Լրահոս
Օրվա լրահոսը

Թիմային հինգերորդ տեղ

Հուլիս 24,2009 00:00

\"\"
48 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Արտակ Հովհաննիսյանը՝ պատվո պատվանդանի առաջին աստիճանին:

Սերբիայում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ազատ ոճային ըմբիշներն ավարտեցին պայքարը: 

Եզրափակիչ օրը Հայաստանի հավաքականն իր հաշվարկում գրանցեց եւս մեկ բրոնզե մեդալ: Մինչեւ 63 կգ քաշային կարգում Էմին Գեւորգյանը երրորդ տեղի համար պայքարում առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Ռուստամ Ջաֆարյանի նկատմամբ եւ բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Սերբիայում նվաճեց մեկ ոսկե, երեք բրոնզե մեդալ, ունեցավ 5-րդ տեղ զբաղեցրած եւս երկու մրցանակակիր եւ վաստակած մեդալների քանակով թիմային պայքարում 20 երկրների մեջ գրավեց 5-րդ տեղը: Թիմային նման հաջողություն վաղուց չէր եղել, թեեւ Եվրոպայի առաջնություններում, բացի անցած տարվանից, մեդալներ ունեցել ենք:

Այսօր գիշեր մեր պատանի ազատ ոճայինները պետք է վերադառնային Երեւան: Իսկ երեկ Սերբիա մեկնեց մեր հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան հավաքականը: Մարզիչ Գագիկ Խաչատրյանը թիմում ընդգրկել է հետեւյալ մարզիկների. 42 կգ՝ Ալբերտ Վարդանյան, 46՝ Աշոտ Խաչատրյան, 50՝ Լյուդվիգ Քոչարյան, 54՝ Սարգիս Քոչարյան, 58՝ Արթուր Պետրոսյան, 63՝ Վահե Սիմոնյան, 69՝ Հայկ Նավասարդյան, 84՝ Ալեքսան Հովհաննիսյան:

Երեկ հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայում մեզ տեղեկացրին, որ կազմակերպիչները մրցումները սպասարկելու նպատակով հրավիրել են նաեւ միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել