ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը՝ ՀՅԴ-ի համաժողովի եւ մադրիդյան սկզբունքների մասին
Անդրադառնալով ՀՅԴ-ի՝ Ղարաբաղի հարցով անցկացրած համահայկական համաժողովին՝ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հարկ համարեց հիշել ժամանակին արդիական, բայց երկրի իշխանությունների, այդ թվում նաեւ՝ Դաշնակցության կողմից մոռացված մի քանի որոշումներ. «Խոսքս 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման մասին է, երբ Ղարաբաղը հայտարարեց Հայաստանին միանալու իր ցանկության մասին. այդ որոշման մասին Ռոբերտ Քոչարյանը ժամանակին հրճվանքով ասաց, որ ինքն է գրել այդ որոշումը՝ անտեսելով եւ գզրոց նետելով այն: Դաշնակցությունն, իհարկե, ԱԺ արտաքին հարաբերությունների իր դաշնակցական ղեկավարով տեղյակ էր այս ամենին, ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ի կողմից ընդունված որոշումներին եւ եվրոպական կառույցներից հնչած բավականին կոշտ հայտարարություններին: Եթե տեղյակ չէին՝ էլ ինչո՞ւ էին անընդհատ եվրոպաներ գնում, կոնյակներ տանում»:
Ինչ վերաբերում է բուն համաժողովին. «Սա թռուցիկ մի ժողով էր՝ «գալոչկայի» համար, եւ որպեսզի այն տպավորություն թողնի, արեցին Ստեփանակերտում: Ո՞վ է այդ մարդկանց լիազորել համահայկական համաժողով անցկացնելու, որտեղի՞ց եւ ի՞նչ կարգով էին պատվիրակներն ընտրվել, թե՞ ով ընկել էր ձեռքները՝ բերել-նստեցրել էին եւ համահայկական հայտարարություններ էին անում, արտաքին գործերի նախարարի հրաժարականն էլ պահանջում էին»: Ի դեպ, ՀԿԿ-ն չի հրավիրվել համահայկական այս հավաքին, ուստի ընկեր Թովմասյանը նաեւ զայրացած է դաշնակցականների այն հայտարարություններից, որ հավաքին հրավիրվել են բոլոր ընդդիմադիրները. «Ես չգիտեմ, թե իրենք ե՞րբ եւ ինչպե՞ս են ընդդիմություն դարձել. ժամանակը ցույց կտա: Իրենց պատմությունը արդեն ցույց տվել է, թե ում եւ ինչ պայմաններում են ընդդիմադիր, ում են ծափահարում, ում հետ բռուդենշաֆտ խմում»:
Հրապարակված մադրիդյան սկզբունքներում առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով փախստականների վերադարձի մասին կետին՝ մեր զրուցակիցը, ով 1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին ղեկավարել է Հայաստան ներգաղթողների եւ Հայաստանից արտագաղթողների հարցերով զբաղվող վարչությունը եւ Վլադիմիր Մովսիսյանի հետ բավականին ինտենսիվ զբաղվել այդ հարցերով, համոզված է, որ դրա հետեւանքով կրկին անգամ վնաս են կրելու հայ փախստականները. «Հայաստան է ներգաղթել 507 հազար մարդ, որից 447 հազարը՝ 94 տոկոսը, Բաքվից եւ այլ քաղաքներից՝ Ադրբեջանին թողնելով 145 բնակարան եւ տուն, հիմնականում քաղաքների լավագույն թաղամասերում եւ բավականին բարեկեցիկ: Այդ բնակարաններն այսօր արժեն 450-500 հազար դոլար: Իսկ Մասիսի շրջանում կամ այլ տեղերում Հայաստանից արտագաղթածների թողած տները լավագույն դեպքում հազիվ 10 հազար դոլար արժենան: Ի դեպ, մեր երկրից արտագաղթած 168 հազար ադրբեջանցիները հիմնականում վաճառեցին իրենց այստեղի տները եւ գույքը: Ինչպե՞ս պետք է այս հարցերը կարգավորվեն: Ադրբեջանն իրեն վայել խորամանկությամբ բոլորին հավաքեց, մի դաշտում լցրեց, վրանները խփեց ու ամբողջ աշխարհին ցույց է տալիս, թե ինչ վիճակում են իր փախստականները, իսկ մենք փախստականների մասին մինչ օրս չենք էլ խոսել: Ի դեպ, ինտերնացիոնալիզմից եւ հանդուրժողականությունից խոսող ադրբեջանցիները իրենց երկրից քշեցին անգամ այն 19 հազար մարդկանց, ովքեր խառնամուսնություններ էին ունեցել: Իսկ թե ադրբեջանական որբանոցներում ինչքա՜ն հայ երեխաներ մնացին՝ այդպես էլ չիմացանք»:
Ընկեր Թովմասյանին մադրիդյան սկզբունքներում մտահոգում է նաեւ «խաղաղապահ» արտահայտությունը. «Եթե այդպիսով հող են նախապատրաստում խաղաղապահ զորքեր մտցնել, մեր աչքի առաջ կա, թե ո՞ւմ համար են դրանք աշխատելու՝ մտան Կոսովո, Իրաք, մինչ օրս Աֆղանստանում են. այդ ուժերը ոչ մի դեպքում հօգուտ Հայաստանի չեն աշխատի»: Ազատագրված շրջանների մասին՝ «Վայ իշխանիկներն ու կեղծ հայրենասերները մեկ-մեկ լավ են հիշում «կոլցո» բառը եւ օգտագործում են ռուս ժողովրդի դեմ: Բա հիմա իրենք են Ղարաբաղը «կալցոյի» մեջ առնում, կարգավիճակի մասին էլ չեմ խոսում, որ այս հայտարարության մեջ հանրաքվեի մասին արդեն էլ չի խոսվում»: