Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԳՈՒՀԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

Հուլիս 22,2009 00:00

\"\"Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA եւ WIBA վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը երեկ վաղ առավոտյան հոր՝ Լեւոն Կենտիկյանի հետ Մյունխենից ժամանեց հայրենիք եւ, պայմանավորվածության համաձայն, առաջին բացառիկ հարցազրույցը տվեց «Առավոտին»:

– Սյուզի, քանի՞ տարի չէիր եղել Երեւանում:

– 18 տարի: Երբ ծնողներս տեղափոխվեցին Մյունխեն, ես ընդամենը երեք տարեկան էի:

– Մանկական հիշողություններիդ մեջ ինչ-որ բան մնացե՞լ է:

– Գրեթե ոչինչ, անգամ տատիկիս տունը շատ աղոտ եմ հիշում:

– Ընդամենը մի քանի ժամ է, ինչ Երեւանում ես: Տպավորություններ արդեն ունե՞ս:

– Առաջին բանը, որ տպավորվել է մեջս, լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան տանող ճանապարհի լուսավորությունն էր: Երբ տեսա կազինոները, մի պահ թվաց, թե սխալ տեղ ենք վայրէջք կատարել: Սա, իհարկե, կատակով եմ ասում: Առաջին տպավորություններս ստանալու դեռ երկու շաբաթ ունեմ:

– Թեեւ մեկ անգամ հեռախոսազրույցով հարցրել եմ, բայց թարմացնելու կարիք, կարծում եմ, կա: Գերմանիայի նման երկրում ինչո՞ւ հատկապես բռնցքամարտն ընտրեցիր:

– Գիտե՞ք, ես Գերմանիայում շատ մարզաձեւեր եմ փորձել: Կարատե, ջիուջիցու եւ այլն: Բայց հենց մտա ռինգ, մարզաձեւն ինձ շատ դուր եկավ: Տեսա, որ ռինգում հանգստանում եմ:

– Այսինքն՝ ավելորդ էներգիա շա՞տ ունեիր, ու այդ էներգիան սպառելու լավագույն տեղը ռի՞նգն էր:

– Կարելի է այդպես էլ ասել:

– Հասկանալի է, որ սկսել ես սիրողական բռնցքամարտից:

– Իհարկե: Սկսեցի մարզվել: Շուտով հաջողություններ էլ եղան: Սիրողական ռինգում անցկացրել եմ 25 մենամարտ, որոնցից 24-ում հաղթել եմ ու միայն մեկում պարտվել:

– Ինչպե՞ս եղավ:

– Մրցակցիս անունը չեմ հիշում, բայց նրան արդեն մեկ անգամ հաղթել էի: Այդ օրը վատառողջ էի ու չպետք է ռինգ մտնեի: Բայց մտածելով, որ նա ինձ պարտվել է, որոշեցի պայքարել: Գուցե, վատառողջությունից բացի, թերագնահատեցի նրան, սխալ տակտիկա ընտրեցի:

– Հետաքրքիր զուգադիպություն է ստացվում: Հուլիսի 4-ին պրոֆեսիոնալ ռինգում նույնպես անցկացրիր 25-րդ՝ հոբելյանական մենամարտդ: Բայց այստեղ, որ ավելի դժվար է, միայն հաղթանակներ ես տոնել, որոնցից 16-ը՝ նոկաուտով:

– Դե, այդպես է ստացվել: Բայց՝ ոչ ինքն իրեն: Արդեն փորձառությունն է խոսում: Մինչեւ վարպետների շարքին դասվելը, նվաճել եմ Գերմանիայի ազգային չեմպիոնի կոչումը, հետո դարձել Եվրոպայի, միջմայրցամաքային չեմպիոն: Հավատացեք, դա հեշտ գործ չէ, ու ոչ ոքի հենց այնպես չի տրվում:

– Պրոֆեսիոնալ ռինգում քո անցկացրած մենամարտերի վիճակագրությունն ասում է, որ վերջին երեք մենամարտերում մրցակիցներիդ նոկաուտ անել չի ստացվում: Ինչո՞ւ:

– Պատասխանս մի փոքր երկար պիտի լինի, որովհետեւ պատճառները շատ են ու բոլորն էլ՝ առաջնային ու գլխավոր: Նախ, հիմա մրցակիցներս թույլ չեն: Նրանցից յուրաքանչյուրը աշխարհի չեմպիոն է, անգամ ավելի բարձր քաշային կարգերում, ինչպես վերջինը՝ արգենտինացի Գայտեն: Երկրորդ, վերջին շրջանում մարտավարությանս տակտիկան եմ փոխել: Եթե սկզբնական շրջանում աշխատում էի մրցակիցներիս անպայման հնարավորին չափ շուտ նոկաուտ անել, ու դա ստացվում էր, հիմա տակտիկաս փոխել եմ:

– Ինչո՞ւ:

– Մարզական առումով ապացուցում եմ, որ կարող եմ մարտն անցկացնել իմ ուզած ոճով ու մրցակիցներիս պարտադրել իմ կամքը: Բայց կա նաեւ մեկ այլ՝ ոչ կարեւոր պատճառ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն, այնուամենայնիվ, նաեւ շոու է: Ժամանակին իմ մարտերից մեկն սկսվեց ու ավարտվեց հենց առաջին ռաունդում: Բայց դրանից հետո թե մարզասերները, թե այն հեռարձակող հեռուստաընկերությունը դժգոհ էին մնացել: Առաջինները այն պատճառով, որ ակնկալած բռնցքամարտը չտեսան, երկրորդը, որ գովազդատուների հետ բավականին խնդիրներ էր ունեցել:

– Բռնցքամարտում երկա՞ր ես մնալու:

– Այդ մասին առանձնապես չեմ մտածել: Բայց ուզում եմ դեռ մի յոթ տարի կարիերաս շարունակել:

Մեր զրույցին մասնակցում էր նաեւ Սյուզիի հայրը՝ Լեւոն Կենտիկյանը: Բնականաբար, հետաքրքիր էր լսել նաեւ ծնողին:

– Պարոն Լեւոն, Վախթանգ Դարչինյանի, Արթուր Աբրահամի ծնողներն ասում են, որ իրենք դեմ են եղել եւ հիմա էլ դեմ են իրենց զավակի ռինգ մտնելուն ու իրենց որդու մարտերը չեն նայում անգամ հեռուստացույցով: Իսկ դո՞ւք:

– Ես Սյուզիին տարբեր մարզաձեւերի եմ տարել, որոնք աղջկան սազական էին: Բայց նա նախընտրեց բռնցքամարտը: Ես սկզբում եւ հիմա էլ դեմ եմ: Բայց տեսնելով, որ նա ռինգում պարզապես հանգստանում է, չեմ խոչընդոտում: Կարող են մտածել, որ հիմա եմ այդպես խոսում, երբ Սյուզին արդեն աշխարհի չեմպիոն է ու գումարներ է վաստակում: Բայց երբ նա ընդամենը 16 տարեկան էր ու նրա՝ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի պայմանագիրը ես պետք է ստորագրեի, հայտարարեցի, որ դա անում եմ ոչ թե փողի ակնկալիքով (դրամ վաստակելու այլ ձեւեր կան), այլ միայն այն բանի համար, որ դուստրս է մարզաձեւն ընտրել, որտեղ իրեն լավ է զգում: Ինչ վերաբերում է նրա մարտերը նայելուն, ես մշտապես դահլիճում եմ լինում, անգամ ռինգին մոտ: Ճիշտ է, սկզբում հուզվում եմ, անհանգստանում, բայց, բարեբախտաբար, Սյուզին շատ արագ իմ հոգեկան վիճակը տեղն է բերում:

– Երբ տեղափոխվեցիք Գերմանիա, Սյուզին ընդամենը երեք տարեկան էր: Բայց, ապրելով եւ մեծանալով Գերմանիայում, հայերեն շատ լավ է խոսում:

– Իսկ ինչո՞ւ պետք է չխոսի: Մենք տանը միայն հայերեն ենք խոսում: Իսկ ես եւ տիկինս անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր երեխաները խոսեն միայն գրական հայերենով:

– Սյուզին մեկ մեծ եղբայր ունի: Նա սպորտով զբաղվո՞ւմ է:

– Որդուս՝ Միքայելին, ինքս եմ տարել բռնցքամարտի: Նա էլ լուրջ հաջողությունների է հասել, դարձել է Գերմանիայի չեմպիոն: Բայց երբ պրոֆեսիոնալ բռնցքամարտ տեղափոխվելու որոշում կայացնելու ժամանակը եկավ, դեմ եղա, քանի որ տղամարդկանց պրոֆեսիոնալ բռնցքամարտն անհամեմատ ավելի արագ է եւ վտանգավոր: Հիմա նա մրցավարություն է անում, զբաղվում է մարտերի կազմակերպմամբ եւ սպասարկմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել