Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՆԸՆԴՀԱՏ ՃՆՇԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ»

Հուլիս 24,2009 00:00

Երեկ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպեց մայրաքաղաքից ժամանած մի խումբ լրագրողների հետ: Նախարարը հենց սկզբից նշեց, որ վերջին 15 տարիների ընթացքում պաշտպանական բանակը կատարել է իր առջեւ դրված խնդիրը՝ ապահովելով ԼՂՀ անվտանգությունը: Ավելին՝ պաշտպանության բանակի զինծառայողներն ունեն խնդիր անընդհատ ճնշել հակառակորդին եւ թույլ չտալ վերջինիս առաջին գծում որեւէ առավելություն ունենալ: Նախարարի խոսքերով՝ «Այս տարի մեզ հաջողվել է նաեւ Արաքսի ափին տեղակայված 5 դիրք առաջ տալ: Իսկ անցյալ տարի մենք կարողացել ենք հյուսիսում դիրքերը առաջ տեղափոխել»: «Առավոտի» այն հարցին, թե անցյալ տարի ինչու հատկապես Օմարի բարձունքում որոշեցին առաջ տանել դիրքերը, նախարարը պատասխանեց. «Մարտական գործողություններ վերսկսելու դեպքում մենք ավելի բարձր կլինենք, եւ սա միակ տարածաշրջանն էր, որտեղ մենք եւ հակառակորդը շատ մոտ էինք՝ 8 կիլոմետր հեռավորության վրա»: Լրագրողներից մեկը խնդրեց մեկնաբանել վերջին օրերին շրջանառվող՝ պատերազմը վերսկսվելու մասին լուրերը: «Մենք չենք պատրաստվում հարձակման, քանի որ մեր բանակը պաշտպանական է, սակայն դա չի նշանակում, որ անհրաժեշտության դեպքում մենք չենք հարձակվի: Ենթադրում եմ, որ այդ լուրերը հայտնվել են նախորդ շաբաթվա զորավարժությունների հետ կապված, որոնք մեր մարտական պատրաստականության համար են արվում»,- նշեց Մ. Հակոբյանը:

Ըստ «Մեդիամաքսի», ԼՂՀ պաշտպանության նախարարը հրաժարվել է մեկնաբանել նորացված «մադրիդյան սկզբունքները»՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քաղաքագետների գործն է, իսկ բանակը քաղաքական հարցերին չի խառնվում: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին են լինելու նախարարի գործողությունները, եթե նա հրաման ստանա ազատել ղարաբաղյան ուժերի կողմից հսկվող տարածքները, Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ նա պարտավոր է կատարել ԼՂՀ գլխավոր հրամանատարության հրամանները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել