Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՖՅԱՆԻՆ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԵ՞Ն ԴՐԵԼ

Հուլիս 22,2009 00:00

\"\"Այդ դեպքում ո՞վ է իրականում ղեկավարել ոստիկանության ուժերը մարտի 1-ի առավոտյան Մյասնիկյանի արձանի մոտ

Այն, ինչ մի քանի ամիս առաջ 2008թ. մարտի 1-ի, մասնավորապես՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքում ծավալված իրադարձությունների մասին պատմել էր ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը Փորձագետների փաստահավաք խմբում, ենթադրաբար պիտի որ ներկայացրած լիներ նաեւ «Մարտի 1»-ի գործը վարող ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբին: Ու եթե ՀՔԾ-ն ցանկություն ունենար լրջորեն հետաքննել այդ օրվա դեպքերը եւ պատժել դրա բոլո՛ր պատասխանատուներին, ապա նա շատ ավելի վաղ, քան «Յոթի» գործը, պիտի քննած, ավարտած, նաեւ դատարան ուղարկած լիներ մեկ այլ գործ, որը կվերաբերեր մարտի 1-ին ոստիկանության գործողությունների օրինաչափությանն ու իրավաչափությանը, մարտի 1-ին ոստիկանության ուժերի գործողությունները ղեկավարած մարդկանց գործունեությանը կամ անգործությանը: Որ այդպիսիք անցյալ տարի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողություններում եղել են, ըստ էության, խոստովանել է հե՛նց ոստիկանության պետի տեղակալ Աֆյանը:

Սկսենք նրանից, որ 2008թ. մարտի 1-ին Ազատության հրապարակը ցուցարարներից «մաքրելուց» հետո Ոստիկանության զորքերը (ՈԶ)՝ մի քանի հարյուր զինծառայողներով եւ սպաներով հանդերձ, իրավապահ գործողություններում ներգրավվել են, պարոն Աֆյանի ասելով, ժ. 11-ից եւ ծառայություն են իրականացրել բացառապես Ազատության հրապարակին հարող տարածքներում: Դրա նպատակը, դարձյալ փոխոստիկանապետի մատուցմամբ, այս էր՝ որպեսզի մարդիկ չխանգարեն հրապարակի տեղազննությանը: Հնարավո՞ր էր, որ ՈԶ որեւէ զինծառայող ժ. 10:15-10:30-ի սահմաններում գտնված լիներ Հանրապետության հրապարակում եւ հետապնդեր մարդկանց: Ըստ Աֆյանի՝ ՈԶ զինծառայողները չէին կարող մասնակցել Հանրապետության հրապարակում մարդկանց հետապնդմանը, թեեւ փաստացի մասնակցել են, եւ այդպիսի կադրեր պարունակող տեսագրություններ եղել են ոչ միայն Փաստահավաք խմբում, այլեւ կան ԱԺ համապատասխան հանձնաժողովում եւ հաստատ նաեւ՝ ՀՔԾ-ում: Թե ո՞վ է պատասխանատու ՈԶ զինծառայողների սույն գործողությունների համար՝ ՀՔԾ-ն դեռ նոր է պարզում: Բայց Աֆյանը մի ուշագրավ ու պատասխանատու հայտարարություն էլ էր արել: Նա խոստովանել էր, որ իր ձեւակերպմամբ՝ շրջիկ պարեկային խմբի ոստիկանները մինչեւ ժ. 11:30-ի կողմերը մարդկանց «հետապնդել ենք դեպի Մատենադարան, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Մաշտոցի պողոտա, հնարավոր է՝ մինչեւ Կրկեսի մոտ» նույն նպատակով՝ որ մարդիկ չխանգարեն Ազատության հրապարակի տեղազննությանը: Որտե՞ղ է այստեղ տրամաբանությունը՝ պարզ չէ: Փոխարենը հստակ է, որ այդպիսի գործողություններն ուղղակի անօրինական են եղել: Պատասխանատուներ էլի չկան, թեեւ այդ օրը առավոտից մինչեւ ժ. 18-ը Երեւանի կենտրոնում ոստիկանության գործողությունների հրամանատարությունը ստանձնած է եղել ինքը՝ օպերատիվ շտաբի պետ պարոն Աֆյանը:

Ալ. Աֆյանը Փաստահավաք խմբի անդամներին ներկայացրել էր նաեւ ավելի ուշ՝ ժ. 11-ից հետո Մյասնիկյանի արձանի մոտ ծավալված իրադարձությունների իր տարբերակը: Ըստ նրա, այդ օրը՝ ինչպես առավոտյան, այնպես էլ Մյասնիկյանի արձանի մոտ, ոստիկանության ուժերի, այդ թվում՝ ՊՊԾ-ի, «6-րդ» վարչության, ՈԶ-ի հրամանատարությունը մինչեւ ժամը 18-ը դրված է եղել Աֆյանի վրա: Միայն երեկոյան ժամը 6-ից հետո է, որ ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության ստորաբաժանումները բաժանվել են, եւ դրանց ղեկավարությունը ստանձնել են նաեւ ՀՀ փոխոստիկանապետեր Արմեն Երիցյանը, Հովհաննես Հունանյանը, ինքը՝ Աֆյանն ու ՈԶ հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Աֆյանի ասելով, երբ ինքը 11:30-ի կողմերը մեկնել է Ֆրանսիայի դեսպանատան մոտ, մարդիկ՝ շուրջ 300 հոգի, արդեն տրոլեյբուսներով եւ բեռնատարներով բարիկադավորած են եղել դեսպանատանը հարող փողոցը, քարեր, փայտեր են հավաքել ու շարել իրենց կողքին: ԱՖյանը այդ պահին նպատակ է ունեցել կասեցնելու մարդկանց առաջխաղացման հնարավորությունը, բայց իր ասելով՝ «15-30 րոպեի ընթացքում հավաքվել է շուրջ 3000 մարդ»: Ոստիկանները, նրա մատուցմամբ, այդ պահին ունեցել են բացառապես վահաններ, սաղավարտներ ու մահակներ, եղել են նաեւ ջրցան եւ ոստիկանության մեքենաներ: «Ժողովուրդը քանի գնում՝ կուտակվում էր»,- պատմել էր Աֆյանը: Ինչո՞ւ էր անհրաժեշտություն առաջացել ժ. 12-13-ի սահմաններում, երբ Աֆյանն ու ոստիկանության մյուս պատասխանատուները բանակցություններ էին վարում հավաքված ցուցարարների, պատգամավորների, ՄԻ պաշտպանի, նաեւ Դավիթ Շահնազարյանի, Երջանիկ Աբգարյանի ու Լեւոն Զուրաբյանի հետ, ՈԶ-ին պատկանող մարտական մեքենա՝ ըՁՀ, բերել Լուսավորչի փողոց: Սաշիկ Աֆյանը փորձել էր իր վրայից գցել դրա պատասխանատվությունը: Նա, որ այդ պահին ոստիկանության ուժերի, այդ թվում՝ ՈԶ-ի հրամանատարությունն էր ստանձնել, հայտարարել էր, թե ինքը նման հրաման չի տվել, իրեն անգամ չի էլ զեկուցվել, որ մարտական մեքենա է բերվում փողոց: ըՁՀ-ը, ըստ նրա, բերվել է ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով, այն բանից հետո, երբ իրավիճակի մասին նրան զեկուցել է ՈԶ հրամանատար Գ. Գրիգորյանը: Աֆյանն այդ ընթացքում, իր ասելով՝ բանակցությունների մեջ է եղել ու չի էլ նկատել, որ մարդկանց դեմ մարտական մեքենա է դուրս բերվել, բայց «փաստահավաքում» ենթադրել էր՝ ուրեմն բերվել է, երեւի այն բանից հետո, երբ ոստիկանական մեքենաներ են այրվել: Սա, իհարկե, ընդամենը արդարացում էր, որովհետեւ հայտնի է, որ մարտական մեքենան Աֆյանի նշած դեպքից շատ ավելի վաղ էր բերվել ցուցարարների դեմ: Պարզվել էր, որ Աֆյանը ոչ միայն տեղյակ չէր եղել ըՁՀ-ի «աննկատ» հայտնվելուն, այլեւ այն ցուցարարների միջից անվնաս դուրս հանելուն: Նա մինչեւ այս տարվա ապրիլին էլ տեղյակ չէր եղել, որ ըՁՀ-ը եւ այն վարող ոստիկանները անվնաս դուրս են բերվել մարդկանց միջից ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի ջանքերով: Խմբում օպեր. շտաբի ղեկավար Աֆյանն ասել էր, թե ինքը համապատասխան տեսագրությունը տեսել է, բայց պատգամավորին չի նկատել ու չգիտեր էլ, թե ում հանձնարարությամբ է պատգամավորը դա արել:

Մի խոսքով, այս դեպքում էլ ոստիկանության ղեկավար կազմում մեկը մյուսից անտեղյակ եւ անկապ են գործել:

Մինչեւ ժամը 18:00-ն Աֆյանի տրամադրության տակ եղած ոստիկանները հրազեն՝ ատրճանակ ու ավտոմատներ չեն ունեցել, իր գլխավորած ուժերի կազմում նաեւ դիպուկահարներ չեն եղել, թեեւ ցերեկվա ժամին Երեւանում եղել են նաեւ ավտոմատավոր ոստիկաններ: Մինչեւ այդ ժամը Կառավարության շենքի պահպանությունը իրականացվել է բացառապես ոստիկանական ուժերի՝ ՊՊԾ-ի եւ ՈԶ-ի կողմից, իր՝ Աֆյանի հրամանատարությամբ: Ծառայություն իրականացնող ոստիկաններն այս դեպքում ավտոմատներով են եղել, եւ դա այն դեպքում, երբ ՈԶ հրամանատարը, ըստ առկա պաշտոնական փաստաթղթերի, իր ենթականերին ինքնաձիգներով զինվելու հրամանը արձակել էր միայն ժ. 19-ին: Ի՞նչ գործ ունեին այդ ժամին ավտոմատավոր ոստիկանները: Աֆյանը, թերեւս, զարմացել էր՝ «էդ ժամին պիտի որ չունենային»: Իսկ եթե ունեցել են, հնարավո՞ր է, որ առանց ձեր գիտության ինչ-որ մեկը հրաման տված լիներ ավտոմատներով իրականացնել ծառայությունը: Ըստ Աֆյանի՝ դա կարող էին անել բացառապես ՀՀ ոստիկանապետն ու ՈԶ հրամանատարը: Իսկ ո՞վ էր բանի տեղ դրել օպեր. շտաբի ղեկավարին՝ պարզ չէր: Ալ. Աֆյանը նաեւ մի քանի դիտարկումներ էր արել Ֆրանսիական դեսպանատան մոտ առավոտյան տեղի ունեցած մարդկանց «կուտակումների» եւ բանակցությունների ապարդյուն լինելու վերաբերյալ, որոնք ուշագրավ են ու կարող էին, օրինակ՝ «Յոթի» գործով ամբաստանվողների համար արդարացնող ապացույցներ դիտվել: Դրանց մենք կանդրադառնանք առաջիկայում:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել