Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՏԱՐԵՐՔՆ Է»

Հուլիս 24,2009 00:00

\"\"«Ֆոտոխցիկն իմ անբաժան ընկերն է, երբեք պայուսակիցս չեմ հանում»,- ասում է երիտասարդ լուսանկարիչ, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի գրաֆիկայի եւ դիզայնի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Թորոսյանը: Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց նրա առաջին անհատական ցուցահանդեսը: «Լուսանկարչությունն իմ հոբբին է, որով արդեն երկու տարի է՝ տարված եմ: Այս ցուցահանդեսով փորձում եմ ներկայացնել այն ամենն, ինչ կարողացել եմ այս ընթացքում ֆիքսել ֆոտոխցիկովս: Լուսանկարչությունն իմ տարերքն է, խոսելու, հաղորդակցվելու տեսակ, իրականությանը իմ պատուհանից դիտելու հնարավորություն, ինքս ինձ բացահայտելու միջոց: Ինձ թվում է՝ ինձ կարելի է ճանաչել իմ աշխատանքներով: Օրինակ, մի աշխատանք ունեմ այս հավաքածուի մեջ՝ պարանի վրա լվացքի ամրակներ: Այս 25 աշխատանքներիս միջից դրանում եմ ինձ գտնում, այդ ամրակներն ինձ պես խենթ են ու ծուռ»:

Ներկայացված աշխատանքների մեջ կան բնապատկերներ, դիմանկարներ, ինքնանկարներ: «Ընդհանրապես բնապատկերներ եմ անում, բայց այս հավաքածուիս մեջ գերիշխում են դիմանկարները: Դրանք ինձ հոգեհարազատ մարդիկ են, պատահական անցորդներ, որոնց մեջ ես կյանք եմ գտել: Բայց հիմնականում այն դեմքերն եմ նկարում, որոնք առաջին հայացքից տեղ են գտնում սրտիս մի անկյունում, դրանք վատ կացության մեջ գտնվող մարդիկ են, որոնք պայքարում են ապրելու ու գոյատեւելու համար՝ մեկը մուրացկանություն է անում, մյուսը՝ գերեզմանոցում առեւտուր…»:

Նկատեցինք, որ հեղինակի բոլոր լուսանկարները սեւ-սպիտակ ֆոնի վրա են. «Այդ ֆոնի վրա ես ինձ ավելի ազատ եմ զգում, ավելի ապահով եւ կարողանում եմ արտահայտել այն, ինչ ցանկանում եմ»: Ցուցահանդեսը կգործի մինչեւ հուլիսի 27-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել