Լրահոս
Օրվա լրահոսը

Մադրիդյան սկզբունքները չեն բխում Հայաստանի շահերից

Հուլիս 25,2009 00:00

Պնդում է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ հիմնավորում իր գնահատականը

Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված Հայաստանի ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանին «Առավոտը» խնդրեց փոքրիկ համեմատական վերլուծություն կատարել՝ արդյոք կարգավորման 1997-ի ծրագիրը, որի ջատագովներից մեկն էլ ինքն էր՝ ավելի լա՞վն էր, քան այժմ գաղտնազերծված Մադրիդյան 6 սկզբունքները, հաշվի առնելով, որ այդ երկու ծրագրերով էլ նախատեսվում էր տարածքների վերադարձ եւ հետաձգվում էր ԼՂ կարգավիճակի որոշման խնդիրը: Ի պատասխան՝ պրն Արզումանյանը նախ նշեց. «Ժամավաճառություն է, երբ համեմատում ես ինչ-որ մի փաստաթուղթ, որը քննարկվում է, մի բանի հետ, որն այլեւս չկա սեղանին»: Նաեւ ընդգծեց. «Անհնար է ձեւակերպված փաստաթուղթը, որն արդեն որպես բանակցությունների արդյունք եւ համաձայնագրի տեքստ առաջարկվում է կողմերին՝ համեմատել սկզբունքների հետ: Պետք է սկզբունքներից բխող մի փաստաթուղթ ներկայացվի»: Այնուամենայնիվ՝ ըստ ԱԳ նախկին նախարարի՝ Մադրիդյան բոլոր 6 սկզբունքներն «անընդունելի են թե՛ Հայաստանի Հանրապետության եւ թե՛ Լեռնային Ղարաբաղի համար: Դրանք չեն բխում Հայաստանի ազգային շահերից: Նման սկզբունքների վրա ձեւակերպված ոչ մի փաստաթուղթ չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար»:

Եվ այս կապակցությամբ նախ անդրադարձավ զորքերի դուրսբերման հարցին. «Մինչ այս հրապարակված սկզբունքները՝ մշտապես խոսք է եղել հայկական կամ ԼՂ-ի զորքերի դուրս քաշման մասին, ինչը ենթադրում է լրացուցիչ այլ համաձայնագրեր՝ դուրս քաշելուց հետո այդ տարածքում ի՞նչ ռեժիմ է գործելու, ո՞վ է զորքեր մտցնելու, դրանք ի՞նչ սպառազինություններ են ունենալու, ադրբեջանական ոստիկանական ուժերը հնարավորություն ունենալո՞ւ են վերադառնալ այդ տարածքներ, ի՞նչ սպառազինությամբ եւ այլն: Իսկ այժմ սկզբունքի ձեւակերպո՛ւմն է արդեն անընդունելի: Խոսքը ոչ թե զորքերի դուրս քաշման, այլ տարածքների վերադարձի մասին է՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո»:

Հետո անդրադարձավ ԼՂ կարգավիճակի խնդրին՝ հիշեցնելով, որ Մադրիդյան սկզբունքներում նշվում է, թե պայմանագիրը ստորագրելուց հետո Լեռնային Ղարաբաղին տրվելու է միջանկյալ կարգավիճակ, որը կապահովի ժողովրդի անվտանգությունն ու ինքնակառավարումը: «Ինքնակառավարում բառն ինքնըստինքյան շատ մտահոգիչ է, որովհետեւ 10 տարուց ավելի է՝ ՀՀ իշխանությունները թմբկահարում են որպես հաջողության վառ ապացույց այն, որ ազգերի ինքնորոշումը դարձել է հիմք՝ բանակցային գործընթացներում: Եվ այսօր ընտրվել է ինքնորոշման դրսեւորումներից նվազագույնը՝ ինքնակառավարում,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:- Եթե ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակը լինելու է ինքնակառավարում՝ Ադրբեջանի ունիտար հանրապետությունում, սա բացարձակապե՛ս անընդունելի է: Եվ ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի բավարարման նշույլ իսկ չկա»:

ԱԳ նախկին նախարարն անդրադարձավ նաեւ հնարավոր հանրաքվեի մասին սկզբունքին, որը 1997-ի ծրագրից գլխավոր տարբերությունն է: Հիշեցրեց, որ Մադրիդյան սկզբունքներում խոսքը իրավական ուժ ունեցող կամարտահայտության մասին է. «Սա բավական հեղհեղուկ ու շատ վտանգավոր ձեւակերպում է, որի տակ կարելի է հասկանալ ցանկացա՛ծ բան. օրինակ՝ Բակո Սահակյանի հայտարարությունն առ այն, որ ըստ իրեն՝ ԼՂ-ի ողջ ազգաբնակչությունը կցանկանար ունենալ այսպիսի կարգավիճակ»: Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ կա միջազգայնորեն ընդունված «ռեֆերենդում» եզրույթը, որը նաեւ վերջին տարիներին ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվել է որոշ տարածքներում եւ պարտադիր է եղել կողմերի համար. «Եթե դու օգտագործում ես մեղմասացություն եւ հանրաքվեի փոխարեն կիրառում ինչ-որ անհասկանալի, իրավաբանորեն անընկալելի մի արտահայտություն՝ նշանակում է, որ ռեֆերենդումի վերաբերյալ որեւէ համաձայնություն դեռեւս չկա, եւ բանակցությունների ընթացքին համապատասխան՝ այդ եզրույթը կփոխարինվի մեկ այլ՝ կողմերի կամ Ադրբեջանի համար ընդունելի ձեւակերպմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել