Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՉՄԵՌՆԵԼ

Հուլիս 24,2009 00:00

\"\"Հայաստանի համար տնտեսական անկման պայմաններում յուրաքանչյուր «անտեր» կամ սոցիալապես անապահով մեռել թաղելը պետբյուջեի համար մեծ ծախս է:

«Հուղարկավորությունների կազմակերպման ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով, այսպես ասած, «անտեր մեռելների» դագաղի, դիահերձման եւ հուղարկավորության մյուս ծախսերը պետք է հոգա մահացածի վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը: Եթե նույնիսկ դիակը հարազատներ ունենա, բայց նրանք հրաժարվեն մահացածի թաղման համար ծախս անել, նախատեսվում է, որ բոլոր ծախսերը պետք է իր վրա վերցնի համայնքապետը:

Որքան էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը գերատեսչություններին հորդորի, որ բյուջեից քիչ գումարներ ծախսեն, թաղումների համար ծախսերը կրճատման ենթակա չեն: Ընդ որում, դրանք յուրաքանչյուր համայնքի հաշվով բավականին մեծ գումարներ են կազմում:

Թաղումներ կազմակերպելու առումով ոչ շահեկան վիճակում է Աջափնյակ համայնքը: Թաղապետարանից տեղեկացրին, որ համայնքի աղքատ կամ «անտեր» մեռելներից բացի, իրենց վրա են մնում նաեւ Կիեւյան կամրջից վայր նետվածների դիակի տեղափոխման եւ թաղման ծախսերը: Բանն այն է, որ Կիեւյան կամրջի՝ համալիրին նայող կողմը Արաբկիր համայնքի մեջ է մտնում, իսկ դիմացի կողմը՝ Աջափնյակի: Թարսի պես, կամրջից վայր նետվողներն ավելի հաճախ նախընտրում են հենց Աջափնյակի «տարածքը», ու այս համայնքապետարանին ավելորդ ծախսի տակ գցում:

Ավանի թաղապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենք 1. տարվա ընթացքում 20-25 մեռել են թաղում. «Երբ բնակիչները դիմում են նման հարցով, հիմնականում կատաֆալկի ծախսն ենք մեր վրա վերցնում ու դագաղն ենք առնում: Յուրաքանչյուր մահացածի համար մոտ 60 հազար դրամ ծախսում ենք: Մեր համայնքում անտեր մեռելներ, կարելի է ասել, չկան: Որովհետեւ թաղապետարանում ասում են անտեր ա, բայց գնում ենք տեսնում ենք մեռելի մոտ ժառանգներն իրար են ծեծում»: Միայն վերջին եռամսյակում թաղապետարանը 300 հազար դրամ է ծախսել՝ 6 թաղում կազմակերպելու համար:

Թաղումների վրա ամենաշատը ծախսել է Շենգավիթ համայնքը: Այս տարվա 6 ամիսներին 44 մահացածի համար թաղման բյուրոյին են փոխանցել 1 մլն 844 հազար դրամ, այսինքն՝ ամեն մի մահացածի համար միջին հաշվով՝ մոտ 50 հազար դրամ: Թաղապետարանից նաեւ հայտնեցին, որ շատ բնակիչներ էլ դիմում են դագաղի կամ գերեզմանի տեղի հարցով, ուստի 1 մլն 150 հազար դրամ էլ թաղումների համար անհատական օգնություն են տրամադրել:

Նկատենք, որ թաղման բյուրոյի ծախսը 27 հազար դրամ է: Դրա մեջ մտնում է միայն փոս փորելը, իսկ «կատաֆալկի» գինը 20-33 հազար դրամ է՝ կախված մեքենայի մակնիշից՝ «ՈՒԱԶ», «Գազել» «OPEL» կամ «Կադիլակ»: Բնականաբար, թաղապետարանն «անտեր» մեռելներին «Կադիլակով» չի թաղի: Թաղման բյուրոյից էլ նշեցին, որ թաղապետարանները հիմնականում ընտրում են ամենաէժան տարբերակը, այնուամենայնիվ, նույնիսկ առանց դագաղի ծախսի, 1 հանգուցյալը պետբյուջեի վրա արժենում է միջինը 47 հազար դրամ: Թվում է, թե դա քիչ գումար է, սակայն տարեկան կտրվածքով ահագին խոշոր գումար է կազմում: Երբեմն թաղապետարանները չեն հասցնում թաղման բյուրոյի պարտքերը փակել: Կենտրոն համայնքը օրերս է կարողացել տասնյակ թաղումների համար կուտակած պարտքերը մարել: Ինչպես ճշտեցինք Երեւանի քաղաքապետարանից, Կենտրոնն այս տարվա առաջին կիսամյակում 1 մլն 815 հազար 500 դրամ է ծախսել՝ ընդամենը 25 մահացածի համար: Կարելի է ասել, այս համայնքն «անտեր» մեռելների համար «էլիտար» թաղումներ է կազմակերպում, որովհետեւ յուրաքանչյուր թաղման համար ծախսում է 72 հազար դրամ: Ուրիշ ոչ մի համայնք իրեն նման «ճոխություն» թույլ չի տալիս: Ի տարբերություն Կենտրոնի, քաղաքի ծայրամասային համայնքները, օրինակ, Մալաթիա-Սեբաստիան իր մեռելների վրա ծախսում է ոչ ավելի, քան 20-21 հազար դրամ: Այս թաղապետարանը 2009-ի առաջին կիսամյակում իր բյուջեի հաշվին 88 մեռել է թաղել՝ ծախսելով 1 մլն 922 հազար դրամ:

Էրեբունի համայնքը այս տարվա առաջին 5 ամիսներին 29 թաղման համար 1 մլն 385 հազար դրամ է ծախսել: Թաղապետարանի տվյալներով, տարեկան մոտ 55-60 մեռել թաղում են՝ ծախսելով միջինը 3 մլն դրամ:

Դավիթաշեն համայնքը 68 թաղման համար ծախսել է 2 մլն 864 հազար դրամ. «Մեր համայնքում չի եղել նման դեպք, երբ մահացածը բարեկամներ չի ունեցել, այսինքն, անտեր մեռելներ չեն եղել: Պարզապես մեզ դիմածները սոցիալապես անապահով ընտանիքներ են եղել, որոնք չեն կարողացել իրենց մեռելին թաղել»,- պարզաբանեցին թաղապետարանի լրատվական բաժնից:

Համայնքներից ամենաքիչը, թերեւս, թաղում կազմակերպել է Նոր Նորքը: Այս տարվա հունվար ամսից մինչ օրս ընդամենը 12 հանգուցյալ են թաղել, որի համար ծախսել են 435 հազար դրամ:

Իր համայնքի մեռելների թիվը չտրամադրեց միայն Արաբկիրի թաղապետարանը՝ պատճառաբանելով, որ դա երկարատեւ գործընթաց է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել