Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի թույլ տալ, որ էդ չափի լկտիանան»

Հուլիս 23,2009 00:00

\"\"Ըստ Սամվել Բաբայանի, ոչ մի զիջման մասին խոսք չի կարող լինել, քանի որ մենք արցախյան պատերազմում հաղթող կողմ ենք եւ մենք չենք սկսել այդ պատերազմը:

«Ես դեռ չեմ լսել երկրագնդի վրա եւս մեկ ազգ, որ ինքը կամավոր 7 շրջան է տալիս,- երեկ իր ասուլիսում հայռտարարեց Սամվել Բաբայանը:- Էսօր Կուրիլյան մի փոքր բլուրից են խոսում, նա (ՌԴ-ն–Մ. Ե.) պարզ բացատրում, ասում է էնտեղ մենք ունենք գազ, ունենք ձուկ, չեմ տալու: Բայց մենք մեր հասարակությանը ներշնչել ենք, որ պետք է փոխզիջման գնանք: Սա սխալ է: Կապ չունի, թե ով է սկսել՝ Ռոբերտ Քոչարյան, Օսկանյան, Սերժ Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան: Կապ չունի, սա անընդունելի է: Հաղթող կողմը ներկայանում է որպես պարտված: Ես որ նայում եմ հեռուստատեսությամբ Ալիեւի նստելու ձեւը, իր պահվածքը, ինձ թվում է, թե մենք պարտվողն ենք, ինքը՝ հաղթողը: Չի կարելի թույլ տալ, որ էդ չափի լկտիանան»:

«Ա1+»-ի հարցին՝ ինչո՞ւ են Ղարաբաղի լիդերները գալիս Հայաստան՝ այդ դեպքում ո՞վ պետք է առաջնորդի ղարաբաղցիներին (նշվեցին Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը), Սամվել Բաբայանը պատասխանեց այսպես. «Ի տարբերություն ձեր նշած անձանց, ես չեմ եկել Հայաստան այնպես, ինչպես նրանք են եկել: Ես եկել եմ, որ չխանգարեի, չմնայի Ղարաբաղում, որ էսօր մեր սիրելի ընկերները գրեին՝ Բաբայանը պայքարում է իշխանության համար, կարոտախտով է տառապում եւ այլն, ես էդ պատճառով Ղարաբաղից հեռացել եմ: Եթե մնամ, պետք է պայքարեմ, որովհետեւ տեսնում եմ, որ սա սխալ է ընթանում: Եվ ես գիտեմ, որ քաղաքականությունը վարվում է Երեւանում, եւ եթե ինչ-որ ազդեցություն պետք է ունենաս, պետք է ունենաս այստեղ: Իմ տեղափոխման պատճառը սա է: Ինչ վերաբերում է մյուսներին՝ իրենց հարցրեք»:

«Առավոտը» հարցրեց ըստ Սամվել Բաբայանի, Ղարաբաղի հարցը լուծման կարիք ունի՞, թե՞ ինքը համարում է, որ այդ հարցը վաղուց լուծված է: Սամվել Բաբայանը նկատեց. «Քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների, դրա մասին պետք չի խոսենք: Ես հստակ ձեւակերպեցի՝ այո, պետք է գնանք փոխզիջումների, բայց եթե դիմացինը չի ուզում, փոխզիջում հասկացողությունն իր ուղեղում չկա, ես ինչի՞ց եմ խոսում»: Հարցի լուծման մեխանիզմը, ըստ Սամվել Բաբայանի, սա է՝ հակամարտության կողմերը Ղարաբաղն ու Սդրբեջանն են, հարցերը պետք է լուծվեն Ստեփանակերտում, իսկ միջնորդները պետք է դատավորի դերում լինեն եւ ոչ թե դիտորդի. «Մեղավոր կողմը Ղարաբաղը չի, Ադրբեջանն է, նա է սկսել պատերազմը, եւ Ղարաբաղը պետք է իր համար ազատ, անկախ ապրի: Եթե այսօր խոսում ենք մի մարդու իրավունքի մասին, ապա չի կարելի մի ամբողջ ժողովրդի տալ ստրկության»:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞վ է բացատրվում խնդրի ակտիվացումը: Սամվել Բաբայանն ասաց, որ խնդիրն ակտիվացավ Թուրքիայով. «Թուրքիան շատ պարզ ձեւակերպեց՝ եթե Ղարաբաղի հարցում որեւէ քայլ չի լինելու, մենք սահման չենք բացելու, եւ բոլոր միջնորդները կենտրոնացան Ղարաբաղի հարցի վրա: Այստեղ Թուրքիայի հարց չի գնում, մեզ ուղղակի շեղում են, կոնկրետ գնում է Ղարաբաղի հարցը: Ղարաբաղը սարքել են «տորգ», առեւտուր ենք անում՝ ինչքան տանք, ինչքան չտանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել