Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հուլիս 23,2009 00:00

\"\"Երեկ մշակույթի նախարարությունում ամփոփվեցին հայ տպագիր գրի 500-ամյակին նվիրված՝ մայիսի 27-ին մեկնարկած «Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցանակաբաշխության արդյունքները:

Մրցույթն անց է կացվել երկու փուլով, 7 անվանակարգում՝ «Իմ հայրենիք», «Մեր ժամանակակիցը», «Արվեստի գիրք», «Հետաքրքիր ճակատագրի գիրք», «Գիրք երեխաներին», «Տպագրված է Հայաստանում» եւ «Գլխավոր մրցանակ»: Ներկայացված 32 անուն գրքից դիպլոմների արժանացան միայն 18-ը, որոնց հիմնական մասը տպագրված է պետպատվերի շրջանակներում, այդ թվում՝ «Գրաբեր» հրատարակչությունը՝ իր Լ. Դոլուխանյանի «Ռաֆայել Իսրայելյան» գիրք-ալբոմով, «Էդիթ պրինթ» հրատարակչատունը՝ իր «Սասնա ծռեր» էպոսի համահավաք տեքստի հրատարակությամբ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչատունը՝ իր Է. Պարսամյանի «Վիկտոր Համբարձումյան» գրքով, «Ոսկե Երեւանցի» տպագրատունը՝ իր Ա. Աղասյանի «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում» գրքով եւ այլք:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել մշակութաբաններ, գիտնականներ, նկարիչներ, հրատարակչական գործի մասնագետներ:

«Սա ոչ թե գրքի, այլ հրատարակչության մրցույթ է՝ նպատակաուղղված գրահրատարակչական արտադրանքի որակի բարձրացմանը, գրքարվեստի զարգացմանը, գրահրատարակիչների համագործակցության եւ մրցակցության խթանմանը, ինչպես նաեւ հրատարակչական լավագույն տեխնոլոգների քարոզչությանը եւ ազգային մշակութային արժեքների տարածմանը»,- ասաց մրցույթի հանձնաժողովի նախագահ, ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը:

«Առավոտը» զրուցեց մրցանակակիրներից ոմանց հետ:

«Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցանակաբաշխության «Իմ հայրենիք» անվանակարգում առաջին կարգի դիպլոմի արժանացած՝ «Սա մեր երկիրն է. Հայաստան» գիրք-ուղեցույցի հեղինակ Հռիփսիմե Սիմոնյանը հայտնեց, որ իր հեղինակած աշխատությունը հրատարակվել է սեփական միջոցներով, եւ այսօր ինքը կանգնած է գիրքը վաճառելու խնդրի առջեւ. «Գիրք-ուղեցույցս պատմում է վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների, բարեկարգումների եւ այլնի մասին: Կարծում եմ, որ այն անբաժան ուղեկից պետք է լինի հատկապես Սփյուռքի եւ զբոսաշրջիկների համար»: Սրտնեղած հավելեց նաեւ, որ բոլոր գերատեսչությունները ձեռք բերեցին ուղեցույցը, բացառությամբ Սփյուռքի եւ էկոնոմիկայի նախարարությունների:

Գլխավոր մրցանակը շահած «Տիգրան Մեծ» հրատարակչատան կողմից լույս ընծայված «Գույնը 4-19-րդ դարերի հայկական ճարտարապետության մեջ» ալբոմի հեղինակ Վան Խաչատուրի խոսքերով էլ. «Վաղուց էի երազել նման միջոցառման մասին, որտեղ կմրցեին հեղինակները, հրատարակիչները: Սա նշանակում է դատարկաձեռն չենք մոտենում տպագիր գրի 500-ամյակին»:

Ի դեպ, «Գրքարվեստ» հանրապետական մրցանակաբաշխության՝ «Տպագրված է Հայաստանում» անվանակարգում հաղթած Գագիկ Բաղդասարյանի «Երեւան» եւ գլխավոր մրցանակի արժանացած Վան Խաչատուրի «Գույնը 4-19-րդ դարերի հայկական ճարտարապետության մեջ» աշխատությունները մասնակցել են Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցանակաբաշխությանը, որտեղ արժանացել են առաջին կարգի դիպլոմի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել