Այսօր՝ հուլիսի 23-ը, վերջին օրն է, երբ պետական բուհերի 2009 թվականի դիմորդները կարող են իրենց միջնակարգ կրթության ավարտական վկայականները՝ ատեստատները, ներկայացնել բուհերի ընդունող հանձնաժողովներին: Այս ժամկետը արդեն մեկ անգամ երկարացվել է, եւ հանրապետական ընդունող հանձնաժողովն այսօր անելանելի դրության մեջ է. առանց այդ փաստաթղթի բուհեր հանձնված անձնական գործերի փաթեթը, ըստ ընդունելության կանոնների 45-րդ կետի, չի կարող համարվել լրիվ, եւ դիմորդը չի կարող մասնակցել մրցույթին: Սակայն երեկվա դրությամբ մոտ 2000 (երկու հազար) դիմորդ, որոնց թվում՝ բավականին լավ միավորներ հավաքած շրջանավարտներ, դեռ չեն հանձնել իրենց ատեստատները, եւ եթե չհասցնեն դա անել այսօրվա ընթացքում, մեխանիկորեն դուրս կմնան մրցույթից: Նման «դնջությունը» ուղղակի անհասկանալի է: