Եվ, ըստ ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանի, այդ մանրուքները պետք է թողնել դիվանագետներին
– Նախորդ շաբաթ դուք գովերգում էիք մադրիդյան կոչվող սկզբունքները, որոնք համանախագահները հրապարակ էին նետել, սակայն երեկ արդեն պարզվեց, որ նույն այդ սկզբունքները «թարմացվում» են եւ հնարավոր է՝ լուրջ փոփոխությունների ենթարկվեն: Ինչո՞վ եք բացատրում, որ դրանք հիմա էլ փոփոխվում են եւ հիմա ի՞նչ եք ասելու:
– Ես կարող եմ դրան պատասխանել այսպես՝ հայկական կողմը, սկսած 2007 թվականից, երբեք չի բացահայտել մադրիդյան կոչված սկզբունքների բովանդակությունը, հակառակ այն իրողության, որ թե միջազգային կառավարական եւ ոչ կառավարական զանազան կազմակերպությունները եւ թե ադրբեջանական կայքերը պարբերաբար տվել են որոշակի տեղեկություններ, իմ կողմից ավելացնեմ՝ ոչ ստույգ եւ ոչ ամբողջական, որոնք հասարակությանը ներկայացվել են որպես, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքներ: Եվ այն ժամանակ, երբ երեք երկրների նախագահները հայտարարեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ համաձայնեցված սկզբունքների մասին, սկսեցին խոսել այն մասին, որ մադրիդյան 14 կամ 16 սկզբունքներից առայժմ համաձայնեցված են միայն վեցը: Այն բանից հետո, երբ երկու երկրների նախագահները շարունակեցին բանակցությունները, եւ, այսպես կոչված, կետերի թիվը չավելացավ, սկսեցին խոսել այն մասին, որ բանակցությունների գործընթացում փոփոխման են ենթարկվում այն դրույթները, որոնք, այսպես կոչված, սկսել էին համաձայնեցվել 2007-ից: Դրա համար, ես կարծում եմ, մեր դիվանագետներին պետք է հնարավորություն տալ շարունակելու կառուցողական բանակցությունները՝ առանց բզբզելու մանրուքների մեջ: Իմ կարծիքով, մեր դիվանագետներից մենք միայն մեկ բան կարող ենք պոկել, այն է՝ պահանջել, որ նրանք հրապարակավ հայտարարեն, որ հայկական դիվանագիտության գործունեության նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է: Եթե այս հավաստիացումը մենք ստանանք, մնացած հարցերում դիվանագետներին պետք է հնարավորություն տանք աշխատել եւ «մանյովրել»:
– Սակայն հենց դուք նախորդ շաբաթ, խոսելով Ղարաբաղի խնդրի մասին, հայտարարեցիք, թե սատանան մանրուքների մեջ է, անգամ առաջարկեցիք առայժմ չխոսել մանրուքների մասին, հիմա ի՞նչ անենք, այդ «սատանային» ո՞ւմ թողնենք:
– Այն ժամանակ, երբ Հայաստանի դիվանագիտությունը պաշտոնապես կհայտարարի, որ մանրամասնությունների կամ սկզբունքների ամբողջ փաթեթը արդեն համաձայնեցված է աշխատանքային մակարդակով, այդ բանից հետո Հայաստանում պետք է սկսվեն քաղաքական քննարկումներ խորհրդարանում, խորհրդարանից դուրս, եթե անհրաժետ լինի՝ պետք է անցկացվի խորհրդակցական հանրաքվե, եւ դրանից հետո միայն որոշում կայացվի՝ մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ չենք գնում:
– Սամվել Բաբայանը հայտարարեց, որ Հայաստանը շարունակ խոսում է զիջումներից, այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը ոչ մի զիջման մասին չի խոսում:
– Ես միշտ էլ ասել եմ՝ քանի դեռ Ադրբեջանը պաշտոնապես պատրաստ չէ ընդունել ԼՂՀ ինքնորոշման իրավունքը եւ չի հայտարարել այդ մասին, որեւէ զիջման մասին խոսակցությունները ժամանակի պարապ վատնում են, ես դրան կողմ եմ. ես կարծում եմ՝ զիջումների մասին խոսք կարող է գնալ միայն զուգահեռաբար, որպես հետեւանք այն բանի, երբ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի հիման վրա միջազգային ճանաչումը կդառնա փաստ:
– Երեկ ամբողջ օրվա ընթացքում տեղեկություններ էին տարածվում, որ զորքերը տեղաշարժվում են, եւ զինվորականության մեջ ինչ-որ լարված իրավիճակ կա. դուք, որպես իշխող կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժի անդամ, ի՞նչ գիտեք այս մասին:
– Ես նման տեղեկություն չունեմ, ե րեւի ինչ-որ մեկի հնարածն է:
– Սամվել Բաբայանը պնդում է նաեւ, որ Ադրբեջանը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի է պատրաստվում:
– Ես համաձայն եմ նրա հետ, բայց եւ համոզված եմ, որ մոտակա երկու տարվա ընթացքում Ադրբեջանը չունի Հայաստանի հետ հաղթական պատերազմ սկսելու եւ վարելու ոչ մի հնարավորություն, բայց այն, որ Ադրբեջանում հանրության մեջ այսօր գերիշխում են զինված ճանապարհով հարցերը լուծելու տրամադրությունները եւ ոչ մի թիզ հող հայերի ինքնորոշման համար չեն ուզում թողնել, սա ես վկայում եմ: