Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՇՏՊԱՆ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ

Հուլիս 25,2009 00:00

\"\"Սամվել Նիկոյանի մասին ասում է «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնախմբի ղեկավար Սուրեն Աբրահամյանը:

– Ձեր հանձնախումբն էլ է գնահատական տալու 2008-ի մարտի 1-ին ուժային կառույցների գործողություններին: Մինչդեռ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն արդեն իսկ հրապարակել է իր գնահատականը, թե «Չերյոմուխա» օգտագործած ոստիկանների գործողություններն անհամաչափ չէին, եւ ընդհանրապես՝ «Բացահայտ է, որ ոստիկաններն ընդամենը դիմակայել են ցուցարարներին ու հասարակական կարգը պահպանելու գործողություններ են ձեռնարկել։ Իսկ իրադարձությունների նախաձեռնողը եւ ակտիվ կատարողը, իրավիճակ թելադրողը եղել են ցուցարարները եւ նրանց ղեկավարները»: Համաձա՞յն եք այս պնդումներին:

– Ուշադիր կարդացել եմ Սամվել Նիկոյանի վերջին՝ այդ կարգի բոլոր հարցադրումները, եւ պետք է ասեմ, որ նա իր նախորդ ելույթների համեմատ՝ կտրուկ փոխել է շեշտադրումները, այն բանից հետո, երբ ստանձնեց նաեւ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը: Եթե նախկինում պրն Նիկոյանը գոնե փորձում էր ցուցաբերել անկողմնակալ վերաբերմունք՝ այսօր, ցավոք, գնահատականները դարձել են շատ հոխորտալից, եւ բացի այդ՝ նա բացահայտ արդարացնում է իշխանությունների գործողությունները՝ հանդես գալով փաստաբանի եւ ոչ հանձնաժողովի նախագահի կարգավիճակով:

– Սամվել Նիկոյանը մինչ այս հանձնաժողովը գլխավորելը՝ մարտի 1-ից հետո էլ էր հրապարակավ հայտնել իր դիրքորոշումը տեղի ունեցածի պատճառների մասին եւ պատասխանատուն համարել բացառապես ընդդիմությանը: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ նա վերահաստատում է իր այդ տեսակետը, եւ հանձնաժողովի գործունեության 1,5 տարին այդ առումով չփոխեց ոչինչ:

– Ավելի՛ն ասեմ՝ նա ոչ թե միայն վերադարձել է իր նախկին կեցվածքին, այլ ավելի ագրեսիվ վարքագիծ է դրսեւորում: Բայց նրա գնահատականները ոչ մի լուրջ հիմք չունեն, բացի իր «բարձրյալին» հաճոյանալու ձգտումից:

Ցավոք, Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ վնասն էր մեր պետությանը, որ իրավական համակարգը մխրճեց քաղաքական բանավեճերի հորձանուտի մեջ: Սակայն մեր պայքարն իշխանությունների դեմ էր եւ ոչ ոստիկանության, որը միայն նրանց ձեռքի մահակն էր: Բայց Նիկոյանն արդեն իշխանություն եւ ընդդիմություն համատեքստից նեղացրել ու խնդիրը ցանկանում է լուծել զուտ ոստիկանություն ու ցուցարարներ բանաձեւումով:

– Արդյոք այդ մասին վկայո՞ւմ է նրա պնդումը, թե ժամանակավոր հանձնաժողովն անաչառ լինելու եւ ամբողջական գնահատական տալու համար պետք է անդրադառնա նաեւ «արմատական ընդդիմության առաջնորդների գործունեությանն ու վարքին, ցուցարարներին ղեկավարելու դրսեւորումներին։ Նաեւ պետք է հստակեցնել այս առնչությամբ մեր գնահատականը գոնե բարոյական հարթությունում»:

– Հանձնաժողովի գործունեությունն ունի իրավական որոշակի հիմք՝ ԱԺ որոշմամբ սահմանվել են հստակ խնդիրներ, որոնք պետք է լուծեր այս հանձնաժողովը: (Հիշեցնենք, որ հանձնաժողովի խնդիրներն են՝ մարտի 1-2-ին տեղի ունեցած բռնությունների ու նաեւ՝ ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության ուսումնասիրությունը, զոհվածների մահվան հանգամանքների ճշտումը եւ նման իրադարձությունների կրկնումը բացառող քաղաքական, իրավական եւ այլ լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը: Ընդդիմության առաջնորդների վարքին գնահատականներ տալու մասին ԱԺ որոշման մեջ խոսք չկա.- Ա. Ի.): Իհարկե, իրենց կարող են իրավունք վերապահել ե՛ւ քաղաքական գնահատականներ տալ, ե՛ւ մասնագիտական (եթե խելքները կտրի), ե՛ւ իրավական գնահատական: Եվ եթե նամուսով-պատվով այս բոլոր գործառույթներն իրականացրած լինեին՝ վերջում կարելի էր անդրադառնալ նաեւ զուտ բարոյական կողմին: Բայց եթե ի սկզբանե հայտարարում են, թե հանձնաժողովի եզրակացությունն աշնանն այդ տեսանկյունից են ներկայացնելու՝ արմատական (ի՜նչ էլ բառ են հնարել) ընդդիմություն եւ նրա առաջնորդների բարոյական նկարագիրը, ապա դա ոչինչ չարժեցող թուղթ է լինելու ընդամենը: Չնայած ասեմ նաեւ, որ երբեւէ չէի էլ ակնկալում, թե մեր երկրում, որտեղ չկա օրենսդիր իշխանություն՝ նորմալ, իրավիճակը բնութագրող զեկույց էր ներկայացվելու:

– Սամվել Նիկոյանն արդեն մի քանի ԶԼՄ-ների է հայտնել՝ հանձնաժողովը պետք է անդրադառնա այն փաստին, թե «արմատական առաջնորդները թույլատրել էին», որ փետրվարի 29-ին ցուցարարների հետ Թատերական հրապարակում գիշերի մի անչափահաս աղջիկ, թեեւ իրազեկված էին, որ առավոտյան ոստիկանները հրապարակը ցուցարարներից ազատելու օպերացիա են իրագործելու։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստարկին:

– Փառք ու պատիվ իրենց՝ փայլո՜ւն բացահայտում էր, որ 300-400 հազարանոց այդ հանրահավաքների ժամանակ ներկա է եղել նաեւ անչափահաս մի աղջիկ: Իր հասարակական նշանակալիության եւ արժեքի տեսակետից՝ այս բացահայտումը համարժեք է Շոթա Վարդանյանի «երիտասարդ խոճկորի ծնոտի» վերաբերյալ բացահայտմանը՝ նույն մակարդակի են:

Մի հին խորհրդային անեկդոտ կա՝ «Ռոսիա» հյուրանոցի վերելակում հարբած ռուսի փսխոցից տարածված գարշահոտությունը մեղմելու համար արտասահմանցի տուրիստը սիգար է վառում: Բայց փսխած ռուսը նրան նկատողություն է անում, թե մեզ մոտ վերելակում չեն ծխում: Ներողություն եմ խնդրում այս համեմատության համար: Բայց երբ սեփական ժողովրդի դեմ զորք էին հանել՝ տանկերով, հրանոթներով եւ անմարդկային ու հիվանդագին դաժանությամբ ցուցարարներին ծեծում էին, դրանից հետո էլ՝ գնդակահարում, անչափահաս աղջկա հրապարակում լինել-չլինելու փաստարկ բերելն առնվազն մտավոր ունակություններով ոչ հարուստ մարդու արած է: Ո՞նց կարելի է 10 զոհի պարագայում այդ փաստը բարոյական հարց դարձնել՝ մեղադրելով ընդդիմությանը: Պատկերացնո՞ւմ եք, թե հանձնաժողովի նախագահն այս ինչերի՜ց է կառչել. ուրեմն, իրենք բացարձակապե՛ս ասելիք չունեն:

Եվ հետո՝ Սամվել Նիկոյանի վերջին հարցազրույցներն ինձ ապշեցնում են իր՝ մեր ոստիկանները-նրանց ցուցարարները բաժանումով: Նույնիսկ ես, որ ընդդիմության ներկայացուցիչ եմ՝ անգամ ամենասրիկա ոստիկանին չեմ վանում ինձնից. մեր հանձնախումբը նրանց գործողությունների՛ն գնահատական կտա, բայց վերջին հաշվով՝ նրանք էլ մեր ժողովրդի մի հատվածն են:

– Շոթա Վարդանյանին հիշատակեցիք: Պարզվում է՝ Սամվել Նիկոյանին համոզել է նրա եզրակացությունը, թե Գրիգոր Լուսավորչի պողոտայում արյան մեջ շաղախվածը հենց խոճկորի ծնոտ է: «Կա՞ մեկ մարդ Հայաստանում, որն առանց ծնոտի է: Կարծում եմ՝ չէ,- «Ա1+»-ին ասել էր Սամվել Նիկոյանը:- Եթե որեւէ մեկը գիտի, որ կա զոհ՝ առանց ծնոտի, կա 11-րդ զոհը՝ խնդրեմ, ասեք, միասին գնանք ճշտենք: Չկա՛ նման բան»:

– Անկեղծ ասած՝ ապշած եմ. գոնե այս հարցում կարող էր մի քիչ զգույշ լինել: Երեւի ոստիկաններն ավելի լավ դատապաշտպան չէին կարող ունենալ: Թեւերը քշտած՝ նրանց այնպե՜ս է պաշտպանում, որ ողջ հանրությանը շուրջ մեկ ամիս զվարճացրած թեմային է նորից անդրադառնում: Դրա համար եմ ասում՝ Շոթա Վարդանյանից բացարձակապե՛ս ոչնչով չի տարբերվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել