Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԼՄ՝ ԱՌԱՆՑ ԿՐԻՄԻՆԱԼԻ

Հուլիս 22,2009 00:00

Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպի հիման վրա կնկարահանվի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որը ֆինանսավորում է «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Վարդանյանների ընտանիքը: Երեկ այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց, ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը՝ գործարար Հրանտ Վարդանյանի որդին: Նրա խոսքերով՝ այսօրվա հեռուստաեթերը լի է կրիմինալ բովանդակությամբ սերիալներով. «Մենք բոլորս դժգոհում ենք, ասում՝ ինչո՞ւ են մեր հեռուստաընկերությունները գողականապաշտ եւ կրիմինալ սերիալներ ցուցադրում: Բայց բոլորս նայում ենք ու դժգոհում: Մեղքը մերն է, որ դասականը քիչ է: Հասկանալի է, որ պահանջարկն է ստեղծում առաջարկ: Ժողովուրդը նայում է՝ հեռուստաընկերության ռեյտինգն է բարձրանում, ռեյտինգը՝ գովազդ է, գովազդը՝ փող: Այդ սերիալների ցուցադրման ժամին քաղաքը դատարկվում է, սերիալները դարձել են նարկոմանիայի նման մի բան»: Ըստ Կարեն Վարդանյանի, ժամանակն է ստեղծել ազգային մի նախագիծ, նկարահանել ֆիլմեր, որոնցում կքարոզվի հայրենասիրություն եւ ազգասիրություն: Պարոն Վարդանյանի կարծիքով՝ անհրաժեշտ է խորհրդային տարիների պես հեռուսատեսության համար ցենզ սահմանել, որպեսզի ամեն բան չթույլատրվի ցուցադրել, ռադիոհեռուստատեսության ազգային խորհուրդը որոշի՝ ինչ է կարելի, ինչը՝ ոչ: «Խաչագողի հիշատակարանը» նկարահանվելու է հանրային հեռուստատեսության կողմից, ցուցադրվելու է «ԱՐ» եւ հանրային հեռուստատեսություններով: Ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի խոսքերով՝ աշխատանքներն արդեն մեկնարկել են, տարեվերջին նախատեսվում է այն հասցնել ավարտին: Թե ինչո՞ւ է ընտրվել հենց այս վեպը, Հ. Քեշիշյանն ասաց. «Մուրադը՝ գլխավոր հերոսը, ճիշտ է, բացասական կերպար է, բայց Սիբիրում պատժվելուց հետո մարդը դառնում է դրական կերպար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել