Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստիս հիմքը հուշերս են

Հուլիս 22,2009 00:00

\"\"Վլադիմիր Մսրյանի «ուշացած» հոբելյանը

Ալավերդի քաղաքում ավանդաբար անցկացվում են «Քեզ կանչում է ծննդավայրը» միջոցառում-հանդիպումներ, որոնց ընթացքում մեծարվում են Լոռվա այս գողտրիկ քաղաքում ծնված կամ ինչ -որ կերպ նրան առնչվող արվեստագետները: ՀՀ ժողովրդական արտիստներ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանից, դերասան Վլադիմիր Գրիգորյանից հետո հերթը ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր Մսրյանինն էր: Օրերս Ալավերդու «Մանես-Վալլեքս» գործարանի նորակառույց մշակույթի պալատում կազմակերպված տոնախմբության առիթը նշանավոր դերասանի ծննդյան 70-ամյակն էր:

Մսրյանը Ալավերդիում չի ծնվել: Նա իր կենսագրության մեջ ծննդավայրը նշում է Վլադիկավկազը: Սակայն արվեստագետի մանկության ու պատանեկության տարիներն անցել են այս քաղաքում, որի պետական թատրոնում ժամանակին ստեղծագործել են նրա ծնողները՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Արաքսյա եւ Հովհաննես Մսրյանները: Այստեղ էլ ապագա արտիստն ավարտել է միջնակարգն ու որոշել դերասան դառնալ, ունենալով հայ բեմի երկու հսկաների Վահրամ Փափազյանի եւ Հրաչյա Ներսիսյանի հորդորները:

Երեկոյի ընթացքում դերասանի մասին հանգամանալից խոսք ասաց թատերագետ Լեւոն Մութաֆյանը, որն ալավերդցիներին եւ հյուրերին ներկայացրեց Մսրյանին նվիրված իր գիրքը: Ցուցադրվեց ռեժիսոր Գուրգեն Գադաչիկի՝ դերասանին նվիրված ֆիլմը եւ Սանկտ Պետերբուրգում նկարահանված Մսրյանի դիմանկարային ակնարկը, որտեղ ռեժիսոր Լեոնիդ Մենակերը շեշտը հիմնականում դրել էր «Նիկոլո Պագանինի» Ֆիլմի վրա, որը ժամանակին հռչակ ու ճանաչում բերեց արտիստին:

Մսրյանը ոգեւորված էր այն հանգամանքով, որ հեռավոր բնակավայրերում չեն մոռանում արվեստի ու մշակույթի մարդկանց, հիշվում են այն արվեստագետներին, որոնք մեր ազգային մշակույթի ու արվեստի լավագույն էջերն են լրացրել:

Արտիստը հաճախ խոսում է այն մասին, որ հատկապես երիտասարդ սերունդը վատ գիտի մեր մեծերին, որ ազգային շատ արժեքներ հանիրավի մոռացության են մատնվում: Այդ մտահոգությունը Ալավերդիում եւս նկատելի դարձավ, որովհետեւ դահլիճում գերակշռում էին միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչները, իսկ երիտասարդներից շատերն անգամ տեղյակ չէին ժամանակին աղմուկ հանած «Պագանինի» ֆիլմի մասին:

Երեկոյից հետո «Առավոտը» նշանավոր արտիստից հետաքրքրվեց՝ դերասանի ծննդյան 70 տարին լրացել էր 2008թ., ուշացած այս հոբելյանական երեկոն արդյո՞ք մեկ անգամ եւս մեծարվելու առիթ էր, թե՞ առավել կարեւոր ու նվիրական մի բան կար: «Ես փառամոլ մարդ չեմ եւ մեծարանքի բազմաթիվ առիթներ եմ ունեցել: Ինձ համար այս երեկոն առաջին հերթին հանդիպում էր մանկությանս հետ, իսկ երբ մարդը կորցնում է մանկության զգացողությունը, կորցնում է նաեւ հիշողությունը: Այսօր վերագտա մանկությունս, ինչը նշանակում է, որ հրաժեշտ չեմ տվել հիշողություններիս: Իմ դերասանական աշխատանքներում հենց հիշողություններն են, որ երբեմն առաջմղիչ ուժ են հանդիսանում… Կարեւոր է նաեւ այն, որ ալավերդցիները կրկին առնչվեցին թատրոնի ու կինոյի հետ, նոստալգիկ զգացողություններ ապրեցին: Արվեստը պետք է դուրս գա մայրաքաղաքի տիրույթներից եւ խոսի մարզերում ապրողների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել