Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բանակցությունները նորմալ են ընթացել»

Հուլիս 22,2009 00:00

Ազգային անվտանգության խորհրդի երեկվա նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ԱԱԽ անդամներին տեղեկատվություն է տրամադրել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մասին: ԱԱԽ նիստից հետո կայացած ասուլիսում այս մասին լրագրողներին ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը. «ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը ծավալվում է բնականոն հունով, եւ այն 3 հիմնական խնդիրները, որ մշտապես մեր կողմից բարձրաձայնվել են, մնում են մեր ուշադրության կենտրոնում, եւ բանակցային գործընթացը շարունակվում է մադրիդյան սկզբունքների շրջանակում: Այդ սկզբունքներից են՝ ԼՂ կարգավիճակի խնդիրը, որը մեզ համար առաջնային նշանակություն ունի, խնդրի կարգավորման պարագայում միջազգային անվտանգության երաշխիքների ապահովումը եւ ուղիղ կապը Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ: Բանակցությունները նորմալ են ընթացել, կա առաջընթաց: Բանակցային գործընթացը դեռեւս շարունակվում է, որովհետեւ խոսքը թե’ մադրիդյան սկզբունքների մասին է, թե’ այդ սկզբունքներով պայմանավորված այլ ենթաուղղությունների, որոնք բազմաթիվ են եւ նույնպես ենթակա են քննարկման»:

ԱԱԽ նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել թմրամոլության եւ թմրամիջոցների դեմ պայքարի ազգային ծրագիրը: Ըստ Ա. Բաղդասարյանի՝ ազգային ծրագրի ընդունումը կարեւոր քաղաքական եւ կիրառական նշանակություն ունի: Ծրագրի մշակումը բխում է նաեւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, մասնավորապես՝ նախատեսված է ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրով: «Ծրագիրը պարունակում է 9 ուղղություն՝ սկսած թմրամոլության եւ թմրամիջոցների դեմ պայքարի կանխարգելիչ աշխատանքներից մինչեւ թմրամոլների բուժումը եւ այլն: Այս խնդիրները ամբողջ աշխարհում գտնվում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, եւ կարեւոր քայլ կատարվեց՝ հավանություն տալով թմրամոլության դեմ պայքարի ազգային ծրագրին եւ 2009-12 թվականների միջոցառումների ցանկին, որը ենթադրում է շուրջ 87 կոնկրետ միջոցառում: Ծրագրի իրականացման գործում ներգրավված են Հայաստանի 15 գերատեսչություններ եւ պետական կառավարման մարմիններ: Սահմանված է հստակ ժամանակացույց, համաձայն որի կիրականացվեն այս աշխատանքները: Մեր երկրում թմրամոլության դեմ պայքարը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, Հայաստանը չի կարելի համեմատել այլ երկրների հետ, որովհետեւ մեր երկրում այս հանցատեսակը շատ տարածված չէ, բայց նաեւ հաշվի առնելով հանցավորության տարածման միտումները՝ չափազանց կարեւոր էին ազգային ծրագրի մշակումը, հայեցակարգի ընդունումը եւ կոնկրետ պետական միջոցառումների նախապատրաստումը, որպեսզի նման հանցագործությունները Հայաստանում կանխվեն»,- նշել է Ա. Բաղդասարյանը:

ԱԱԽ նիստում հավանության է արժանացել նաեւ Հայաստանում մթնոլորտի եւ վտանգավոր մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներազդեցության հայեցակարգը: Վերջին շրջանում տարերային աղետները, վտանգավոր մթնոլորտային դրսեւորումները մտահոգիչ են ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ մյուս երկրների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել