Երեկ ՀՀ ԱԺ նախագահին է դիմել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ կապված «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի հետ:
«Նախագիծը քննադատական արձագանք է առաջ բերել տեղեկատվության ոլորտի մի շարք կազմակերպությունների շրջանում: Ընդ որում, խնդրահարույց են դիտվում ոչ միայն օրինագծի տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող առանձին դրույթները, այլեւ առհասարակ կասկածի տակ է դրվում օրինագծով կարգավորվող հարաբերությունների՝ իրավական ակտով կանոնակարգելու իրավաչափությունը», ասվում է պաշտպանի՝ նախագահին ուղղված գրության մեջ:
Պաշտպանը մասնավորապես նշում է. «Նախագծով լրագրողների իրավական կարգավիճակի սահմանման հանդեպ ցուցաբերված մոտեցման հիմքում է դրվել իրավական կարգավորման թույլտվության մեթոդը: Այսպես, օրինակ, օրինագծի 4.1 հոդվածում լրագրողի իրավունքների թվարկումն ամփոփվում է հետեւյալ ձեւակերպմամբ. «լրագրողն իրավունք ունի իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ» (4.1 հոդվածի 17-րդ կետ):
Մինչդեռ, լրագրողների իրավունքները սահմանելիս անհրաժեշտ էր նկատի ունենալ, որ իրավական կարգավորման համընդհանուր կամասահմանման մեթոդը (թույլատրելի է այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով) սահմանում է քաղաքացու կարգավիճակը, իսկ թույլտվությունը (թույլատրելի է միայն այն, ինչը սահմանվում է օրենքով)՝ պաշտոնատար անձանց իրավասությունների եւ կարգավիճակի առանձնահատկությունները»:
Վիճահարույց են դիտվել նաեւ նախագծի 4.2 հոդվածի 4 եւ 5 կետերի դրույթները, որոնցով լրագրողին ըստ էության պարտավորեցնում են հրապարակել բացառապես ստուգված փաստեր: «Մինչդեռ, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով նախատեսված են բազմաթիվ բացառություններ այդ ընդհանուր կանոնից: Այսպես, օրինակ, «Թյորգեր Թյորգերսոնն ընդդեմ Իսլանդիայի» գործով Եվրոպական դատարանը, անդրադառնալով հրապարակված հոդվածում տեղ գտած փաստերի ճշմարտացիության խնդրին, նշել է. «Հոդվածում տեղ գտած մի շարք փաստեր հիմնվում են այլ անձանց պատմածների եւ տարածված լուրերի, կարելի է ասել՝ ոստիկանությանը քննադատող հասարակական կարծիքի վրա… Դիմողը հոդվածում հայտարարել է այն ամենի մասին, ինչ ոստիկանության դաժանության մասին ասել են ուրիշները: Հետեւաբար, հրապարակված փաստերի ապացուցման պահանջ ներկայացնելը՝ նշանակում է նրան առաջադրել չհիմնավորված եւ անիրագործելի խնդիր», նշում է օմբուդսմենը:
Ըստ վերջինի, նախագծի հիշատակված դրույթների օրենսդրական ամրագրումը կխախտի Մարդու իրավունք֊ների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10 հոդվածով երաշխավորվող արտահայտվելու ազատությունը:
Հետեւաբար, պաշտպանը գտնում է, որ օրինագիծը ընդունելի չէ եւ կարիք ունի լրամշակման: