Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԴԱՏԱՎՈՐԸ «ՏԵՂԸ ՉԻ ԲԵՐՈՒՄ»

Հուլիս 22,2009 00:00

«Երեխաներին Ալագյազ տեղափոխել չի լինի, դպրոցն ութամյա է, անցնում են քրդերեն եւ հայերեն, իսկ Ապարանի ղեկավարությունը պահանջում է բնակարանն ազատել: Դիմեցի այս հարցով գործկոմի նախագահին եւ շրջկոմի քարտուղարին, նրանք ընդառաջեցին, Հայաստանի ֆինժողկոմատի թույլտվությամբ հողբաժնում տնտեսված գումարից ստացա 3000 ռ., որով ձեռք բերեցի Երեւանում՝ Կոնդում, 2 սենյականոց բնակարան: Այդպիսով ազատվեցի ընտանիքով տարիներ շարունակ (1915-1939 թթ.) թափառելուց ու զրկանքներ կրելուց»,- գրում է գաղթի ճանապարհներով անցած, յոթ տարի հայկական բանակում կռված, թշնամու գնդակից վիրավորված եւ Հայրենական պատերազմի տարիներին գյուղատնտեսության ոլորտում անձնվեր աշխատանքի համար առաջին աստիճանի շքանաշան ստացած Մուշեղ Հակոբյանը: Ի՞նչ իմանար, որ 70 տարի անց՝ 2009-ին, իր տունը, այսպես ասած, վիճելի էր դառնալու, եւ զրկանքների նոր փուլ էր սկսվելու իր թոռան՝ Արամի համար, որը հիմա արխիվների ու զանազան ատյանների դռներն ընկած՝ ճիգեր է գործադրում, որ պաշտպանի իր սեփականության իրավունքը:

Այդ տանն են մեծացել Մուշեղի 5 զավակները, որոնց թվում եւ նշանավոր գրող, հրապարակախոս Անժիկ Հակոբյանը, որը Կոնդում ապրած իր պատանեկան տարիների պատմությունն ամփոփել է «Հիրիկը քարափների մեջ» վավերագրական վիպակում (Երեւան, 1987թ): Հետագայում իրենց աշխատավայրերից բնակարան են ստացել, գնացել, ու տունը մնացել է Մուշեղի թոռանը՝ Արամ Հակոբյանին: Երբ 1989 թ. ձեռնարկվեց Կոնդ թաղամասի վերակառուցման ծրագիրը, Սպանդարյանի շրջխորհրդի գործադիր կոմիտեն որոշեց Կոնդ թաղամասում կառուցվելիք շենքերից 3-սենյականոց բնակարան հատկացնել նրա 4 անձից բաղկացած ընտանիքին: Սակայն այդ ծրագիրը սառեցվեց: 2002 թ. նա դատարանի որոշմամբ հաստատեց սեփականատիրոջ իր իրավունքը եւ պետական կադաստրի «Կենտրոն» ստորաբաժանումից ստացավ սեփականության վկայականը:

Այս պատմությունը դրամատիկ դառձավ, երբ խառնվեց եւս մի գործող անձ՝ Արայիկ Սողոմոնյանը:

1979թ., այս անձը, որ ընտանիքով Երեւան էր տեղափոխվել Հրազդանի շրջանից եւ օթեւան չուներ, իմանալով (կինն աշխատում էր Արամի մոր հետ), որ հիշյալ տունը տվյալ պահին ազատ է, խնդրում է Արամին ժամանակավորապես օթեւան տալ իրեն: Ժամանակավորը դառնում է տարիներ, ու որքան ձգվում են տարիները, այնքան դժվար է դառնում կենվորին դուրս հրավիրելը: 1989թ.՝ թաղամասի վերոհիշյալ վերակառուցման աշխատանքները սկսվելու ժամանակ, նույն Սպանդարյան շրջխորհրդի համապատասխան մարմինը նրան այդ տնից վտարելու պահանջով դիմում է դատարան, քանի որ նա այդ տանը գրանցված չէր: Դատարանը որոշում է չվտարել՝ մինչեւ նրա բնակարան ձեռք բերելը: Այնուհետեւ Արայիկ Սողոմոնյանը խնդրում է Արամ Հակոբյանին այդ տանը գրանցվելու թույլտվություն տալ, որպեսզի ինքն էլ Երեւանում բնակարան ստանալու հնարավորություն ունենա:

Այժմ, երբ սկսվել են Կոնդի իրացման աշխատանքները, Արայիկ Սողոմոնյանը փորձում է բաժին պոկել Արամ Հակոբյանի սեփականությունից, վարչական դատարան հայց է ներկայացրել կադաստրի եւ Ա. Հակոբյանի դեմ:

Նա պահանջում է Կոնդ-65 հասցեի տան սեփականության իրավունքը մասնակի անվավեր ճանաչել: Տեսնելով, որ ոչ մի կերպ դատը չի շահելու, վերաքննիչ բողոք ներկայացրեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2002 թ. վճռի դեմ, որով Արամ Հակոբյանը ճանաչվել է տվյալ տան սեփականատեր:

Եթե պարզ մարդկային լեզվով ամփոփենք այս հայցի էությունը, ապա Արայիկ Սողոմոնյանի ուզածն այս է. քանի որ տարիներ շարունակ այս հարկի տակ ձրիաբար օթեւան եք տվել ինձ, ուրեմն ես էլ այս տան վրա իրավունքներ ունեմ, բարի եղեք ձեր սեփականության մի մասն էլ շնորհել ինձ, այլապես ընդհանրապես կխլեմ այն:

Այստեղ չեմ կարող դիմանալ գայթակղությանը եւ մեջբերում չանել Անժիկ Հակոբյանի գրքից: Երբ պատերազմի տարիներին ընտանիքը 2 տարով տեղափոխվում է շրջան, տանտերը՝ Արամ Հակոբյանի տատը, մտնում է թաղային տեսուչի մոտ ու ասում. «Լսել եմ, որ քաղաք են գալու Ռուսաստանից էվակուացված ընտանիքներ: Մեր տունը ձեր տրամադրության տակ է…»: Վերադառնալով տանը գտնում են այսպիսի գրություն. «Սպասիբո էտոմու դոմու, սպասիբո խոզյաեվամ, դայ բոգ վամ զդորովյե: Աննա Մորգունենկո»:

Դժբախտաբար թե բարեբախտաբար, Արամ Հակոբյանն իր նախնիներից ժառանգել է ոչ միայն այս անշարժ գույքը, այլեւ բարոյականությունն ու ապրելու կերպը:

Վերաքննիչ դատարանը Ա. Սողոմոնյանի հայցը չպետք է ընդուներ, քանի որ նա բաց է թողել վիճարկվող վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված եռամսյա ժամկետը: Բայց ընդունել է: Հուլիսի 9-ի դատալսումը (դատավոր Ա. Խառատյանի նախագահությամբ) ընթացավ ընթացակարգային կոպիտ խախտումներով. վերաքննիչ բողոքի պատասխանն ամբողջությամբ չընթերցվեց, պատասխանողի փաստաբանին փաստարկներ բերելու հնարավորություն չտրվեց, այնուհետեւ նրա միջնորդությունը՝ քննությունը հետաձգելու վերաբերյալ, մնաց անպատասխան: Ա. Խառատյանի կամայական վարվելակերպը հասավ գագաթնակետին, երբ պատասխանողի փաստաբանի հարցին ի պատասխան նետեց. «Էս տեղը չես բերո՞ւմ, հլը լիազորագիրդ դիր սեղանիս»:

Ակնհայտ է նաեւ, որ այս խմորը դեռ շատ ջուր կառնի, քանի որ խարդախությունների բոլոր թելերը տանում են քաղաքապետարան: Բավական է միայն նշել, որ Արայիկ Սողոմյանը փաստաթուղթ է ներկայացրել մի մարմնի անունից, որը ստորագրելու պահին գոյություն չի ունեցել, կամ որպես տվյալ տան սեփականատեր (սեփականատերը, ինչպես տեսանք, 2002 թ. ի վեր Ա. Հակոբյանն է) ավելի քան 4 մլն. դրամի գումար է կորզել քաղաքապետարանից, իբրեւ թե իր տանը տեղի ունեցած հրդեհի վնասները վերացնելու համար, թեեւ տանը նման վնաս չի պատճառվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել