Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏԱՔ ԿՐՔԵՐ «ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՇՈՒՐՋ

Հուլիս 24,2009 00:00

\"\"Վիկտոր Դալլաքյանը պատրաստ է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրինագծի վերաբերյալ: Օմբուդսմենը ներկայացրել է իր դիտողությունները օրինագծի որոշ, իր խոսքով՝ «կոնցեպտուալ» կետերի շուրջ: Երեկ օրինագծի հեղինակը եւ օմբուդսմենը հանդիպել են եւ համատեղ քննարկել առաջարկված դիտողությունները: Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ՝ ինքը պատրաստ է հաշվի առնել բոլոր առաջարկները, եւ հենց այդ նպատակով է շրջանառության մեջ դրված օրինագիծը: Պատգամավորը զարմանք հայտնեց այն կապակցությամբ, որ թեպետ նախքան օրինագիծը շրջանառության մեջ դնելը՝ դեռ մարտ ամսին, ինքն այն ուղարկել էր շուրջ 40 լրատվամիջոցների եւ մամուլի ակումբների, սակայն արձագանքել էր ընդամենը 3 լրատվամիջոց. «Ես նախքան շրջանառության մեջ դնելն ակնկալում էի ստանալ իրենց կարծիքը եւ առաջարկություններն այս նախագծի վերաբերյալ եւ զարմանում եմ, որ միայն ձեր թերթում իմ հարցազրույցից հետո են ոմանք ակտիվացել»: Վ. Դալլաքյանը հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ խոսել են «ավելի լուրջ հարցադրումների մասին»: Պատգամավորն ընդունել է Պաշտպանի տեսակետը, որ օրինագիծը լրամշակման կարիք ունի:

«Պաշտպանն արտահայտել է մտահոգություն, որ մեր ներկայացրած նախագծի հոդված 4.1-ի, որը վերաբերում է լրագրողի իրավունքներին, 17-րդ կետում նշված է, որ լրագրողը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի իրականացնել օրենքով սահմանված լիազորություններ: Պաշտպանն առաջարկում է ավելի հստակեցնել այդ կետը, այսինքն՝ «իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ»-ի փոխարեն առաջարկում է ամրագրել. «Լրագրողն իրավունք ունի իրականացնել օրենսդրությամբ չարգելված այլ լիազորություններ»: Առաջարկությունն ինձ համար միանգամայն ընդունելի է, եւ նախագիծը խորհրդարանին ներկայացնելիս այս ուղղումն անպայման կներառվի նախագծում: Ինչ վերաբերում է Պաշտպանի երկրորդ առաջարկին, ապա ես ուզում եմ ընթերցել մեր ներկայացրած նախագծի հոդված 4.2-ը՝ «Լրագրողի պարտականությունները»: ՄԻՊ-ն իր նամակում անդրադարձել է այս առաջարկության 4-րդ եւ 5-րդ կետերին: Ես մեջբերեմ իմ հեղինակած նախագծի 4-րդ կետը. «Լրագրողը իր մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնելիս պարտավոր է չհրապարակել կեղծ տեղեկատվություն, չաղավաղել քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց հետ վարած հարցազրույցների բովանդակությունը»: Պաշտպանը գտնում է, որ այստեղ կարող են լինել տարբեր մեկնաբանություններ: Պաշտպանի կարծիքով՝ այստեղ պրոբլեմներ են առաջանում «Մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի հետ: Եթե նման խնդիր է առաջանում, ես պատրաստ եմ քննարկել այլ առաջարկներ եւ այդ մասին ասացի օմբուդսմենին»,- «Առավոտին» ասաց պատգամավորը: Ապա նա շարունակեց. «Մենք գրել ենք, որ լրագրողը իր մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնելիս պարտավոր է չհրապարակել կեղծ տեղեկատվություն: Ի՞նչ եք կարծում, լրագրողը կարո՞ղ է հրապարակել կեղծ տեղեկատվություն: Ես կարծում եմ՝ չի կարող: Հաջորդը՝ գրել եմ, որ լրագրողը պարտավոր է չաղավաղել քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց հետ վարած հարցազրույցների բովանդակությունը: Դուք կարծում եք՝ կարո՞ղ է աղավաղել: Ես կարծում եմ՝ լրագրողը չպետք է աղավաղի հարցազրույցների բովանդակությունը»: Հիշեցնենք, որ նախագծի 5-րդ կետը եւս արժանացել էր որոշակի քննադատության. ըստ այս կետի՝ լրագրողը պարտավորվում է հրապարակել բացառապես ստուգված փաստեր: ՄԻՊ-ն անգամ օրինակ էր բերել Եվրոպական դատարանի ընդունած որոշ բացառությունները: Մինչդեռ Վիկտոր Դալլաքյանը այն կարծիքին է, որ եթե ինքը գրել է, որ լրագրողը պարտավոր է «լրատվամիջոցի խմբագրին տեղեկացնել չստուգված փաստերի, տեղեկությունների մասին, որոնց հրապարակումը, տարածումը կարող է խախտել սույն օրենքի պահանջները», ապա սա քաղաքակիրթ մոտեցում է. «Եթե խմբագրին լրագրողը տեղեկացնում է, որ տվյալ փաստը կամ տեղեկատվությունը չստուգված է, նա դրանով ապահովագրում է եւ իրեն, եւ խմբագրին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031