Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆԱ՞Ն ԲՀԿ-ԱԿԱՆ ԵՎ ՀՀԿ-ԱԿԱՆ ՂԱԶԱՐՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄ

Հուլիս 25,2009 00:00

\"\"Ըստ Գալուստ Սահակյանի՝ որ հային էլ հարցնես, կասի՝ կգնամ պատերազմ

ԼՂՀ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերջերս ասուլիսում հայտարարել էր, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, սակայն ըստ նրա՝ ոչինչ չի շահի, ընդհակառակը՝ ետ կմղվի Կուր գետից այն կողմ եւ կունենա հազարավոր փախստականներ: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հիշեցնելով Սամվել Բաբայանի այս մտքերը՝ «Առավոտը» ուզեց պարզել՝ հավանական պատերազմի դեպքում մեր բանակից բացի, արդյոք մարտի կգնա՞ն նաեւ կամավորականներ, ինչպես եղավ արցախյան ազատամարտի ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանի կոչով հավաքվեց մահապարտների գունդը: Եվ արդյոք Հանրապետական կամ «Բարգավաճ» քանի՞ պաշտոնյայի, պատգամավորի որդի կամ հարազատ կմեկնի՝ պաշտպանելու Արցախը եւ Հայաստանը: Ի պատասխան՝ Հանրապետական խմբակցության ղեկավարն ասաց. «Ղարաբաղյան պատերազմն այլ աշխարհաքաղաքական պայմաններում տեղի ունեցավ, եւ ոչ միայն մեզանում, այլ ընդհանրապես նախկին միության շարքերում որոշակիորեն ջոկատային, ֆիդայական շարժումներ տեղի ունեցան: Ինչ վերաբերում է՝ մեր ազգից կգնա՞ն, ես մեր ազգի արյանը հավատում եմ, եւ դա միայն իմ մեջ չի եւ Սամվել Բաբայանի մեջ չի: Յուրաքանչյուր հայ գյուղացու արյան մեջ այդ արյունը կա»: Մենք հստակեցրինք, որ գյուղացիներին եւ շարքային քաղաքացիներին նկատի չունենք, այլ՝ ՀՀԿ-ԲՀԿ-ական վերնախավից քանիսի՞ որդին կգնա: Գալուստ Սահակյանը սրա պատասխանը եւս ուներ. «Էսօր որ հային էլ հարցնենք, կասի՝ ես կգնամ պատերազմ: Ժամանակը հերոսացնում է ազգին, մեր ազգն անընդհատ պատմության մեջ հերոսացման ճանապարհով է գնացել: Կարող է՝ դավաճաններ ավելի լինեն, բայց հերոսներ անպայման կգտնվեն»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոսեց նաեւ «Ժառանգության» մասին եւ ասաց. «Վերջերս «Ժառանգությունը» նամակ գրեց երկրի նախագահին, թե՝ հրաժարական տվեք եւ նոր ընտրություն անցկացրեք: Որովհետեւ մարդկային մի խումբ կա, որ կամ Ղարաբաղի հետ չի առնչվել, կամ մասամբ է առնչվել եւ իր նախածնողի պատմությունն էլ չգիտի: «Ժառանգության» ստեղծողը Րաֆֆի Հովհաննիսյանն է: 92 թվականին, երբ Նախարարների կոմիտեի փաստաթղթի տակ ստորագրվեց, ստորագրողը Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Փաստաթղթում գրված էր՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է: Այսօր «Ժառանգությունը» վերցրել է մեր զենքը, ինչ ես հիմա ասում եմ՝ Ղարաբաղը մերն է, եւ հրաժարական է պահանջում նախագահից: Առավել եւս, 92-ին միտինգներ տեղի ունեցան, այդ ժամանակ թիվ մեկ գրանցված կուսակցությունը Հանրապետական կուսակցությունն էր, եւ երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանը բոլոր ընդդիմադիր ուժերի հետ պահանջում էր, որպեսզի մեր պետությունը ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Այն ժամանակ եթե ճանաչած լինեինք, հիմա մեր դիվանագիտական կորպուսը մեկ այլ ճանապարհով կգնար»:

«Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում հակադարձելով Գալուստ Սահակյանին՝ ասաց. «Շատ հետաքրքիր է, որ ճանաչումն այդքան արդիական է եղել 92 թվականին ու հանկարծ արդիականությունը կորցնում է այսօր, երբ ուղղակի մադրիդյան սկզբունքների ենք բերել, եւ հիմա իշխող խմբակցության ղեկավարն այդպես տարօրինակ ձեւով ետ է մղում ճանաչումը որպես անհրաժեշտ քայլ: Եթե դա ուղղակի քաղաքական խանդի տեսարան է, ապա ես կոչ եմ անում ամեն ինչ դնել մի կողմ եւ լրջորեն քննարկել, թե ինչու է ԱԺ-ն դեմ քվեարկել ճանաչման մասին մեր առաջարկին: Ես կրկնում եմ, կոչ եմ անում՝ անցնել լուրջ քննարկումների»: 92 թվականին տիկին Ալավերդյանը եղել է խորհրդարանում ԼՂ հարցերի հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ. «Այո, եղել է նման փաստաթուղթ: Դրա շուրջ եղել են բավականին արձագանքներ, մեկը եղել է Ժիրայր Լիպարիտյանի կողմից, եւ նա այն ժամանակ ասաց, որ սա գործընթացի սկիզբն է, եւ քանի որ մենք ունենք խնդիր ԵԱՀԿ-ի շրջանակներում կոնֆլիկտների լուծման, ուրեմն սա դրական է: Իմ կարծիքը եղել է բացասական: Իսկ Նախարարների կոմիտեի այդ փաստաթղթի մասին ասեմ, որ անկախ նրանից, թե ով ինչի տակ է ստորագրել, պետք չէ մոռանալ, որ ստորագրել է պետությունը եւ ոչ թե նախարարը: Երկրորդը, անգամ այդ ստորագրությունից առաջ միակ եւ աննախադեպ մի քայլ է իրականացվել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: ԼՂՀ-ն ԱԳ նախարարին էր ուղարկել մի դիմում՝ ԼՂՀ ճանաչման մասին, որը պետք է պաշտոնապես տարվեր ՄԱԿ: Եվ այդ փաստաթուղթը պաշտոնապես տարածվել է: Դա եղել է միակ փաստաթուղթը, որը գնացել է ՄԱԿ եւ տարածվել է այն ժամանակվա ԱԳ նախարարի (Րաֆֆի Հովհաննիսյանի) ձեռքով: Իսկ պարոն Սահակյանի այս ելույթները խոսում են այն մասին, որ մինչ այսօր պետական նշանակության խնդիրների շուրջ իշխում է միջանձնային հարաբերությունների տրամաբանությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել