պարտքն է իրականացնել իր վստահորդի շահերի պաշտպանությունը, հարգելով փաստաբանի մասնագիտական անկախությունը, ընդգծելով նշված եւ այլ փաստաբանների հանդես բերած քաղաքացիական խիզախությունը, նրանց կոչ ենք անում. օգտվել հայտարարված համաներման ընձեռած հնարավորությունից, համաձայնել համաներման հիմքով կարճել իրենց նկատմամբ հարուցված կեղծ քրեական գործերը ու դրանով իսկ պահպանել իրենց փաստաբանական գործունեության արտոնագրերը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել