Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական կողմը ջղաձգային հայտարարություններ է անում»

Հուլիս 22,2009 00:00

Նշում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը նախորդ օրը հայտարարել էր. «Մենք ցանկանում ենք Լեռնային Ղարաբաղին տալ ինքնավարության ամենաբարձր աստիճան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությանը հակադարձելով՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ «Առավոտին» ասաց հետեւյալը. «Նախ նշեմ, որ մադրիդյան սկզբունքների հրապարակումը հստակ ցույց տվեց, որ ադրբեջանական կողմի եւ նախագահ Ալիեւ-կրտսերի հայտարարությունները հիմնականում որեւէ կապ չունեին այն առաջարկների հետ, որոնք հրապարակվեցին: Կոնկրետ. եւ նա, եւ իր պաշտոնյաները մշտապես խոսել են այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մինչդեռ բոլորը տեսան, որ հրապարակված առաջարկներում նման կետ ընդհանրապես գոյություն չունի: Ավելին, մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը բառացիորեն երեկ նշեց, որ չնայած լուրջ դժվարություններին, այնուհանդերձ՝ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում առաջընթաց կա, եւ գլխավոր հարցը հայկական կողմը համարում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այսինքն՝ միայն ԼՂՀ կարգավիճակը հստակեցնելուց հետո կարելի կլինի անդրադառնալ ածանցյալ մյուս հարցերին: Այս ամենը շատ լավ իմանալով եւ իմանալով, որ այս պահանջից հայկական կողմը ետքայլ չի անելու, ադրբեջանական կողմը այլ բան չունի անելու, քան նման ջղաձիգ հայտարարություններ անելը»:

Մենք նկատեցինք, որ ԵՄ «տրոյկա»-ի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, խոսելով ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բանակցությունների մասին, հայտարարեց. «Միշտ չէ, որ կողմերը հանրությանը ներկայացնում են այն հարցերը, որոնց մասին խոսում են բանակցությունների ընթացքում: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ թեպետ դժվարությամբ, բայց՝ առաջընթաց կա»: Եվ գուցե, իրոք, սա այն հերթական իրավիճակն է, երբ կողմերը հանրությանը չեն ասում այն, ինչ իրականում դրված է բանակցությունների սեղանին, եւ այս պարագայում երկու կողմերն էլ՝ եւ հայկականը, եւ ադրբեջանականը իրենց հայտարարությունները անում են ներքին սպառման համար: Էդուարդ Շարմազանովը համամիտ չէր եւ նշեց, որ հայաստանյան իշխանությունները բոլոր դեպքերում էլ ազնիվ են եղել հասարակության առաջ, եւ նկատեց, որ քանի դեռ բանակցությունները շարունակվում են, գուցե ճիշտ է, որ որոշ բաներ հանրությունն առայժմ չիմանա. «Այնուամենայնիվ, մադրիդյան առաջարկությունների գաղտնազերծումը իրոք ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները շատ ավելի ազնիվ են մեր հասարակության առաջ, քան ադրբեջանականը: Եվ ավելին, մեր նախագահը հստակ բոլոր միջազգային ամբիոններից խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր, որ ԼՂ հիմնական խնդիրը կարգավիճակի հարցն է, որ ԼՂ-ն չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում, որ պետք է ունենա ընդհանուր ցամաքային սահման, անվտանգության երաշխիք, եւ մենք տեսանք, որ այս հիմնական առաջարկները ներառված են «մադրիդյան»-ում: Եվ տեսանք հակառակը՝ թեպետ Ալիեւը շարունակ խոսում էր այն մասին, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, սակայն նման կետ այս առաջարկներում ներառված չէ: Սա եւս մեկ անգամ վկայում է, որ Ալիեւն անկեղծ չէ ինչպես իր հասարակության, այնպես էլ միջազգային կառույցների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել