Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԵՎՈՆԱԿԱՆԻՆ» ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ

Հուլիս 22,2009 00:00

Ինչպես հայտնի է, կիրակի օրը «Զվարթնոց» օդակայանում հայրենիք վերադառնալիս կալանավորել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Գյումրիի նախընտրական շտաբի պատասխանատու Մուրադ Գրիգորյանին: Հիշեցնենք, որ նա գտնվում էր ընդհատակում, եւ Պետրոս Մակեյան-Շոթա Սաղաթելյան-Աշոտ Զաքարյան եռյակի հետ համատեղ մեղադրվում էր Գյումրիի 34/06 ընտրատեղամասում ընտրական գործընթացը իբրեւ թե սպառնալիքներով խոչընդոտելու մեջ:

Երեկ Մուրադ Գրիգորյանը «Առավոտին», հայտնեց, որ փոխել են իր խափանման միջոցը՝ ազատ են արձակել ստորագրություն վերցնելով հանրապետությունից չբացակայելու մասին. «Օդակայանից ինձ նախ տարել են Գյումրիի ներքին գործերի բաժանմունք, որտեղ ինձ պահելուց հետո տեղափոխել են հատուկ քննչական ծառայություն, այստեղ ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց, ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունել. ես ինձ մեղավոր չեմ համարում, մեղադրանքը անհիմն է ու շինծու, հրաժարվել եմ գրավոր ու բանավոր հարցերին պատասխանելուց, իսկ երեկ փոխել են իմ խափանման միջոցը. եթե մինչ այդ որոշում կար խափանման միջոց ընտրել կալանքը ու ինձ տեղափոխել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, ապա այժմ որոշված է ինձ պայմանական ազատ արձակել»: Շուտով Մուրադ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ այդ նույն գործով ինը վկաներ դատարանի դահլիճում առաջին անգամ լսեցին Մուրադ Գրիգորյանի անունը՝ պնդելով, որ նա ոչ մի ընտրական գործընթաց չի խանգարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել