Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները անկախության կողմն են

Հուլիս 22,2009 00:00

«Առավոտի» հուլիսի 16-ի համարում արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը նախաձեռնել է հանդիպումների շարք՝ մարզերի դպրոցների տնօրենների հետ, որպեսզի նրանց ներկայացնի հուլիսի 10–ին ընդունված «Հանրակրթության մասին ՀՀ օրենքը»: Արարատի եւ Արագածոտնի մարզերում կայացած հանդիպումներից հետո երեկ հերթը Շիրակի մարզինն էր, սակայն այս հանդիպումը ավելի փոքրամասշտաբ էր: Հանդիպմանը ներկա էին միայն Գյումրիի թվով 13 դպրոցների տնօրեններ: Նկատենք, որ Շիրակի մարզում կա 164 հանրակրթական դպրոց, որոնցից 40-ը՝ Գյումրիում: Դժվար է ասել՝ տնօրենների այս սակավությունն ինչով էր պայմանավորված՝ արձակուրդներո՞վ, քննարկվող հարցի հանդեպ հետաքրքրության բացակայությա՞մբ, մարզպետի չկամությա՞մբ, թե՞ մեկ այլ պատճառով: Կարծում ենք, որ առաջին երկու վարկածները քիչ հավանական են, քանի որ անմիջականորեն իրենց գործունեությանն առնչվող օրենքը այնքան է հետաքրքրում տնօրեններին, որ նրանց ոչ մի արձակուրդ չէր խանգարի մասնակցել այս կարգի խորհրդակցությանը: Երրորդ տարբերակը ամենահավանականն է, քանի որ այս օրենքը, ըստ էության, մարզպետարանների ձեռքից դպրոցների ազատագրումն է արձանագրում, եւ բնական է, որ մարզպետները կցանկանան որքան հնարավոր է՝ քիչ տնօրեններ տեղյակ լինեն իրենց իրավունքներից եւ, հնարավորինս երկար ժամանակ անտեղյակ մնալով շարունակեն իրենց ենթակա զգալ մարզպետին: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ որոշ մարզպետներ արդեն իսկ սկսել են նախագահին համոզել, որ չստորագրի այս օրենքի տակ՝ իրենց պնդումը հիմնավորելով նրանով, որ այդ պարագայում այլեւս լծակներ չեն ունենա՝ տնօրենների վրա ազդելու, մասնավորապես, ընտրությունների շրջանում: Եթե հանկարծ նման բան տեղի ունենա՝ նախագահը, օգտագործելով իր իրավունքը, վետո դնի այս օրենքի ընդունման վրա, ապա դա կվկայի մի բան. ՀՀ տարբեր քաղաքական ուժերի քաղաքական կամքի արտահայտության վառ օրինակ հանդիսացող այս օրենքը, որը հեղինակել է կառավարությունը, որի վրա աշխատել է ԱԺ համապատասխան հանձնաժողովը 4 տարի՝ երեք տարբեր նախագահներով՝ Հրանուշ Հակոբյան, Արմեն Աշոտյան, Արտակ Դավթյան, եւ որի ընդունման հարցում ընդդիմությունը՝ ի դեմս «Ժառանգության», եւ իշխանական կոալիցիան եկել են մի հայտարարի, եւ որը, վերջապես, իրապես արտացոլում է մեր երկրում կրթական բարեփոխումների ռազմավարությունը, շատ ավելի փոքր արժեք ունի, քան դպրոցները՝ տնօրենների միջոցով ընտրակեղծիքների գործիք թողնելու գայթակղությունը: Հիշեցնենք, որ ըստ այս օրենքի, դպրոցների կառավարման խորհուրդները ոչ միայն ընտրում են տնօրեններին, այլեւ նրանց հետ պայմանագիր են կնքում: Նախկինում տնօրենների հետ աշխատանքային պայմանագիրը կնքում էր մարզպետը՝ դրանով իսկ կախման մեջ պահելով տնօրենին իր քմահաճույքից:

Մեզ համար զարմանալի չէր, որ շատ առումներով ավելի առաջադեմ Գյումրիում այս օրենքն ավելի լավ ընդունվեց, քան Արարատի մարզում, որտեղի դպրոցների տնօրենների հիմնական մասը գերադասում էր կախված մնալ մարզպետարանից՝ դա պատճառաբանելով դպրոցական խորհուրդների չկայացածությամբ: Իսկ Գյումրիում, թեեւ էլի տնօրենների մեծ մասը աշխատում է մարզպետի հետ կնքած անժամկետ (ավելի ճիշտ՝ 1 տարվա) աշխատանքային պայմանագրով, սակայն այս քաղաքում ոչ միայն դպրոցական խորհուրդներն են կայացած, ոչ միայն մարդկանց իրավագիտակցությունն է բարձր, այլեւ՝ թիվ 19 դպրոցի հետ կապված ցավալի պատմության արդյունքում առավել ակնհայտ դարձավ մարզպետի կամայականություններից հեռու մնալու հրատապությունը: Համենայնդեպս, երեկ Գյումրիի թիվ 6 դպրոցում հավաքված տնօրեններից ոչ մեկը բացասաբար չարտահայտվեց այս օրենքի մասին, ավելին, անընդհատ նշում էին, որ այն շատ ժողովրդավարական է եւ միտված ապագային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել