Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, հուլիսի 23-ին, 17.50-ին, ոտնաթաթերի մասում ստացած հրազենային վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 33-ամյա Կարեն Բ.-ն (խոսքն, ըստ ամենայնի, քրեական հեղինակություն Կարեն Բագրատունյանի մասին է- խմբ.): Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Ռոստովյան փողոցի թիվ 19 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ ապօրինի պահվող հրազենով Կարեն Բ.-ի վրա կրակել եւ նշված վնասվածքները պատճառել է 1970 թ. ծնված, նախկինում դատված Արսեն Գ.-ն: Հուլիսի 24-ին Արսեն Գ.-ն մեղայականով ներկայացել է բաժին եւ ներկայացրել 9 մմ տրամաչափի «Բայկալ» տիպի ատրճանակ՝ մեկ պահունակով՝ առանց փամփուշտների:
Հիշեցնենք, որ Արսեն Գ.-ն «Բոկո» մականունով քրեական հեղինակություն է, որը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ խոչընդոտում էր «Առավոտի» լրագրողի աշխատանքը՝ «անարգել» ընտրակեղծիքներ կատարելու նպատակով:
Էրեբունի համայնքում ունեցած հրազենային միջադեպը, ինչպես lragir.am-ի աղբյուրներն են նշում, շարունակությունն է շատ ավելի վաղ տեղի ունեցած մի միջադեպի, որը կապված էր պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» խանութների ցանցում տեղի ունեցած միջադեպից հետո առաջացած բախման, որի մասնակիցներից է եղել նաեւ Կարեն Բ.-ն: Բանն այն է, որ մի քանի տարի առաջ «Երեւան Սիթի» խանութների ցանցի խանութներից մեկում դրամարկղի աշխատակցուհիներից մեկի մոտ դրամի պակասորդ էր եղել, ինչի պատճառով էլ խանութի ղեկավարներից մեկն այդ աշխատակցուհուն “պատանդ” էր վերցրել, մինչեւ որ չվերադարձվի պակասորդը: Աշխատակցուհու հարազատները “պատանդ” պահված իրենց աղջկան “գերությունից” ազատելու համար դիմել էին հայտնի թաղային հեղինակություն Թեւոսիկին, որն էլ իր հերթին գործին խառնել էր Էրեբունու թաղային հեղինակություններից մեկին՝ Կարեն Բ.-ին՝ հայտնի Սամբիստ մականունով: Կարեն Բ.-ն դաժան հաշվեհարդար էր տեսել աղջկան “պատանդ” վերցրած խանութպանի հետ՝ դրա հետ մեկտեղ հայհոյելով նաեւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, երբ ծեծվողը փորձել է պաշտպանվել նրա անունով: Հայտնի չէ՝ կներե՞ր արդյոք խանութպանի ծեծը Սամվել Ալեքսանյանը, բայց այդ ծեծի ընթացքում իր հասցեին հնչեցրած հայհոյանքները նա չներեց: Արդյունքում իրավապահները հարուցեցին քրեական գործ, որի հետեւանքով Կարեն Բ.-ն հայտնվեց ազատազրկման մեջ: Սակայն համաներման մասին հայտարարությունից օրեր անց նա ազատվեց: Եվ Էրեբունիում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ Կարեն Բ.-ին հրազենով վիրավորել է Սամվել Ալեքսանյանի շրջապատին վերագրվող անձը, ըստ երեւույթին, տարիների պատմություն ունեցող իրադարձության շարունակությունն է: