Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Հուլիս 23,2009 00:00

\"\"Հին սխալներն ուղղելու նոր հնարավորություն

Հուլիսի 10–ին իտալական Լ’Աքիլա քաղաքում, «մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հանդես եկան ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ: Թեեւ մինչ գագաթնաժողովը բավականին բարձր էր գնահատվում նման հայտարարության հավանականությունը, սակայն մեկ հանգամանք հայտարարությունը դարձրեց առանձնահատուկ: Այն ոչ միայն պարունակում էր նման հայտարարություններին բնորոշ աջակցություն խնդրի կարգավորմանն ու հորդորներ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ «լուծել իրենց միջեւ առկա սակավաթիվ տարաձայնությունները եւ ավարտուն տեսքի բերել Հիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը, ինչը կուրվագծի համապարփակ կարգավորում», այլեւ կից՝ որպես փաստացի նյութ, մադրիդյան հիմնարար սկզբունքները: Թեեւ հակամարտության կարգավորման ընթացքում մշակվել է չորս փաստաթուղթ, սակայն առաջին անգամ է, որ մինչ փաստաթղթի հետ կապված գործընթացների ավարտը (նախկինում՝ տապալումը) այն հրապարակվում է: Հետեւաբար, հետագա զարգացումների տրամաբանությունը կանխատեսելու առումով կարեւոր է վերլուծել ոչ միայն սկզբունքների էությունը, այլեւ պարզել հայկական կողմերի վերաբերմունքը ձեւակերպված սկզբունքներին, ինչպես նաեւ դրանց աննախադեպ հրապարակման պատճառները:

Ինչու հրապարակվեցին մադրիդյան սկզբունքները

Օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո տարածաշրջանում ազդեցությունների վերաբաժանման գործընթացում արձանագրվեց արմատական տեղաշարժ՝ Հարավային Կովկասի երեք ճանաչված պետություններից մեկը՝ Վրաստանը, գրեթե լիովին խզել է կապերը Ռուսաստանի հետ եւ ամբողջությամբ հայտնվել ԱՄՆ-ի ազդեցության ներքո: Դա առանձնապես չի թաքցնում նաեւ Վրաստանի նախագահը, որը յուրաքանչյուր պատեհ ու անպատեհ առիթով իր երկրի բոլոր լուրջ խնդիրների լուծումը կապում է Միացյալ Նահանգների հետ: Այդուհանդերձ, տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ Հարավային Կովկասում ամբողջական ազդեցություն ապահովելու համար անհրաժեշտ է լիարժեք ազդեցություն ունենալ երեք երկրներից առնվազն երկուսում (ավելի մանրամասն՝ Տ. Թորոսյան. Օտար խաղեր: «Ազգ», 26, 27 մարտի, 2009թ.): Այդ նպատակով օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը կտրուկ ակտիվացրել է իր հարաբերությունները Ադրբեջանի եւ Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում եւ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման: Թեեւ անցած նոյեմբերին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հրապարակած հռչակագիրը չէր հակադրվում Մինսկի խմբի գործունեությանն ու ձեւաչափին, սակայն ակնհայտ էր, որ այն նպատակ ուներ ընդգծելու Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունը տարածաշրջանում: Մինչդեռ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը ղարաբաղյան խնդրի կարգավորման տեսակետից հակոտնյա են. եթե Մոսկվայի համար նպաստավոր է կարգավորման ձգձգումը, ապա Վաշինգտոնը շահագրգիռ է արագ հանգուցալուծման կամ գոնե հավասարակշռության անշրջելի խախտման մեջ՝ հարուցելով Հայաստանի կամ Ադրբեջանի լուրջ դժգոհությունը: Հետաքրքիր է, որ դա սկսել են նկատել նաեւ թուրք փորձագետները: Ըստ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Թուրքիային վերաբերող ծրագրի ղեկավար Բ. Ալիրիայի, «Մենք դեռեւս շատ հեռու ենք պնդելու համար, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պայմանավորվել են բոլոր հարցերի մասին եւ նրանք վեճեր չունեն, ինչն իհարկե կատարյալ կլիներ, բայց առայժմ այդպես չէ: Ռուսաստանը պետք է ղարաբաղյան խնդիրը կարգավորելու ցանկություն դրսեւորի»1:

Տարածաշրջանում ազդեցության վերաբաժանման տեսակետից Միացյալ Նահանգների համար մոսկովյան հռչակագրի պատասխան քայլը միայն նպատակահարմար պահի ընտրության խնդիր էր: Այդ քայլը պետք է լիներ ավելի բարձր մակարդակի իրադարձության ժամանակ, քան մոսկովյան հռչակագրի նպատակով կազմակերպված հանդիպումն էր, պետք է լիներ կարգավորման գործընթացում աննախադեպ, այդ գործընթացը խթանող եւ կողմերի նախնական պայմանավորվածությունները արձանագրող՝ ի նկատի ունենալով նման պայմանավորվածություններից հրաժարումների նախորդ դեպքերը, երբ գործընթացները մոտենում էին ավարտին: «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ արված հայտարարությունը բավարարում է այդ բոլոր պայմաններին: Ավելին, քանի որ այն Մինսկի խմբի ձեւաչափով է արված, ապա իր կարգավիճակով ակնհայտորեն գերազանցում է մոսկովյան հռչակագիրը: Թեեւ նման հայտարարության ընդունումը չէր բխում Ռուսաստանի նպատակներից, սակայն համանախագահողի կարգավիճակ ունեցող երկրի համար գործնականում անհնար էր ընդդիմանալ մի հայտարարության հրապարակմանը, որը կոչ է անում հաղթահարել տարաձայնություններն ու ձեւավորել համապարփակ կարգավորման հիմքերը:

Լ’Աքիլայի հայտարարության հրապարակումն արձանագրեց, որ Հարավային Կովկասում ազդեցությունների վերաբաժանման նոր փուլում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դառնում է Ռուսաստան-ԱՄՆ դիմակայության հիմնական հարթությունը, ինչը նոր, ավելի բարդ մարտահրավերներ է առաջադրում հայկական կողմերին: Ներկայացված տրամաբանությանը միանգամայն համահունչ է Եվրասիայի հարցերով ամերիկյան հայտնի փորձագետ, «Heritage Foundation»-ի եվրասիական ուղղության ղեկավար Ա. Կոհենի արձագանքը ընդունված հայտարարությանը. «Բաքվի, Երեւանի եւ Մոսկվայի միջեւ կոնտակտների ինտենսիվացումը, որը նկատելի է վերջին շրջանում, եւս արդյունք է Վրաստանում Կրեմլի ուժի ցուցադրության: Շատ բան կախված է Վաշինգտոնից, Բրյուսելից եւ եվրոպական մայրաքաղաքներից, որոնք իրապես պետք է ներգրավվեն տարածաշրջանի անվտանգության խնդիրների «ղեկավարման» մեջ: Առանց դրա կարող է թվալ, որ մենք կանաչ լույս ենք տվել տարածաշրջանում առանձնահատուկ հետաքրքրությունների կառուցմանը»2:

Մադրիդյան սկզբունքներն՝ ըստ էության

Ինչպես հայտնի է, 2007թ. նոյեմբերին, Մադրիդում համանախագահող երկրների ներկայացուցիչները Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացրել էին հիմնական սկզբունքները: Թեեւ դրանք անցած ժամանակահատվածում չեն հրապարակվել, սակայն տարբեր ուղիներով այս կամ այն չափով հայտնի են դարձել: Այդուհանդերձ, հուլիսի 10-ի հայտարարության բովանդակությունը3 հատուկ հետաքրքրություն է ներկայացնում երկու առումով. այն մադրիդյան սկզբունքների առաջին պաշտոնական հրապարակային հաստատագրումն է եւ, որպես ապագա իրավական փաստաթղթի հիմք, կարեւոր է ձեւակերպումների ոչ միայն բովանդակության, այլեւ մանրամասների տեսակետից: Ընդ որում, կարեւոր է հատկապես հայտարարության երկրորդ մասը, որը ներառում է ոչ միայն ներկայացված սկզբունքներն, այլեւ դրանց նախորդող հետեւյալ արձանագրումը՝ «հիմնարար սկզբունքները արտահայտում են ողջամիտ փոխզիջում, որը հիմնված է Հելսինկյան Եզրափակիչ ակտի հետեւյալ սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների հավասար իրավունքներ եւ ինքնորոշում»: Անշուշտ կարեւոր է, որ նշվում է ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնատարր, սակայն դա որեւէ կերպ չպետք է ներկայացվի կամ ընկալվի որպես հայկական կողմերին արված զիջում: ԵԱՀԿ ստեղծման կանոնադրական հիմքը Հելսինկյան Եզրափակիչ ակտն է, որն անդամ երկրներից յուրաքանչյուրը պարտավոր է հարգել անվերապահորեն: Այդ փաստաթուղթը սահմանում է կազմակերպության համար հիմնարար 10 սկզբունք եւ, որ «բոլոր այդ սկզբունքներն էլ ունեն առաջնահերթ նշանակություն»: Այսինքն, համանախագահները սոսկ արձանագրել են այն, ինչն իրենց պարտադրում է Հելսինկյան Եզրափակիչ ակտը՝ առանձնացնելով այդ 10 սկզբունքներից երեքը: Քանի որ առիթ եղել է4 մանրամասն անդրադառնալու այն հարցին, որ տարածքային ամբողջականության սկզբունքը որեւէ հակասություն չունի ինքնորոշման իրավունքի հետ, ստորեւ արձանագրենք միայն, որ, ըստ սահմանման, առաջինը գործում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման դեպքում (որպես ԵԱՀԿ ամդամ երկրներ), իսկ երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ:

Ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքներին, ապա հուլիսի 10-ի հայտարարության համաձայն դրանք վեցն են: Հարկ է դրանք դիտարկել առանձին-առանձին, քանի որ էական նշանակություն ունի դրանց ոչ միայն ընդհանուր գաղափարը, այլեւ ձեւակերպման յուրաքանչյուր մանրամասն ու դրա իրավական հետեւանքը:

1. Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Ակնհայտ է, որ այս ձեւակերպումը չի կարող սկզբունք կոչվել: Սա միակողմանի քայլ է Ադրբեջանի օգտին: Պատահական չէ, որ օգտագործված է «Լեռնային Ղարաբաղ» անորոշ ձեւակերպումը: Ի՞նչ է դա՝ աշխարհագրակա՞ն, թե՞ վարչական տարածք: Եթե անգամ նկատի ունեն վարչական տարածք, ապա ո՞ր սահմաններով: Առաջին հայացքից կարող է թվալ, թե խոսքը ԼՂԻՄ-ի սահմանների մասին է: Սակայն դժվար չէ նկատել, որ այդպես չէ. որեւէ խոսք չկա ոչ միայն Շահումյանի շրջանի, այլեւ Մարտունու եւ Մարտակերտի շրջանների գրավյալ տարածքների մասին: Ավելին, եթե անգամ նշված լիներ, որ խոսքը ԼՂԻՄ-ի վարչական սահմանների մասին է, ապա դա եւս չէր կարող ընդունելի լինել, քանի որ ա) ԼՂԻՄ-ը կազմավորելիս դրանք գծվել են կամայականորեն, բ) այդ պատճառով դրանք բացարձակապես անպաշտպանելի են, եւ, անկախ որեւէ երաշխիքից, միշտ պահպանվելու է Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը՝ անգամ ԼՂՀ միջազգայնորեն ճանաչվելուց հետո, գ) ներկայիս իրավիճակը ստեղծվել է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով, որի ընթացքում ԼՂՀ-ն կրել է հսկայական վնասներ, եւ Ադրբեջանը պետք է փոխհատուցի այդ վնասները՝ միջազգային իրավունքի համաձայն:

2. Միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար՝ ապահովելով անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ:

Այս կետը, ինչպես եւ վերջինը, հետեւանք է այն բանի, որ համանախագահների հիմնական գաղափարներից մեկը ԼՂՀ կարգավիճակի սահմանման արհեստական հետաձգումն է:

3. Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք:

Այս կետը դիտարկվում է առաջին կետի հետ համատեղ: «Միջանցք» անորոշ բառի օգտագործումով համանախագահներն իրենց համար խուսանավումների հնարավորություն են ստեղծել՝ կողմերից յուրաքանչյուրի հետ գոնե ինչ որ ժամանակահատվածում տարբեր ձեւով մեկնաբանելու համար:

4. Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի սահմանում՝ իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով:

Կարգավորման գործընթացի առանցքային՝ ԼՂՀ կարգավիճակի միջազգային ճանաչման հարցը, ըստ ներկայացված սկզբունքների եւ հարցերի լուծման հերթականության, վերջինն է: Դա որեւէ ողջամիտ հիմնավորում չունի: Համանախագահները երբեւէ որեւէ հիմնավորում չեն բերել, թե ինչու չպետք է հաշվի առնվի 1991թ. անթերի անցկացված հանրաքվեի արդյունքը: Ավելին, այս կետի առկայությունը բանակցությունների օրակարգում՝ ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման հիմնատարր (այս կետի համար՝ որպես հիմք) արձանագրելու պայմաններում, պարզապես ջախջախում է գործընթացի տրամաբանությունը. ինքնորոշման իրավունքը դրա հիմքն է ճանաչվում, բայց ինքնորոշվող ԼՂՀ ներկայացուցիչը չի մասնակցում բանակցություններին: Համանախագահների ներկայացրած այս ձեւակերպումը ոչ միայն բացարձակապես համատեղելի չէ փաստերի, միջազգային իրավունքի նորմերի ու տարրական տրամաբանության հետ, այլեւ չափազանց վտանգավոր է: Բոլոր ձեւակերպումները հեղհեղուկ են. ո՞վ է սահմանելու կարգավիճակը, ո՞ւմ համար այն պիտի լինի պարտավորեցնող, եթե պետք է անցկացվի նոր հանրաքվե (դա ուղղակիորեն չի բխում այս կետի ձեւակերպումից), ո՞ր տարածքում է անցկացվելու, ի՞նչ հարցադրումով, ո՞ւմ կամքն է արտահայտվելու եւ այլն: ԼՂՀ-ն իր համար ճակատագրական այս հարցերի ընդունելի պատասխանները պետք է տեսնի հստակ եւ ուղիղ արձանագրված եւ բոլոր իրավունքներն ունի չհավատալու որեւէ մեկի հավաստիացումներին, խոստումներին կամ մեկնաբանություններին:

Շարունակելի

1.www.day.az/print/news/politics/164716.html, 14.07.2009.

2.www.day.az/print/news/politics/164714.html, 14.07.2009

3.www.osce.org/item/38731.html, 11.07.2009

4.Թորոսյան Տ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում: Տիգրան Մեծ, Երեւան, 2008թ., 340 էջ:

Torosyan T. Imaginary Contradiction.-“Russia in Global Affairs”. ?4, October-December 2007, p.p. 168-179.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել