Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՐԱԳԻՐԸ ԼԻՈՎԻՆ ԿԱՏԱՐԵՑ

Հուլիս 24,2009 00:00

Բելառուսի մայրաքաղաքում անցկացվեց հրապարակային հեծանվավազքի 18-19 եւ 20-23 տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությունը

\"\"
Սուրեն Պետրոսյանի մրցելույթները Մինսկում արժանացել են հեծանվային սպորտում ճանաչված եւ ամենուր մեծագույն հարգանք վայելող վաստակաշատ մարզիչ, Սանկտ Պետերբուրգի հավաքականի մարզիչ Ալեքսանդր Կուզնեցովի ուշադրությունը:

Մինսկի նորակառույց հեծանվահրապարակում պայքարում էին 28 երկրների ներկայացուցիչներ:

Հայաստանից մրցավայր մեկնել էր միայն «Հայաստան» մարզական միության եւ ՖԻՄԱ-ի սան, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող Սուրեն Պետրոսյանը: Նա հանդես եկավ կրտսեր տարիքային խմբում եւ մասնակցեց միավորներով խմբային վազքին եւ սկրեչին:

Երկու մրցաձեւերում էլ մարզիչ Աշոտ Խաչատրյանի սանը լիովին կատարեց իր առջեւ դրված առաջադրանքը՝ եզրափակիչ մեկնարկներին մասնակցելու իրավունք նվաճելով: Խմբային վազքում Սուրենը 1/16 եզրափակիչում 32 մրցակիցների հետ պայքարում գրավեց 15-րդ տեղը, իսկ եզրափակիչում՝ 100 շրջան՝ 10 միջանկյալ եզրագիծ, 24 լավագույնների մեջ ճանաչվեց 15-րդը: Սկրեչում հայ հեծանվորդը որակավորման փուլում, որտեղ հանդես էին գալիս 30 հեծանվորդներ, ցույց տվեց 7-րդ արդյունքը եւ կրկին անցավ եզրափակիչ, որտեղ, սակայն, 20 մրցակիցների հետ պայքարում գրավեց 11-րդ տեղը:

Երեկ Սուրենի մարզիչ Աշոտ Խաչատրյանը, որը նաեւ նրա հայրն է, եկել էր խմբագրություն: Նա պատմեց, որ Մինսկի հեծանվային վազքուղիներում հանդես էին գալիս մարզաձեւի գերտերությունների համբավ ունեցող հեծանվորդներ, եւ պայքարն ավելի քան անզիջում էր ու դաժան: «Պահեր եղան, երբ Սուրենը կարող էր պայքարի շեշտը դնել միավորների վրա եւ ավելի բարձր տեղեր գրավել,- ասաց նա:- Սակայն մենք մեր առջեւ այս անգան ավելի համեստ նպատակ էինք դրել՝ եզրափակիչ մեկնարկներին մասնակցելու իրավունք ձեռք բերել: Եվ նա այդ խնդիրները լուծեց գերազանց: Մինսկում բավականին հետաքրքիր իրադարձություններ կատարվեցին: Նախ ասեմ, որ մասնակից հավաքականների մեծ մասը ժամանել էր «մինչեւ ատամները զինված»: Նրանց հեծանիվներն իրենց որակով մի քանի անգամ գերազանցում էին մեր ունեցածին: Բացի դա, մեր մրցակիցների թիմերն ամբողջական կազմով էին եկել՝ մարզիչներով, բժիշկներով, սպասարկող տեխնիկական անձնակազմով: Էլ չեմ խոսում նյութապես լիարժեք ապահովվածության մասին: Իսկ Հայաստանից միայն ես էի եւ իմ սանը: Իսկ երբ մենք երկու մրցաձեւերում էլ անցանք եզրափակիչ՝ այդ իրավունքից զրկելով հեծանվային սպորտի գերտերությունների բազմաթիվ ուժեղ մարզիկների, նրանց մարզիչներից մեկը, տեղեկանալով, որ մենք ուսումնամարզական հավաքներ չենք անցկացրել եւ բացի մայիսին անցկացված հանրապետության առաջնությունից ստուգողական այլ մեկնարկներ չենք ունեցել, հենց մեր ներկայությամբ մատնացույց արեց Սուրենին՝ իրենց հեծանվորդներին կշտամբելով, որ, ի տարբերություն մեզ, իրենք կազմակերպական բոլոր խնդիրները ժամանակին լուծել են՝ ներառյալ ամսական բարձր աշխատավարձերը: «Նայեք ձեր առնվազն 12 հազար եվրո արժեցող ժամանակակից հեծանիվներին եւ դրանք համեմատեք հայաստանցու միջին որակի մեքենայի հետ: Նա, այդուհանդերձ, կարողացավ շրջանցել ձեզ եւ դուրս մղել պայքարից: Նայեք եւ ամաչեք»,- հայտարարեց այդ մարզիչը»:

Աշոտ Խաչատրյանը, խոսելով առաջիկա ծրագրերի մասին, տեղեկացրեց, որ ինքն ու իր սանը սկսում են նախապատրաստվել օգոստոսին Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ Սուրեն Պետրոսյանը կրկին հանդես է գալու հրապարակային հեծանվավազքում, իսկ խճուղային վազքին կմասնակցի Արամ Մելիքյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել