Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ

Հուլիս 22,2009 00:00

«Ասում էին՝ Հայաստանը փոխվել է, բարեկարգվել …Ոչինչ էլ չի փոխվել, միայն Աբովյան, Թումանյան, Հյուսիսային պողոտաներն են գեղեցկացել…»,-սրտնեղում է Համազգային ուսանողական ֆորումի ծրագրով Հայաստան ժամանած բրազիլաբնակ 22-ամյա Վազգեն Երիկինյանը:

Արդեն շուրջ մեկ շաբաթ է Երեւանով եւ հանրապետության տարբեր մարզերով շրջում են մի խումբ սփյուռքահայ երիտասարդներ. հուլիսի 13-27-ը Երեւանում անցկացվում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական 15-րդ ֆորումը: Ըստ միության նախագահ Լիլիթ Գալստյանի՝ Համազգայինի ուսանողական ֆորումը տարիների ավանդույթ ունի. «Ֆորումն ամենամյա է: Անցյալ տարի Համազգային հիմնադրամը տոնեց իր 80-ամյակը: Հիմնադրման հենց առաջին օրվանից համազգայինի նպատակը մեկն էր՝ ինքնություն, հայապահպանություն, իսկ ինքնության ու հայապահպանության ամենաճշմարիտ ճանապարհը մշակույթն ու հայ դպրոցն էր: Նպատակը աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելը, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակցելն է: Եթե մեկ բառով ասելու լինեմ՝ հայրենաճանաչ ծրագիր է, որովհետեւ նպատակ ունենք տարբեր համալսարաններում ուսանող սփյուռքահայ երիտասարդներին հրավիրել Հայաստան եւ մեր ներկայի ճանապարհով, անցյալի ճանապարհով նրանց ծանոթացնել հայրենիքին, ցուց տալ ինչ արմատներից են նրանք սերված, հասկանալ, թե իբրեւ հայ ինչ պատասխանատվություն ունեն»:

Համազգայինի ֆորումին այս տարի իրենց մասնակցությունն են բերել յոթ երկրից շուրջ 30 հայ ուսանող երիտաասարդներ. «Ուսանողները Սփյուռքի տարբեր գաղթօջախներից են՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Իրան, Բրազիլիա, Իսրայել, ԱՄԷ»: Ինչպես նշում է Լ.Գալստյանը, համալսարանական ուսանողների ծրագիրը բավականին հագեցած է. «Ծրագիրը կրթական-մշակութային ուղղվածություն ունի. ամեն օր դասախոսություններ տարբեր թեմաներով՝ հայոց գրեր, մշակույթ, պատմություն, քննարկումներ հայագիտության, հայապահպանության թեմաներով: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ հայրենի մտավորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ: Օրեր առաջ հանդիպեցին Սփյուռքի նախարարին, քննարկեցին սփյուռքահայության եւ Սփյուռքի խնդիրներ»:

Երուսաղեմից 19-ամյա Աֆո Սահյանն արդեն երրորդ անգամ է ժամանում Հայաստան: Ֆորումին էլ առաջին անգամ է մասնակցում. «Ծրագիրը հետաքրքիր է: Կարծես նպատակ ունի մեզ կապելու Հայաստանին, բայց ես դրա կարիքը չունեմ՝ ստիպողաբար կապվելու, քանի որ արդեն կպած եմ ես այս հողին: Որոշել եմ՝ տեղափոխվելու եմ Հայաստան, չնայած այստեղ ամեն ինչ շատ բարդ է եւ ոչ այնքան հիանալի, ինչպես հեռվից է թվում, բայց ինձ ոչինչ չի հետաքրքրում, ուզում եմ այստեղ ամուսնանալ եւ երեխաներ ունենալ, ուզում եմ, որ իմ երեխաները այստեղ դպրոց գնան: Դրսում վախենում եմ երեխաներս կորցնեն իրենց ինքնությունը, հայ լինելը, ես ինքս էլ եմ վախենում հայությունս կորցնելուց, քանի որ այնտեղ ամեն ինչ այլ է, անկախ քո կամքից կարող է դա ստացվի ու մի օր արթնանաս ու հասկանաս, որ վերջ… Ծնողներս խիստ են դրել հայությանս հարցը, միշտ ամեն պահի ինձ հիշեցրել, որ ես հայ եմ, որ իմ արմատները գալիս են Հայաստանից»:

Բրազիլաբնակ Վազգեն Երկինյանը պնդում է, որ հայապահպանության հարցը վտանգի տակ է Սփյուռքում. «Շատ քիչ է մնացել, Սփյուռքը փրկության կարիք ունի: Վերջերս հանդիպեցինք Սփյուռքի նախարարի հետ, ես նրան փորձեցի բացատրել, որ Սփյուռքի վիճակն այնքան էլ լավ չէ, որքան թվում է: Օրինակ Բրազիլիայում, որտեղ ես ապրում եմ, չկա հայոց լեզվի նորմալ մասնագետ, հայոց պատմությունը լրիվ բարձիթողի վիճակում է, ինձանից հետո եկող սերունդը չգիտի Հայաստանի մասին, քարտեզի վրա, թե որտեղ է այն գտնվում, չգիտի հայոց լեզու, խոսում է օտար լեզվով… Անգամ հայ ծնողները արդեն ուշադրություն չեն դարձնում այդ խնդրին, որ քիչ-քիչ արմատներից հեռանում են»: Ֆորումի մասին էլ ասաց. «Ամեն օր տարաբնույթ հանդիպումներն ինձ ավելի են մոտեցնում Հայաստանին: Ծրագիրը հագեցած է հայապահպանակ թեմաների քննարկումներով: Եթե ամեն տարի ծրագիրը կարողանա ՀՀ բերել ավելի քան 20-30 երիտասարդ ուսանողի եւ նրանց մոտեցնի Հայաստանին, ապա նրանցից գոնե 10-ը ետդարձի ճանապարհին կմտածեն այստեղ մնալու կամ տեղափոխվելու մասին, ինձ պես»:

Ի դեպ, օրերս ֆորումականները այցելեցին Նուբարաշենի հատուկ նշանակության զորամաս, որտեղ ներկա գտնվեցին նորակոչիկ զինծառայողների երդման արարողությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել