Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջական խնդիրներ ունի

Հուլիս 22,2009 00:00

Լրագրողը արդեն 15 օր գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»

Հուլիսի 5-ին կտրուկ վատացել էր «Էրեբունի» ՔԿՀ-ում գտնվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաբաջանյանի առողջական վիճակը. բարձրացել էր արյան ճնշումն ու ընկել էր ցնցումների մեջ: Նրան տեղափոխել էին «Բանտարկյալների հիվանդանոց» ՔԿՀ, ուր արդեն շուրջ 15 օր անկողնային վիճակում է՝ պարբերաբար եւ օրական մի քանի անգամ ներարկումներ ու հաբեր է ընդունում: Հուլիսի 10-ին նրան տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտում էր անցկացվել, նկարվել էր նրա գլխուղեղը: Ըստ նախնական ախտորոշման՝ գլխուղեղի թրքական թամբի ստորին հատվածում դեռ 10 ամիս առաջ հայտնաբերված ուռուցքը՝ «կիստոզային ադենոմա», արագ զարգացել, մեծացել էր մոտ 4 անգամ ու տարածվել էր՝ դառնալով ցնցումների եւ ճնշման տատանման պատճառ: Մասնագետների ասելով, լրագրողին անհրաժեշտ է վիրահատության ենթարկվել, բայց այս պահին դա ոչ ոք անել չի պատրաստվում. զգուշանում են ու խորհուրդ տալիս առայժմ իրավիճակը հսկողության տակ վերցնել այլ ձեւերով՝ մինչեւ հնարավոր լինի վիրահատել: Ա. Բաբաջանյանին, ըստ ամենայնի, ստացիոնար պայմաններում բուժում կառաջարկվի, բայց դա ամենեւին էլ հարցի լուծում չի: Արդյունավետ եւ ավելի որակյալ եւ ոչ բաց վիրահատության եղանակով բուժում հնարավոր է ստանալ միայն արտերկրում, բայց դրա հնարավորությունն առայժմ չկա. լրագրողն ազատազրկված է, իսկ ազատազրկման սահմանված ժամկետը լրանում է միայն երկու ամիս անց՝ սեպտեմբերի 16-ին: Արդյոք նրա վիճակը երկու ամիս անց ավելի վատթար չի՞ լինի: Բժիշկները այս մասով ոչինչ խոստանալ չեն կարող:

Իրավիճակից դուրս գալու միակ հնարավոր տարբերակ, թերեւս, կարող էր լինել նրան վաղաժամկետ պայմանական ազատ արձակումը, մանավանդ, որ այս շաբաթ «անկախ» կոչվող հանձնաժողովի կողմից նման որոշում կայացնելու հնարավորություն կա: Բայց դա կարող է լինել միայն ՀՀ իշխանությունների մարդասիրության ու քաղաքական որոշում ընդունելու արդյունքում, ինչն ակնկալելը այսօր միամտություն է, առավել եւս, եթե նկատի ունենանք, որ իրեն վաղաժամկետ ազատ արձակելու Ա. Բաբաջանյանի մի քանի դիմումները, այդ թվում՝ երկու ամիս առաջ ներկայացված, հետեւողականորեն մերժվել են: Ավելին, պաշտոնատար անձանցից մեկը օրերս անգամ հայտարարել է, թե՝ եթե այդքան վատ է, թող մի ներման դիմում գրի: Ա. Բաբաջանյանը կտրականապես մերժել էր այդ առաջարկը:

Երեկ Ա. Բաբաջանյանին է այցելել ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի գլխավորած գրասենյակի արագ արձագանքման խումբը, որը հանդիպել է Ա. Բաբաջանյանի հետ: Նրա վատառողջության մասին երեկ տեղեկացվել է նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, որը, հիշեցնենք, իր վերահսկողության տակ էր առել Ա. Բաբաջանյանի՝ որպես լրագրողի, գործը: «Առավոտի» տեղեկություններով, ԵԱՀԿ ներկայացուցիչները մտադիր են Ա. Բաբաջանյանին հանդիպել այսօր:

Իսկ երեկ «Առավոտը» փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանից, նկատի ունենալով, որ կալանավորի առողջական վիճակը կտրուկ վատացել է հենց այդ նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկում՝ այն դեպքում, երբ դեռ 10 ամիս առաջ է հայտնի դարձել, որ նա գլխուղեղի ուռուցք ունի: Հիշեցնենք, որ Բաբաջանյանը երկար ժամանակ հենց այդ պատճառով գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոցում», բայց անցյալ տարի, չգիտես ինչպես, նրա վիճակը բարվոք էր համարվել, ու նա դուրս էր բերվել համապատասխան բժիշկների հսկողությունից: Գ. Դանիելյանն ասաց, թե ամեն հնարավոր բան արվում է Բաբաջանյանին բուժօգնություն, անհրաժեշտության դեպքում նաեւ ստացիոնար բուժում ապահովելու համար: Ինչ վերաբերում է վաղաժամկետ պայմանական ազատ արձակման հեռանկարին, ապա նա այդ հարցը շրջանցեց: Փոխարենը վրդովվեց, երբ հարցրինք՝ եթե երկու ամիս անց, երբ պատիժն ամբողջությամբ կրելուց հետո պարզվի, որ Բաբաջանյանին հնարավոր էր ավելի արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել այսօր, բայց դա չի արվել, ինքը պատասխանատվություն կրելո՞ւ է դրա համար: Նա մեզ նախ պրոֆեսիոնալիզմի ու կոռեկտության դասեր տվեց, ապա հավելեց, թե՝ կկրի. «Է՞դ էիք ուզում, որ ասեմ»: Այո, հենց դա էլ ուզում էինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել