Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԴԵԲԵԴ

Հուլիս 23,2009 00:00

Վերջին 2 տարում Դեբեդը պարբերաբար մոխրագույն է դառնում: Այգեգործները բողոքում են, որ ծանր մետաղներով հագեցած գետի ջրով ոռոգելիս ծառերը չորանում են: 2008 թվականի ամռանը Պտղավան գյուղի պտղաբույծները գետի աղտոտվածությունից իրենց դժգոհությունը փոխանցեցին այն ժամանակ գյուղնախարար Արամայիս Գրիգորյանին եւ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Անցյալ տարվա օգոստոսի 22-ին փոխվարչապետը Նոյեմբերյանի տարածաշրջան այցի ժամանակ ականատես եղավ Դեբեդի աղտոտվածությանը, գետի մոխրագույն հոսքին եւ մեր հարցին ի պատասխան ասաց, որ գյուղնախարարությանը հանձնարարական է տրված՝ Դեբեդից նմուշներ վերցնել եւ Երեւանում փորձաքննություն կատարել: Իսկ բնապահպանության նախարարությունը երկարաժամկետ մոնիտորինգ է իրականացնելու Դեբեդի երկայնքով տեղակայված գործարանների կողմից գետ արտանետումների նկատմամբ: Եթե պարզվի, որ գետի ջուրը թույլատրելի նորմայից ավելի է աղտոտված, պետք է միջոցներ ձեռնարկել դրա պատճառները վերացնելու համար, ասել էր Արմեն Գեւորգյանը:

Անցել է շուրջ 1 տարի, սակայն Դեբեդի աղտոտվելու պատճառները չեն վերացել: Այսօր էլ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարից գետ լցվող հոսանքը ջրի նման չէ: Գետի վրա ծանր մետաղների գրոհը շարունակվում է: Այս վտանգավոր ջրով են ոռոգվում Թումանյանի տարածաշրջանի Շնող, Ճոճկան, Այրում գյուղերի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի 8 համայնքների այգիները: Իսկ այս ջրով աճեցրած Նոյեմբերյանի արեւահամ դեղձը ուտում են ողջ Հայաստանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել