Թուրքական «Զաման» օրաթերթին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին՝ նշել է, որ առաջնային պլանում իրենց նպատակը ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, այլ կողմերին հիմնարար սկզբունքներին մոտեցնելը, իսկ այդ կտրվածքով, ըստ Ֆասիեի, գործընթացը դրականորեն է առաջ շարժվում: Ըստ նրա, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է մադրիդյան սկզբունքներից 4-ը: Ֆասիեն նշել է, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացված «կարգավորման նախագծի» համաձայն, նախատեսվում է առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող «Հայաստանի կողմից օկուպացված» տարածքները: Իսկ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին պետք է շնորհի «ժամանակավոր կարգավիճակ»: Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ «իրավական կապը» շարունակելու համար սահմանվող այս ճանապարհով Ադրբեջանը «իր մի հատվածին» անորոշ ժամանակով «ժամանակավոր կարգավիճակ» է տալու: Իսկ ԼՂ կարգավիճակը հետագայում կորոշվի ինքնորոշման իրավունքով. «Այդ վիճակը ապահովելու է մարդկանց խաղաղ գոյակցությունը: 5-10 տարի այդպես ապրելուց հետո հարմար առիթի դեպքում որոշում կկայացնեն կարգավիճակի վերաբերյալ»:
Ֆրանսիացի համանախագահը նշել է, որ յուրաքանչյուր անցնող տարի բարդացնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը. «Հուսով եմ, որ նոր պատերազմ չի սկսվի»: Հիշեցնելով, որ ղարաբաղյան հակամարտության գործընթացը շարունակվում է 15 տարի՝ Ֆասիեն ընդգծել է, թե այդ ձգձգումն ունի երկու լուրջ պատճառ՝ երկու հասարակությունների միջեւ պատերազմից ի վեր ձեւավորված «ատելության» զգացումը եւ երկու երկրներում էլ խնդիրը ներքին քաղաքականության նյութ դարձնելու հանգամանքը: «Եթե կողմերն այդ խնդիրը որպես նյութ ավելի քիչ օգտագործեին ներքին քաղաքականության մեջ եւ ավելի շատ քաղաքական համարձակություն դրսեւորեին, կարծում եմ, որ խնդիրը վաղուց լուծված կլիներ»,- նշել է Ֆասիեն՝ քննադատելով հայ եւ ադրբեջանցի քաղաքական գործիչներին անհրաժեշտ չափով քաղաքական վճռականություն չցուցաբերելու համար: