Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՆՎԱՍՏԱՑՆԻ

Հուլիս 23,2009 00:00

\"\"Հարցազրույց ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ

– Պարոն Մանուկյան, հունիսի 19-ին ԱԺ կողմից ընդունվեց համաներում հայտարարելու մասին որոշումը: Շահարկվեց այն թեման, թե համաներման մասին որոշումները, որպես կանոն, կապված են պետական կարեւորության որեւէ իրադարձության կամ տոնի հետ, սակայն 2009-ի համաներումը բացառություն էր, այն որեւէ տոնի, իրադարձության նվիրված չէր: Այս առումով ինչպիսի՞ն է պրակտիկան, ասենք, ԱՊՀ երկրներում:

– Օրենքը նման պայման չի նախատեսում: Հետեւաբար, նախագահը եւ խորհրդարանը ազատ են համաներում հայտարարելու պահը որոշելիս: Ցանկանում եմ հիշեցնել, որ 1997թ. ապրիլի 30-ի համաներումը եւս հայտարարված էր որեւէ առիթի հետ «չկապակցված»:

Իհարկե, համաներումը որեւէ տարելիցի կամ իրադարձությանը նվիրելու ավանդույթ մեր երկրում կա: Եվ սա իր պատմական բացատրությունն ունի: Ինչպես իրավական շատ կարգավորումներ եւ ավանդույթներ, այնպես էլ այս երեւույթները կրում են ռուսական իրավական դպրոցի հետքը: Ցարական Ռուսաստանում ներման իրավունքը վերապահված էր միապետին: Ռուսական ցարերը իրենց բարեգթության դրսեւորման այս մենաշնորհը սովորաբար կիրառում էին պատերազմական հաղթանակների, ցարական ընտանիքի համար կարեւոր իրադարձությունների առիթով (թագադրում, ամուսնադրություն, թագաժառանգի ծնունդ եւ այլն) կամ կրոնական տոների կապակցությամբ: Ինչպես տեսնում եք, թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում այս ավանդույթը որոշակի ձեւափոխումներով պահպանվել է: Այս ավանդույթը նկատելի է նաեւ նախկին Խորհրդային Միության անդամ երկրների մեծամասնությունում:

Սակայն ուզում եմ կրկնել, որ օրենքը որեւէ երկրում չի նախատեսում պարտադիր պայման այս կամ այն իրադարձության կամ տոնի առթիվ համաներում հայտարարելու:

– Համաներման մասին որոշման 8-րդ կետը բուռն քննադատվում է այն դատապարտյալների կողմից, ում վրա համաներումը չի տարածվել, քանի որ վերջիններս չեն վերականգնել հանցագործությամբ պատճառված նյութական վնասը, մինչդեռ ազատազրկված լինելով՝ նրանք չէին կարող հատուցել այդ վնասը: Ուստի ինչ իմաստ ուներ ընդհանրապես նման կետի նախատեսումը:

– Մասամբ համաձայն չեմ Ձեր մեկնաբանությանը: Բազմաթիվ գործերով ազատազրկման դատապարտված անձինք դեռ անազատության մեջ հատուցում են հանցագործությամբ պատճառված վնասը: Հիշենք թեկուզ մեր մոտ լայնորեն կիրառվող պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի մասին, որի կիրառման համար էական հանգամանք է հենց այդ վնասի հատուցման փաստը: Վերջապես, ազատազրկված դատապարտյալը չի կորցնում իր քաղաքացիաիրավական գործունակությունը եւ լիարժեք կարող է տնօրինել իր սեփականությունը: 1990 թ.ից ի վեր ընդունվել են 8 համաներման ակտեր: Այս ակտերից ոչ մեկում, բացի վերջինից, նախատեսված չէ տուժողին պատճառված վնասը վերականգնելու պայման:

Մյուս կողմից հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը քաղաքացիաիրավական պարտավորություն է: Այսինքն, փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ անձին քրեական պատժից ազատելը պայմանավորվել է նրա քաղաքացիաիրավական պարտավորություններով: Եթե մի փոքր էլ առաջ գնանք եւ փորձենք վերլուծել սահմանադրական արգելքը քաղաքացիական պարտավորությունների համար անձին ազատությունից զրկելու մասին… Կարծում եմ սահմանադրագետներին այս հարցը կարող է հետաքրքրել:

– Որպես երկրի բարձրագույն դատական ատյանի նախկին ղեկավար՝ ի՞նչ եք կարծում՝ համաներման ակտով դատարանների դերը չի՞ նվաստանում, չէ՞ որ շատ դեպքերում համաներվողը չի հարգում այդ դատարանին:

– Կարծում եմ, համաներումը չէ, որ նվաստացնում է դատարանի դերը: Ի սկզբանե մեր երկրում հասարակության վստահության աստիճանը դատարանների նկատմամբ գտնվում է կրիտիկական ցածր աստիճանի վրա: Համաներումը դժվար թե ավելի վատացնի իրավիճակը: Երբ Անգլիայի պառլամենտը համաներում է ազատազրկվածներին, որեւէ մեկի մոտ անգլիական դատարանի նկատմամբ հարգանքը չի նվազում:

Եվ հետո պետք է հիշել, որ ներման կամ համաներման նպատակը, ըստ էության, պետք է լինի նույնը, ինչ պատժի նպատակը. դատապարտյալի ուղղում, նոր հանցագործության կանխում, սոցիալական արդարության վերականգնում:

Ընդհանրապես, ներման խնդիրը միշտ էլ եղել է շատ վիճելի: Չի կարելի չհամաձայնել այս տեսակետի հետ, երբ առկա են համաներման այնպիսի պատմական օրինակներ, ինչպիսին է 1939 թվականի հոկտեմբերին ֆաշիստական Գերմանիայում հայտարարված գաղտնի համաներումը Waffen SS–ի զորքերի զինծառայողների համար: Լեհաստան ներխուժումից հետո Ադոլֆ Հիտլերը թույլատրել էր «այզենցխմբերին» ոչնչացնել հրեական կազմակերպությունները: Բանակի բարձրագույն հրամանատարական կազմը, վիրավորված ՍՍ-ի վայրագություններից, ծայրահեղ դեպքերում միջամտում էր, ինչը կանխելու համար էլ հայտարարված էր այդ համաներումը: Նման պատմական օրինակները բազմաթիվ են: Մինչ օրս էլ կան կարծիքներ, որ համաներումն ունի կոնկրետ քաղաքական նպատակներ. պենիտենցիար համակարգի բեռնաթափում, պետության ֆինանսական բեռի թեթեւացում, կալանավորների պահման պայմանների բարելավում, հանցագործություն կատարած անձանց բացահայտում եւ այլն:

Սակայն քաղաքացիական հասարակության սաղմնավորմանը զուգընթաց, հատկապես իրավական պետության գաղափարի արմատավորման արդյունքում, նման մտահոգություններն ավելի հազվադեպ էին հնչում, քանզի ակնհայտ է որ իրավական պետության պայմաններում ներելու կամ համաներելու իրավունքը սահմանափակված պետք է լինի սահմանադրական իրավունքներով եւ ազատություններով, անձի արժանապատվությամբ, քրեական քաղաքականության հիմնարար սկզբունքներով: Նման իրավիճակում համաներման սոցիալական նպատակի եւ արդարադատության միջեւ կոնֆլիկտ չի առաջանում:

– Եթե անձն իրեն մեղավոր չի ճանաչում, ապա համաներումը կիրառելի՞ է նրա նկատմամբ:

– Կիրառելի է, հենց դրանում է համաներման իմաստը: Գլխավոր հարցն այն է, թե կա՞ արդյոք օրինական ուժ ստացած դատավճիռ, այսինքն ապացուցվա՞ծ է արդյոք անձի մեղքը, թե՞ ոչ:

Կա տեսակետ, որ չի կարելի ներել մինչեւ դատավճիռ կայացնելը, քանի որ դա թուլացնում է հավատը արդարադատության նկատմամբ եւ զրկում է մեղադրյալին արդարացված լինելու հնարավորությունից: Նման կարծիք արտացոլված է նույնիսկ որոշ երկրների օրենքներում, մասնավորապես՝ Բելգիայի, գերմանական որոշ հողերի: Սակայն ով կարող է ազատել պատժի կրումից, նա էլ կարող է ազատել մինչդատական քննության անիմաստ ընթացքից: Արդարադատությունը երբեք չի տուժի, եթե ներումը կամայական չէ, հիմնված է արդարադատության, բարոյականության եւ քաղաքականության բարձրագույն նպատակների վրա:

Ինչ վերաբերում է արդարանալու անհնարինությանը, սա երկրորդական հարցադրում է, քանի որ չկա մեղքի միակ ապացույցը՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Եթե չկա դատավճիռ՝ չկա նաեւ մեղք: Իսկ այն դեպքում, երբ կա օրինական ուժ ստացած դատավճիռ, դատապարտյալի՝ իրեն մեղավոր չճանաչելը որեւէ իրավական նշանակություն չունի:

– Համաներումն առաջին անգամ կիրառելի է նաեւ ծանր հանցագործությունների համար, ինչպես եք դա գնահատում իրավական առումով:

– Սա նոր երեւույթ չէ: Նախկինում էլ համաներման բոլոր ակտերը առանձին ծանր հանցագործությունների վրա տարածվել են: Վերջին համաներման որոշումը նախորդներից հիմնականում տարբերվում է նրանով, որ կիրառելի է նաեւ մարտիմեկյան դեպքերի հետ կապված ծանր հանցագործություններով:

Այստեղ կրկին էական հարց է, թե ինչ նպատակներ է դնում իր առջեւ պետությունը համաներում կիրառելիս եւ ինչպիսի վերլուծություններ կան դրա հետեւանքների մասին: Բոլոր դեպքերում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների վրա համաներում տարածելը պետք է լինի շատ կշռադատված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել