Լրահոս
Օրվա լրահոսը

Մետալուրգի օրը Ալավերդիում

Հուլիս 22,2009 00:00

\"\"Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ, Ալավերդի քաղաքի, հանքափորի եւ մետալուրգի օրը նշվեց համատեղ, հուլիսի 19-ին: Մինչ այդ Ալավերդու քաղաքապետարանը քաղաքի օրը նշել է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ին:

Հանդիսավոր արարողությունը անցկացվեց Ալավերդու «Մետալուրգ» ստադիոնում: Արարողությունը օրհնեց եւ մետալուրգներին ու ալավերդցիներին շնորհավորանքի խոսքեր ասաց Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա Տեր-Միքայել Շաղոյանը: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը ալավերդցիներին բացատրեց, թե ինչու է քաղաքի օրը տեղափոխվել հուլիսի 19-ը. «Ալավերդին 71 տարեկան չէ, Ալավերդին ունի հազարամյակների պատմություն: 1938 թվականին Ալավերդին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդամենը ստացել է քաղաքի կարգավիճակ, այսուհետեւ Ալավերդու օրը կտոնվի յուրաքանչյուր տարվա հուլիսի 3-րդ կիրակին»:

Լոռու փոխմարզպետ Դարբինյանն էլ կարեւորեց եւ Ալավերդու եւ մետալուրգի տոները: «Քաղաքը մետալուրգիայի ծնունդ է, մետալուրգիան՝ քաղաքի: Խինդ ու ծիծաղ ալավերդցիներին»,- մաղթեց նա: Լավատեսական էր «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանի խոսքը. «Շնորհակալություն, որ այսպիսի ակտիվ մասնակցություն եք ցուցաբերել»: Ալավերդու պղնձաձուլական գործարանի հետագա ճակատագրի մասին էլ Գագիկ Արզումանյանը ընդամենը ասաց. «Ես հավատում եմ, որ գործարանի ապագան լուսավոր է»: Ու քանի որ տոն էր, ոչ ոք չհիշեց, որ վերջին տարվա ընթացքում «Մանես-Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարները, նաեւ՝ Գագիկ Արզումանյանը, բազմիցս հայտարարել են Ալավերդու պղնձաձուլական գործարանի հետագա շահագործումը ընկերության շահերից չբխելու եւ գործարանի հետագա գործարկումը չշարունակելու մտադրությունների մասին:

«Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռուբեն Պապոյանը կարեւորեց քաղաքում մետալուրգիայի զարգացումն ու քաղաքի ու մետալուրգի օրվա տոների համատեղումը: Երեւանի ավագանու անդամ, ՀՀ ժողովրդական դերասան Վլադիմիր Մսրյանը ալավերդցիներին ասաց այն, ինչ ասում էր երեւանցիներին՝ ավագանու ընտրությունների քարոզարշավի օրերին. «Լոռեցիներ, ես ձեր ցավը տանեմ, ինչքան, որ հուր կա իմ սրտում, ձեր ցավը տանեմ, բոլորը ձեզ: Մենք բարի ենք: Երեւի բնությունն է պատճառը, որ էսպես բարի ենք: Մի քիչ ձեր բարությունից տվեք, տանեմ Երեւան»:

Տոնի առիթով պղնձաձուլական գործարանի 50 եւ «Թեղուտ» ՓԲԸ-ի 14 աշխատակիցների «Վալլեքսի» ղեկավարությունը պարգեւատրեց շնորհակալագրերով, սառնարաններով, հեռուստացույցներով, բջջային հեռախոսներով եւ այլ պարգեւներով:

Արարողությունը տոնական էր, այդուհանդերձ հռետորների խոսքը զուրկ էր քաղաքի նվաճումների, սոցիալապես աղետալի վիճակում հայտնված Ալավերդու հետագա ճակատագրի ու հեռանկարային զարգացման վերաբերյալ տեղեկատվությունից:

Իսկ ելույթներին հաջորդեց տոնական համերգը, որին մասնակցում էին Ալավերդու մշակույթի կենտրոնի «Հրաշամանուկներ», Ալավերդու Սայաթ Նովայի անվան դպրոցի երգի-պարի թատրոնի սաները, ինչպես նաեւ Էմմին, Սոնա Շահգելդյանը, Խորեն Լեւոնյանը եւ Նադեժդա Սարգսյանի «Դո-Ռե-Մի» խումբը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել