«Մեզ շշուկներ են հասել, որ Գերմանիայում մոտ 227 հազար անձնագրեր են տպագրվել ղարաբաղյան բնակչության համար»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց «Ժառանգության» վարչության քարտուղար Վարդան Խաչատրյանը: Սա դիտարկելով ԼՂ կարգավիճակի որոշման հանրաքվեի համատեքստում՝ հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահի ընտրություններում առանձին տեղամասեր բացվեցին՝ «իբր թե ղարաբաղաբնակների համար, ովքեր տեղահանված էին եւ գտնվում էին Ադրբեջանի այլ տարածքներում: Եվ նրանց քանակությունն այս ընտրությունների ժամանակ ֆիքսվեց շուրջ 140 հազար մարդ, ինչն, ըստ էության, խորհրդային մարդահամարի բարձրագույն կետն է՝ կապված ԼՂ ընդհանուր բնակչության հետ»:
«Առավոտի» հարցին, թե որքանո՞վ են լուրջ Գերմանիայում տպագրված այդ անձնագրերի վերաբերյալ շշուկները՝ Վարդան Խաչատրյանը պատասխանեց. «Սրանք միջազգային կապերի շրջանակում մեր ստացած տեղեկություններն են»: Իսկ մյուս հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում այդ անձնագրերն օգտագործելը, եթե ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանն արդեն իսկ Հ1-ին տված հարցազրույցում հայտնել էր, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հանրաքվեն տեղի է ունենալու 1988-ին գոյություն ունեցող էթնիկ համամասնությամբ, երբ Ղարաբաղի հայկական բնակչությունը կազմել է 80%: «Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչու է Շավարշ Քոչարյանն այդպիսի բան ասել, քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներն այսօր ուղղակի հերքում են, թե կան պայմանավորվածություններ»,- ասաց Վարդան Խաչատրյանը: Իսկ անձնագրերի օգտագործման կապակցությամբ ասաց. «Առավել հավանական եմ համարում, որ Ադրբեջանում կընդունվի այդպիսի որոշում, որ այն անձինք, ովքեր Ղարաբաղից են, դուրս են եկել այնտեղից՝ ստանում են այդ անձնագրերը: Եվ անձնագրերով նրանք կվերադառնան: Ադրբեջանցիների հետ շփումների ժամանակ նրանք նույնիսկ հայտարարում են, թե շուրջ 27 հազար հայեր դեռեւս բնակվում են Բաքվում, ինչը մի քիչ զարմանալի է, քանի որ սկսել էին 150-ից, թե այդքան հայ է մնացել Բաքվում, հետո կտրուկ աճեց՝ հասան 2500-ի, հիմա՝ 27 հազարի»:
Ասուլիսի ընթացքում «Ժառանգության» վարչության քարտուղարը պատմական հակամարտությունների շարքում հիշատակեց Էլզաս-Լոթարինգիայի համար մղվող երկարամյա պայքարը: «Առավոտը» հիշեցրեց, որ հիմա այդ նահանգի՝ Ալզասի կենտրոն Ստրասբուրգում կողք կողքի ապրում են վաղեմի պատերազմողմները՝ ֆրանսիացիները եւ գերմանացիները, եւ հետաքրքրվեցինք, թե արդյոք տեսանելի ապագայում տեսնո՞ւմ է նման հեռանկար հայերի եւ ադրբեջանցիների համար: Վարդան Խաչատրյանն ի պատասխան նշեց, թե ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լուրջ հակասություններ առաջացան անկախացած գրեթե բոլոր հարեւան հանրապետությունների միջեւ, սակայն «դրանք պատերազմների չվերածվեցին, քանի որ մշակութային շերտը նույնն էր: Մեր դեպքում՝ վերածվեց, քանի որ մշակութային շերտերը տարբեր էին», եւ հակամարտությունն ուներ դարերի պատմություն: «Էլզաս-Լոթարինգիայի դեպքում քրիստոնեական դաշտ է»,- նշեց պրն Խաչատրյանը եւ հավելեց. «Այս հարցում սկեպտիկ եմ՝ չեմ կարող ասել, թե հայերի եւ ադրբեջանցիների համակեցությունն այստեղ լինելու է առանց կոնֆլիկտների ու պրոբլեմների»: