Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՌԱՏՈՆ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

Հուլիս 24,2009 00:00

24 օր՝ ժամը 21:00-ից մինչեւ 22:30-ը, երեւանյան երեկոները կողողվեն բարձրակարգ երաժշտությամբ: «Բաց երաժշտություն» փառատոնը, որը կմեկնարկի հուլիսի 30-ին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 21-ը, իր ծավալով, համերգային ծրագրերով եւ բազմաժանրությամբ հայաստանյան իրականության մեջ աննախադեպ է: Դահլիճի համար հատուկ ձայնային տեխնիկա է բերվել գերմանական Stage tech կազմակերպությունից: Փառատոնը բաղկացած է հայկական, դասական եւ համաշխարհային երաժշտությանը նվիրված 23 առանձին համերգներից, որոնց ընթացքում ելույթ կունենան ոչ միայն հայ երաժշտության ամենավառ ներկայացուցիչները, այլեւ մեր ժամանակների համաշխարհային հռչակ վայելող արտասահմանյան երաժիշտներ, խմբեր ու կատարողներ, այդ թվում՝ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, կլարնետահար Միշել Լեթիեքը, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին, մեցցո-սոպրանո Աննա Մարիա Քյուրին, ինչպես նաեւ Կոնստանտին Օրբելյանը, Աննա Մայիլյանը, Արաքս Դավթանը, Տիգրան Համասյանը, Կարեն Շահգալդյանը եւ ուրիշներ: Փառատոնի նախաձեռնողն է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը, հովանավորները՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, «Վիվա Սել–ՄՏՍ»-ը, «Կոնվերս» բանկը, «Ջինիշյան» հիմնադրամը: Ինչպես երեկ կայացած ասուլիսի ժամանակ մեկնաբանել է փառատոնի նախաձեռնող եւ ղեկավար Արամ Ղարաբեկյանը՝ «բաց»-ը նախ խորհրդանշում է բացօթյա, սակայն նաեւ բաց սրտերի, ինչպես նաեւ՝ երաժշտական բազմազանության մասին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել