Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա իմ ժառանգական աթոռը չէ»

Հուլիս 23,2009 00:00

Իր պաշտոնանկման մասին պտտվող խոսակցություններին այսպես է արձագանքում հանրապետության միակ կին մարզպետը:

Երեկ հանդես գալով հաշվետու մամլո ասուլիսում՝ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը ներկայացրեց վերջին 6 ամիսների ընթացքում մարզում՝ պետության կողմից իրականացված աշխատանքները, խոսեց նաեւ չիրականացված ծրագրերից: Ասուլիսը սկսվելուն պես մարզպետը շեշտեց, որ թեեւ տնտեսական ճգնաժամ է, սակայն դա ամենեւին չի ազդում բնակարանաշինության ընթացքի վրա, եւ, Գյումրիից բացի, «Գլենդել հիլզը» այս տարվա աշնանը պատրաստվում է 157 բնակարան կառուցել նաեւ Ախուրյանում:

Նշենք, որ այս ամենի մասին խոսելիս, Լ. Նանյանը չէր մոռանում ձեռքի հետ էլ գովել ՀՀ նախագահին՝ ամեն ինչ վերագրելով նրա նախընտրական ծրագրերին: «Այս տարի բնակարանների գնման վկայագրեր չեն տրամադրվի, մեզ ավելի ձեռնտու է քաղաքացուն բնակարանով ապահովել, քան ԲԳՎ տալ, վկայական ձեռք բերելով քաղաքացին փողը ծախսում է ու նորից առանց բնակարանի է մնում»,- խոստովանեց Լ. Նանյանը:

Նա խոսեց նաեւ ճանապարհաշինությունից ու մի շարք պետական կառույցների շինարարությունից. որքան էլ տարօրինակ է հնչում, բայց մինչ օրս թե՛ Գյումրիի ոստիկանները, թե՛ մարզպետարանի չինովնիկները մշտական նստելու տեղ չունեն. մարզում ո՛չ ոստիկանության, ո՛չ էլ մարզպետարանի շենք կա: Մարզպետը հայտնեց, որ 300 մլն դրամ է տրամադրվում Գյումրիի ոստիկանության բաժանմունքի, 90 մլն դրամ էլ՝ մարզպետարանի շենքի եւ 29 մլն դրամ Ախուրյանում անասնաբուժական լաբորատորիայի կառուցման համար: Տիկին Նանյանը փոքր-ինչ հանգստացրեց նաեւ Արթիկի ու հարակից գյուղերի ոչ մաքուր ջուր խմող բնակիչներին: Ըստ մարզպետի, 400 մլն դրամ է նախատեսված Մեծ Մանթաշից սնվող ջրագծերի կառուցման համար: Լ. Նանյանը, գովազդելով պետության կողմից իրականացվող ծրագրերը, նաեւ նշեց, որ մարզում կասեցվել են 2 միլիարդ դրամի աշխատանքներ, մասնավորապես դպրոցաշինությունը: Օրինակ, Արեգնադեմ գյուղը դպրոց չունի, սակայն նախատեսված ծրագիրը ստիպված են եղել դադարեցնել, նույնը վերաբերում է նաեւ Անուշավան գյուղին: Լրագրողները մարզպետից հետաքրքվեցին, թե ի՞նչ կասի նա իր պաշտոնանկման շուրջ պտտվող խոսակցությունների մասին, եւ եթե իրեն պաշտոնանկ անելու լինեն, նախապես կտեղեկացնե՞ն: «Արդեն 2 տարին անցնում է, ինչ ես մարզպետ եմ, 2 տարին էլ նույն հարցն եք տալիս: Ի՞նչ է նշանակում՝ խոսում են, ասում են, ես էդ բառերը ընդհանրապես չեմ ընդունում: Դա իմ ժառանգական աթոռը չէ, կլինի-կլինի, չի լինի՝ կաշխատենք, ի՞նչ պրոբլեմ: Ինձ պիտի հարցնե՞ն, որ ազատեն: Եթե ես լավ չաշխատեմ, ինձ կկանչեն–կասեն՝ դուք չեք կարողանում իրականցնել ձեր գործառույթները»:

«Առավոտը» մարզի ղեկավարին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում նախորդ հինգշաբթի Սառնաղբյուրում հնչած կրակոցներին, եւ մի՞թե Շիրակի մարզը կրիմինալ վայր է, որտեղ ապրելն անվտանգ չէ, եւ ո՞րն է այս ամենի պատճառը. իրավապահների անգործությու՞նը, թե՞ որոշ պաշտոնյաների՝ «վերեւներից» հովանավորչություն ստանալը: Մարզպետը մեր հարցին տվեց խուսափողական պատասխան. «Շատ եմ ցավում, որ Սառնաղբյուրում նման իրավիճակ է եղել, իհարկե դա ոչ միայն իրավապահները, այլ մենք էլ չենք կարող մտածել, որ մարդիկ մի տեղ են գնում, կարող են իրար հետ վիճել կամ կռվի բռնվել: Իհարկե բոլորն էլ կաշխատեն, որ նման միջադեպեր չլինեն, դա ստացվել է պատահական, մտածված չեն գնացել պոմպակայան կամ չգիտեմ ինչ: Իրավապահները ամեն ինչ կանեն, որպեսզի դրանք հայտնաբերվեն եւ պատժվեն: Իհարկե դա շատ վատ քայլ է, եւ մեր մարզին հարիր չէ՝ էդպիսի հանգիստ աշխատանքային վիճակում քաղաքացուն կրակել եւ այլն: Սա է հարցը, թե չէ, դուք էլ որպես քաղաքացիներ գտնում եք, որ դա ոչ թե ինչ-որ մեկի մեղքով է եղել, այլ, ոնց որ ասած, վեճի են բռնվել, եւ այդպիսի հետեւանքներ են եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել