Ֆինանսների նախարարության մասնագետը համոզված է, որ Հայաստանը նոր վերցրած պարտքերի դիմաց այլեւս որեւէ գործարան կամ ՋԷԿ ռուսներին չի տա:
Վերջին շրջանում ամենատարբեր միջազգային կազմակերպություններից, բանկերից ու հարեւան երկրներից մեր կառավարությունը բավականին խոշոր պարտքեր վերցրեց. 30 մլն դոլար՝ ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեից, 500 մլն՝ ՌԴ-ից, 80 մլն՝ Ասիական զարգացման բանկից, 305 մլն՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, 60 մլն՝ Համաշխարհային բանկից եւ այլն: Պարտքի ընդհանուր ծավալն անցնում է 1 մլրդ դոլարի սահմանը: Չնայած այդ պարտքերի մեծ մասը արտոնյալ վարկեր են, այնուամենայնիվ, պիտի փակենք: Մեծ մտավախություն կա, որ Հայաստանի նման աղքատ երկրին չի հաջողվի առաջիկա տարիներին մարել այդ պարտքերը: Այս թեմայի շուրջ «Առավոտի» հետ զրույցում իր տեսակետներն է ներկայացնում ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը:
– Չնայած նախարար Տիգրան Դավթյանը վերջերս հայտարարեց, որ, իր հաշվարկներով, արտաքին պարտքը չի գերազանցի ՀՆԱ-ի 37-38%-ը, սակայն նույնիսկ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը, որը հայտնի է իր լավատեսական կանխատեսումներով, Հայաստանի արտաքին պարտքի հետ կապված այլ հաշվարկներ ունի: Ըստ նրա, արտաքին պարտքը կկազմի երկրի ՀՆԱ-ի 45%-ը: Հիմա ժողովուրդը ո՞ւմ կանխատեսումներին հավատա: Մեր երկիրը կհայտնվի՞ պարտքի այդ կրիտիկական շեմին, թե՞ ոչ:
– Եթե նույնիսկ մեր պարտքը հասնի 50%-ի, ոչ մի սարսափելի բան չկա: Հայաստանը միջին կամ ցածր պարտքային ծանրաբեռնվածություն ունեցող երկիր է: Մեր երկիրն ունի բարեխիղճ վարկառուի համբավ: Կան երկրներ, որոնք բնավորություն ունեն պետական պարտքի գծով պարբերաբար անվճարունակ դառնալ: Հարավային Կորեայի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն ընդամենը 15% էր, բայց նա պարտքերը չկարողացավ տալ, այնպես որ, միայն այդ ցուցանիշով դժվար է ասել՝ այդ երկիրը պարտքերը կտա՞, թե՞ չի տա: Մենք այստեղ լարախաղացներ չենք, շատ պրագմատիկ մարդիկ ենք եւ խաղարկել ենք վատթարագույն սցենարները, թե ինչ տեղի կունենա: Եթե մեր տնտեսությունն ահավոր անկում ապրի, միեւնույն է, ես համոզված եմ՝ մենք կկարողանանք բոլոր վերցրած վարկերը մարել:
– Ռուսաստանից վերցրած 500 մլն դոլարը տվել են ոչ թե կայուն տոկոսադրույքով, այլ՝ LIBOR-ով, (հաշվարկային փոփոխական միավոր), ինչը մեծ անհանգստությունների տեղիք է տալիս: Ի՞նչ երաշխիքներ կան, որ 2024-ին, կամ թեկուզ առաջիկա տարիներին, երբ տոկոսներ է մեր երկիրը մարելու, այդ LIBOR-ի դրույքաչափը 1.22%-ից չի հասնի, ասենք, 7-8%-ի:
– Երաշխիքն այն է, որ LIBOR-ը վերջին 10 տարիներին ամենաբարձրն ունեցել է 6% դրույքաչափը՝ այն էլ՝ 1999-2000 թվականներին: Բայց, եթե նունիսկ LIBOR-ը բարձրանա 7-8%-ի, մենք մտածել ենք այսպիսի քայլ անել. շատ արագ Կենտրոնական բանկի մեր կոլեգաների հետ միջազգային շուկաներում մի փոքր վճարի դիմաց կապահովագրենք մեր վարկային միջոցների ինչ-որ մասը՝ ֆիքսելով նրա այդ պահի տոկոսադրույքը: Ստացվում է, որ վարկի մի մասը ֆիքսված, մյուս մասը՝ լողացող տոկոսադրույքով է լինում. եթե բարձրանա մեկը՝ կտնտեսենք գումարի մյուս մասում:
– Հնաավոր չէ՞ր պայմանագիրը կնքել արդեն ֆիքսված տոկոսադրույքով:
– Իհարկե հնարավոր էր, բայց ռուսների առաջարկած այդ կայուն տոկոսադրույքն ավելի բարձր էր, այնպես որ, LIBOR-ի տարբերակը մեզ ավելի ձեռնտու էր: Ռուսները մեզ բավականին մեղմ պայմաններով են վարկ տրամադրել: Ավելի մեղմ, քան իրենք կարող էին ներգրավել իրենց իսկ համար: Ռուսների նախնական պայմաններն ավելի խիստ էին, քան վերջնական ստորագրված վարկային պայմանագիրը: Այդ վարկը մեզ համար գլխացավանք չի դառնա:
– Եթե այդքան լավ պարտք փակող երկիր ենք, ապա ինչո՞ւ Ռուսաստանին պարտքի դիմաց հանձնեցինք մեր լավագույն, ստրատեգիական նշանակության օբյեկտները:
– Այն ժամանակ մենք, այսպես ասած, գոյատեւման վարկեր էինք վերցնում, դրանք էներգետիկ համակարգը պահպանելուն ուղղված վարկեր էին եւ այն ժամանակվա մեր բյուջեի համար բավականին լուրջ ծանրաբեռնվածություն էին ստեղծում: Նույնիսկ ներկայիս մեր տնտեսական անկումը հաշվի առնելով, մենք հիմա ավելի շատ եկամուտ ենք ստանում, քան այն ժամանակ: Այսօր ամենավատ սցենարների դեպքում անգամ մենք կկարողանանք այդ պարտքերի տակից դուրս գալ: Եթե մենք այն ժամանակ ամբողջությամբ սպասարկեինք Եվրամիության, ռուսական, թուրքմենական վարկերը, մեր բյուջեի մնացած ծախսերի կատարումը լուրջ հարցականի տակ էր դրվում, այդ էր պատճառը, որ մենք ծանր, երկարատեւ բանակցությունների արդյունքում այլ լուծման եկանք, քան կանխիկ փողի վճարումը:
– Այսինքն, դուք հավատացած եք, որ մենք հիմա ի վիճակի ենք այդ բոլոր պարտքերը մարել՝ առանց մի կարեւոր գործարան կամ օբյեկտ տալու, չնայած այլեւս չունենք էլ, որ տանք:
– Ես գրեթե բացառում եմ դա, որովհետեւ այսօր մեր տնտեսության մեջ կայունացում է նկատվում եւ ամենահոռետեսական հաշվարկներով էլ հաջորդ տարի տնտեսական աճի տեմպն ավելի հուսադրող կլինի, քան այս տարի: