Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուլիս 18,2009 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ տասնվեցերորդ

 ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 Եվ արդեն գիշերվա չորսն էր դառնում, եւ կինս աղջիկներիս հարցրեց՝ «չեք քնելո՞ւ», եւ ես աղջիկներիս փոխարեն ասացի՝ «քնե՞լ կըլնի» եւ լուսամուտից նայեցի ու տեսա՝ դեպքի վայրի երկինքն արդեն սեւ-սեւ էր, եւ կինս հարցրեց՝ «էդ ի՞նչ ես նայում», եւ ես ասացի՝ «հեչ», եւ կինս նորից աղջիկներիս հարցրեց՝ «չեք քնելո՞ւ», եւ երբ աղջիկներս գնացին, եւ երբ կինս գնաց խոհանոց, հանկարծ դողս բռնեց, ու ես չգիտեի՝ էդ դողս տաքությունի՞ցս էր, թե, այնուամենայնիվ, վախից ու սարսափից, եւ երբ հետագայում սրանրա մոտ արդարանալով ասում էի, որ թոքաբորբիս ու տաքությանս պատճառով էդ գիշեր դեպքի վայրում չէի, մտածում էի՝ դժվար թե հավատան, եւ ամենատարօրինակն էն էր, որ ես արդարանում էի հիմնականում էն մարդկանց առաջ, ովքեր միանգամայն առողջ լինելով էին էդ գիշեր դեպքի վայրից բացակայել, եւ օրեր անց, երբ արտակարգ դրությունն արդեն հանված էր, եւ ընդդիմադիր թերթերն արդեն լույս էին տեսնում, Նիկոլի թերթում Մարինեի հոդվածը կարդացի ու Մարինեի հոդվածից իմացա, որ Մարինեն էլ է հիվանդության պատճառով դեպքի վայրից բացակայել, ու իր հիվանդ լինելը վայրկյան անգամ կասկածի տակ չառա՝ ոչ միայն էն պատճառով, որ ինքն էդ գիշեր իսկապես հիվանդանոցում պառկած էր եղել, այլեւ էն պատճառով, որ իր գրածից հստակ զգացվում էր, որ ինքը, ի տարբերություն ինձ, ոչ թե արդարանում էր էդ գիշեր դեպքի վայրից իր բացակայության համար, այլ ընդամենը ափսոսում էր, ընդ որում՝ միանգամայն սրտանց ու ի խորոց սրտի էր ափսոսում, որովհետեւ, ըստ ամենայնի, ոչ միայն պայքարին ու հաղթանակին էր հավատում, այլեւ՝ ինքը իրեն, ինչպես նաեւ՝ էդ պայքարին իր մասնակցության արդյունավետությանը, մինչդեռ ես շարունակ ինքս իմ ներսում ու ինձնից դուրս՝ արժողչարժողի առաջ արդարանում էի, բայց հատկապես ինքս իմ ներսում չէի կարողանում ինձ արդարացնել եւ դրանից ավելի ու ավելի էի խեղճանում, ու երեւի հիվանդությունս էլ էր խեղճանալուս պատճառներից մեկը, բայց հիմա, երբ հիվանդությունս ու խեղճությունս մանրից դուրս են մղվում, ես մանրից սկսում եմ հասկանալ, որ երբ մարդու խեղճանալը բռնում է, դրա համար առանձնապես պատճառներ հարկավոր չեն, եւ երբ մարդ արարածի խեղճանալու հակումն սկսվում ու առաջանում է, պատճառներ միշտ էլ գտնվում ու ճարվում են, ու էդ օրերին նաեւ հասկացա, որ մարդ արարածն ամեն ինչից ի վիճակի է փախչել, բայց ոչ երբեք՝ իր իսկ խեղճությունից, ու խեղճացածությունից ազատվելու համար ոչ թե պիտի խեղճությունիցդ ու խեղճացածությունիցդ փախչես, այլ, ընդհակառակը, խեղճությունդ ու խեղճացածությունդ պիտի քեզանից փախցնես ու հեռացնես եւ դա միանգամայն ինքնուրույն՝ առանց որեւէ մեկի օգնության պիտի անես, որովհետեւ ինչպես վիշտը, խեղճությունն էլ է միայն տիրոջը ցավ պատճառում, մինչդեռ ուրիշների ու նույնիսկ ամենամոտիկներիդ համար խեղճությունդ ինքնահաստատման ու ինքնադրսեւորման չափազանց հարմար առիթ է հանդիսանում, եւ նույնիսկ չուզողներդ են փորձում քեզ կարեկցել ու որեւէ ձեւով օգտակար լինել, եւ երբ մանավանդ չուզողներիդ կարեկցանքն ու գթասրտությունն են գագաթնակետին հասնում, իրենց էդ աննախադեպ կարեկցանքից մեջդ շատ ուժեղ սրտխառնուք է առաջանում, եւ արդեն չես էլ հասկանում՝ խեղճությունի՞ցդ ես ուզում փախչել, թե՞ էդ աննախադեպ ու հանկարծակի կարեկցողներից, եւ չնայած խեղճացածությանս մասին որեւէ մեկին չէի պատմել, բոլորն ու մանավանդ չուզողներս էին խեղճությունս նկատում եւ չէին էլ կարող չնկատել, որովհետեւ էդ ամբողջ ժամանակվա խեղճությունս ուղեկցվել էր առաջին ու երկրորդ թոքաբորբերովս, որոնց հետեւանքներն ակնհայտ էին՝ երկուսուկես ամսում շուրջ քսան կիլոգրամ նիհարել էի, եւ չնայած չխեղճացածներից շատերն էսօրվա դրությամբ դիետայի վրա են եւ քսան կիլոգրամ նիհարելու համար ամեն ինչ կտան, այդուհանդերձ, ավանդական մտածողության տեր մարդիկ միշտ էլ խղճահարությամբ ու կարեկցանքով են նայում կտրուկ ու անսպասելի նիհարածներին. ավելին. կտրուկ ու անսպասելի նիհարածներս էլ ենք խղճահարությամբ նայում կտրուկ ու հանկարծակի նիհարածներին, եւ երբ խեղճությանս էդ օրերին փողոցում Գաբրիելյան Մեխակին չափազանց նիհարած տեսա, անմիջապես հարցրի՝ «էդ խի՞ ես ըտենց նիհարել», եւ Մեխակը զարմացած ասաց՝ «ես միշտ էլ նիհար եմ էղել», եւ ես ասացի՝ «բայց ոնց որ ավելի ես նիհարել», եւ Մեխակը ժպտալով ասաց՝ «դիտմամբ եմ նիհարել», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց դիտմամբ», եւ Մեխակը ժպտալով ասաց՝ «բնական սնունդի եմ անցել», եւ ես հարցրի՝ «բնական սնունդը ո՞րն ա», եւ Մեխակը ժպտալով ասաց՝ «երկար պատմություն ա» եւ ժպտալով ավելացրեց՝ «հիմա շտապում եմ. մի օր կհանդիպենք՝ մանրամասն կբացատրեմ» եւ ինձ ուշադիր նայելով ասաց՝ «բայց ոնց որ դու էլ պակաս չես նիհարել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարո՞ղ ա դու էլ ես բնական սնունդի անցել», եւ ես ժպտալով ասացի՝ «չէ. իմը հիվանդությունից ա», եւ Մեխակը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ հիվանդություն», եւ ես ասացի՝ «էս էրկու ամսում ոտի վրա էրկու հատ թոքաբորբ եմ տարել», եւ Մեխակը հարցրեց՝ «հիմա լավ ե՞ս», եւ ես ասացի՝ «հիմա ո՞վ ա լավ, որ ես լավ ըլնեմ», եւ Մեխակը հարցրեց՝ «գոնե շաքարդ դզվել ա՞», եւ ես ասացի՝ «ավելի ա բարձրացել», եւ Մեխակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի մարտի մեկի դեպքերն ու էս ամեն ինչը վրեդ ազդել են», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի», եւ Մեխակն ասաց՝ «բայց էս շարժմանն առանձնապես ակտիվ չէիր մասնակցում», եւ ես ասացի՝ «ոչ մի շարժման էլ ակտիվ չեմ մասնակցել», եւ Մեխակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա ակտիվ չմասնակցես, բայց էս ամեն ինչը վրեդ շատ ուժեղ ազդի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նիհարությունդ էդ ա ապացուցում», եւ ես ասացի՝ «դու էլ պակաս չես նիհարել», եւ Մեխակը ժպտալով ասաց՝ «արդեն ահագին ժամանակ ա՝ բնական սնունդի եմ անցել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես նպատակային եմ նիհարել, դու՝ աննպատակ», եւ ես ասացի՝ «էս դեպքերը քո վրա էլ շատ ուժեղ ազդած կըլնեն», եւ Մեխակը միանգամից լրջանալով ասաց՝ «էն էլ ո՜նց են ազդել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մարտի մեկից հետո տեղս չեմ գտնում. ոնց որ անօդ տարածության մեջ ապրեմ», եւ ես ասացի՝ «փաստորեն, բնական սնունդն էլ չի փրկում», եւ Մեխակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ բնական սնունդը կյանքի նպատակ չեմ դարձրել. ոնց որ ուրիշների մոտ անբնական սնունդն ա բնական համարվում, իմ համար էլ բնականն ա սովորական դարձել», եւ ես հարցրի՝ «բայց բնական սնունդը ո՞րն ա», եւ Մեխակը ժպտալով ասաց՝ «երկար պատմություն ա» եւ ժամացույցին նայելով ավելացրեց՝ «հիմա շտապում եմ. մի օր որ ազատ ըլնենք՝ կբացատրեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «հաջողություն», եւ Մեխակը ժպտալով ասաց՝ «ամեն դեպքում, առողջությանդ ուշադրություն պիտի դարձնես», եւ ես ժպտալով ասացի՝ «առողջությունը կյանքի նպատակ չեմ դարձրել», եւ Մեխակը ժպտալով ասաց՝ «պարտավոր ենք առողջ լինել, որ ապագա լավ օրերը տեսնենք», եւ ես ժպտալով ասացի՝ «երանի քո լավատեսության կեսն իմն ըլներ», եւ Մեխակը ժպտալով ասաց՝ «ես միշտ էն կարծիքին էի, որ մեջներիս ամենալավատեսը դու ես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դրսից ուրիշների աչքն եմ հանել, ներսից՝ իմ», եւ Մեխակը ժպտալով ասաց՝ «նույն ոգով էլ պիտի շարունակես», եւ ես խեղճացած ասացի՝ «փորձում եմ, բայց չի ստացվում», եւ Մեխակը հարցրեց՝ «ո՞նց չի ստացվում», եւ ես ժպտալով ասացի՝ «երկար պատմություն ա. մի օր որ ազատ ըլնես՝ կբացատրեմ», եւ Մեխակը լրջանալով ասաց՝ «էս պայքարը ղարաբաղցիների ու հայաստանցիների միջեւ չի, բայց որոշ մարդիկ փորձում են էդ ձեւով ներկայացնել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ղարաբաղցիք հերոսական ժողովուրդ են, բայց մի քանի ղարաբաղցու պատճառով հայաստանցի-ղարաբաղցի էս արհեստական հակամարտությունն ա առաջացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան չըլնի՝ չորս հատ մարշալ են տվել», եւ ես ժպտալով ասացի՝ «չորս հատ մարշալ են տվել, էրկու հատ էլ՝ նախագահ», եւ Մեխակը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ նախագահ», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «Հայաստանի» եւ ծիծաղելով ավելացրի՝ «անկախ Հայաստանի», եւ Մեխակը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «պիտի մեր առողջության մասին մտածենք, որ էս ամեն ինչին դիմանանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ձեռքս սեղմելով ասաց՝ «Աստված մեզ հետ», եւ ես ասացի՝ «հաջողություն», եւ երբ Մեխակը գնաց, սկսեցի մտածել, որ հիսունը վաղուց անց մարդիկս շատ ենք սիրում մեր առողջական խնդիրներից խոսել, բայց էնքան մեր առողջականի մասին չենք մտածում՝ ինչքան էդ թեմայով խոսում ենք, եւ երբ Մեխակը գնաց, ես սկսեցի էդ մասին մտածել, եւ հիմա էլ եմ էդ մասին մտածում, եւ հիմա էդ մասին մտածելով՝ գալիս եմ էն եզրակացության, որ հիսունն անց մարդկանցից շատերն ու ես էլ ներառյալ՝ թքած ունենք մեր առողջականի վրա եւ չնայած առավոտից իրիկուն մեր առողջականի ու մեր հիվանդությունների մասին ենք խոսում, այդուհանդերձ, մեր անցյալով ավելի ենք ապրում, քան՝ մեր ներկայով ու մանավանդ ապագայով, եւ շատ հաճախ մտածում ենք՝ մենք մերն արդեն լավից վատից ապրել ենք, եւ շատ հաճախ նաեւ մտածում ենք՝ էս մնացածը մեր երեխեքի խաթեր ենք ապրում ու ապրելու, եւ շատ դեպքերում էդ էլ չենք մտածում, եւ իմ դեպքն էդ շատերից մեկն է՝ երբ ոչ միայն երեխեքի խաթեր ապրելու մասին չես մտածում, այլեւ, ընդհակառակը, մտածում ես՝ երեխեքիդ ու ընտանիքիդ համար արդեն բեռ ես, ընդ որում՝ չափազանց ծանր ու չափազանց ավելորդ բեռ, եւ իմ դեպքը հենց էդ դեպքերից է, ավելի ճիշտ՝ էր, որովհետեւ երկուսուկես ամսվա դադարից հետո՝ հիմա վերստին գրում ու վերստին Արամից հոնորար եմ ակնկալում, եւ եթե սրանից մի ամիս առաջ մեկն իմ մասին ասեր, թե վերստին գրելու ու վերստին ապրելու եմ, առաջինն ինքս չէի հավատա էդ ասողի ասածին, որովհետեւ փետրվարի կեսերից էս կողմ ուղիղ երկուսուկես ամիս չգրելով՝ մտքովս չէր անցնում, որ մայիսի մեկի առավոտ հանկարծակի արթնանալով՝ գրիչս կվերցնեմ ու կյանքս կշարունակեմ կիսատ թողած կետից, որովհետեւ ապրիլի տասնութի ու տասնիննի անհաջող փորձերս արդեն եղել էին, ու էդ երկու անհաջող փորձերս արդեն պատռել ու աղբարկղն էի գցել, եւ որպեսզի պատկերացնեք, թե ապրիլի տասնութի ու տասնիննի գրական էդ փորձերս ինչքան անհաջող էին, պիտի ասեմ, որ երբեւէ ձեռագրերս պատռելու ու աղբարկղը գցելու սովորություն չեմ ունեցել՝ անկախ ձեռագրերիս որակից. այսինքն, ապրիլի տասնութի ու տասնիննի էդ երկու փորձերս, շատ հնարավոր է, որակապես նույնիսկ գերազանցում էին նախորդ ու հիմիկվա գրածներիս եւ մոտավորապես այն էին՝ ինչ տարիներ շարունակ ինձնից պահանջում են ընթերցողներից ու մանավանդ գրականագետներից շատերը, բայց ես միանգամայն հանգիստ խղճով էդ երկու փորձերս պատռեցի ու աղբարկղը գցեցի, որովհետեւ ապրիլի քսանի առավոտյան տասնութի ու տասնիննի էդ փորձերս աչքի անցկացնելով՝ վերջնականապես հասկացա, որ էդ չորսուկես էջերն իմ փոխարեն ու իմ անունից ուրիշ մեկն է գրել, եւ էդ ուրիշն իմ մասին էնքան բարձր կարծիքի էր, որ նույնիսկ իմ էդ խեղճացած վիճակում ծիծաղս հարուցեց. կարճ ասած, էդ ուրիշի գրածի համաձայն՝ ես միանգամայն հայրենասեր, մարդասեր եւ նույնիսկ անձնվեր մի արարած էի, եւ, համաձայն էդ ուրիշի գրածի, շաքարս ու մանավանդ երկրորդ թոքաբորբս էլ հայրենասիրության, մարդասիրության ու անձնազոհության հետեւանքներն էին, մինչդեռ նորմալ գրողն ու մանավանդ նորմալ ընթերցողները պարտավոր են իմանալ, որ ցանկացած մարդու եւ նույնիսկ գրողների մեջ շաքարը հիմնականում վախից է առաջանում ու բարձրանում եւ վախից սկզբնավորվելով ու առաջանալով՝ վախից էլ ժամանակ առ ժամանակ իր մասին հիշեցնում ու զգացնել է տալիս, եւ եթե շաքարիս սկզբնավորման էդ հիմնարար վախերս չեմ ճշտել ու չեմ հիշում, էս վերջին երկուսուկես ամսվա վախերս ճշտելու կարիք ամենեւին չկա, որովհետեւ էդ վախերս դեռեւս մեջս են ու դեռեւս չեն վերացել ու երեւի պետք էլ չի, որ վերանան, որովհետեւ եթե վերանան, հեչ պարզ չի՝ իմ ներսում որեւէ այլ բան կմնա՞, թե՝ ոչ. թե՞ համատարած դատարկություն կառաջանա, որովհետեւ էնքան շատ են, որ հոգնակի եմ ասում՝ վախեր եւ ոչ թե՝ վախ, բայց ապրիլի տասնութին ու տասնիննին իմ փոխարեն ու իմ անունից ամբողջ չորսուկես էջ գրոտած էդ գրող կոչեցյալն էս պարզ ու հասարակ բաները չէր հասկացել եւ էս պարզ ու հասարակ բաները չհասկանալով՝ իմ անունից ինձ համարյա հերոս էր ներկայացրել, եւ ապրիլի քսանի առավոտ իր գրած էդ չորսուկես էջերը կարդալով՝ միանգամից հասկացա, որ էդ հերոսի իսկական ու սազական տեղն աղբարկղն է, եւ էդ հասկանալով ու չորսուկես էջանոց էդ հերոսապատումն անմիջապես պատառոտելով ու աղբարկղը գցելով՝ համեմատաբար խաղաղվեցի, հասկանալով, որ ավելի լավ է ոչինչ չանեմ եւ խեղճությունից վերջնականապես նվաղեմ ու վերանամ, քան թե՝ էդ տեսակ սուտ ու փուչ բաներ գրոտեմ ու անամոթաբար հրամցնեմ առանց էդ էլ բոլորեքյան խաբված ընթերցողիս, եւ էս բաները գիտակցելով ու ենթագիտակցելով՝ ամոթահար ու սարսափահար էի եւ ամոթից ու սարսափից դողալով՝ էդ չորսուկես էջերը պատառոտեցի ու գցեցի աղբարկղը, բայց ամոթս ու սարսափս ահագին ժամանակ չէին անցնում, որովհետեւ ահագին ժամանակ գլխի չէի ընկնում, որ էդ չորսուկես էջերն աղտոտողը ոչ թե ես եմ, այլ՝ օտար ու անկապ ուրիշը, որն անպատկառորեն իրեն ազգի խիղճ էր երեւակայում, եւ չնայած հիմա իր էդ չորսուկես էջերից որեւէ միտք հստակ չեմ հիշում, պաթոսն անգիր հիշում եմ եւ պաթոսն անգիր հիշելով՝ հիմա արդեն հասկանում եմ, որ ապրիլի տասնութին ու տասնիննին էդ մարդու գրոտած էդ չորսուկես էջերի մեջ առանձնապես սարսափելի ու ամոթալի բան չկար, եւ չնայած էդ մարդու էդ երկու օրվա գրածից որեւէ միտք չեմ հիշում, պաթոսը հստակ հիշում եմ ու վստահաբար կարող եմ ասել, որ էդ անծանոթի էդ երկու օրերի գրածն իսկը էն էր՝ ինչը գրականագետների ու ընթերցողների հիմնական մասը պահանջում է խեղճ գրողներից, եւ էդ խեղճ գրողն իմ փոխարեն ու իմ անունից սույն թվականի ապրիլի տասնութին ու տասնիննին գրականագետների ու ընթերցողների գերակշիռ մասի պահանջն էր փաստորեն կատարել ու գերակատարել, մինչդեռ տարիներ շարունակ նվաստս ու միամիտս միամտաբար կարծում էր, թե անհնար է դրանց էդ պահանջները բավարարել, եւ հիմա էդ ուրիշի գրածի ընդամենը պաթոսը հիշելով՝ արդեն սկսում եմ փոշմանել, որ էդ անծանոթի երկու օրվա չորսուկես էջանոց էդ անկրկնելի չարչարանքը պատռեցի ու աղբարկղը գցեցի, եւ չնայած էդ չորսուկես էջերն ապրիլի քսանի առավոտ կարդալով՝ ամոթահար ու սարսափահար էի, հիմա հիշելով մտածում ու հասկանում եմ, որ առանձնապես ամաչելու ու սարսափելու բան չկար. ավելին. կարելի էր էդ չորսուկես էջերը պահել եւ նույնիսկ էս վեպիս սահմաններում տպագրել, եւ գրականագետները, գրագետներն ու բոլորն էդ չորսուկես էջերը կարդալով՝ սպառիչ կերպով կհասկանային ու կհամոզվեին, որ ես, այնուամենայնիվ, կորած մարդ չեմ եւ ցանկության դեպքում կարող եմ իրենց պահանջները նույնիսկ ավելցուկով բավարարել, եւ եթե էդ չորսուկես էջերն ապրիլի քսանի առավոտ պատառոտած ու աղբարկղը գցած չլինեի, հիմա էդ չորսուկես էջերի բաղադրությունն էս վեպիս տարածքում կտպագրեի ու առանց ամաչելու կհրամցնեի ձեզ, որովհետեւ եթե ուրիշներն ամբողջ կյանքում էդ տեսակ բաներ գրում ու ոչ միայն չեն ամաչում՝ այլեւ հպարտանում ու հեռուստացույցի էկրանից հպարտ-հպարտ ցցվում են, ե՞ս ինչու պիտի էդ մի անգամվա համար ամաչեի, մանավանդ որ՝ իմ մասին էդ տեսակ բարձր ու հերոսական բաներ գրողը ոչ թե ինքս էի, այլ՝ օտար ու անծանոթ էդ ուրիշը, որի էդ չորսուկես էջերից հիմա՝ էս պահին արդեն ոչ միայն չեմ սարսափում ու ամաչում, այլեւ նույնիսկ ափսոսում եմ, որ չպահեցի ու աղբարկղը գցեցի, բայց էս հիմա եմ փոշմանել ու ափսոսում, որովհետեւ հիմա՝ էս պահին հոգով ու մանավանդ մարմնով արդեն անհամեմատ առողջ եմ, մինչդեռ ապրիլի քսանի էդ առավոտ, երբ օտար ուրիշի էդ գրածն աչքի անցկացրի, ամոթից ու սարսափից դողս բռնեց, եւ չնայած էդ չորսուկես էջերը շատ մանր փրթիկ-փրթիկ արեցի, այդուհանդերձ, դողս չէր դադարում, ու կնոջս խնդրեցի, որ շուտափույթ էդ աղբը դուրս հանի ու բակի ընդհանուր աղբարկղը գցի, եւ երբ կինս ասաց, որ շուկա գնալուց հետը կտանի ու կգցի, ես թախանձագին խնդրելով ասացի՝ «հիմա», եւ կինս առանց հակաճառելու ու առանց ավելորդ հարցուփորձի խնդրանքս կատարեց, եւ, հիշում եմ, էդ պահին ցավով ու ափսոսանքով մտածեցի, որ մարդիկ հիվանդների խնդրանքն ավելի լավ են կատարում, քան՝ առողջներինը, ու էդ մտածելով՝ մեր շուշաբանդից դուրս նայեցի, եւ երբ աչքովս տեսա, որ կինս մեր աղբարկղի պարունակությունը մեր բակի ընդհանուր աղբարկղի մեջ դատարկեց, էդ պահին դողս մեկից թողեց, ու մեկից ամոթս ու սարսափս անցան, ու հիմա, երբ էս ամենը հիշելով գրում եմ, նույնիսկ ծիծաղս է գալիս, բայց ապրիլի քսանի էդ առավոտ մտքովս անգամ չէր անցնի արածիս վրա ծիծաղել, եւ հիմա էդ պահերը հիշելով՝ նաեւ մտածում ու հասկանում եմ, որ հիվանդներն, ամեն ինչից բացի, առողջներից տարբերվում են նաեւ նրանով, որ ի վիճակի չեն զանազանել ծիծաղելին ոչ ծիծաղելիից, եւ հիվանդն առողջից հատկապես նրանով է տարբեր, որ հիվանդն ընդհանրապես ծիծաղելու ընդունակ չի, եւ ես հիմա եմ էս հասարակ բաները մտածում ու հասկանում, մինչդեռ ապրիլի քսանի էդ առավոտ օտար ուրիշի էդ չորսուկես էջերը կարդալով՝ էն կարծիքին էի, որ այլեւս գոյություն չունեմ ու չկամ, ու նաեւ համոզված էի, որ այդուհետ ի վիճակի չեմ լինելու իմ կյանքից ու ինձանից որեւէ ճշմարիտ բառ կորզելով գրել, որովհետեւ էդ օրերին ոչ միայն իմ կյանքով չէի ապրում, այլեւ ընդհանրապես չէի ապրում ու գոյություն չունեի՝ ի տարբերություն հեղափոխականների ու հակահեղափոխականների, ովքեր էդ օրերին ու հիմի էլ բերնեբերան կյանքով են լեցուն, եւ չնայած իրար միանգամայն սրտանց են ատում, այդուհանդերձ, մշտապես իրարով են եւ, փաստորեն, առանց իրար կյանք չունեն, եւ ամեն անգամ, երբ վերստին իրար գտնում են, վերստին ու բերնեբերան կյանքով են լցվում, եւ ամեն անգամ՝ երբ իրենց ապրելն սկսվում է, իմն ու իմպեսներինը կտրուկ ու միանգամից է ընդհատվում, ու էս անգամ էլ էդպես եղավ, ու հատկապես էս անգամ է էդպես, որովհետեւ էս անգամ կողմերն իրար ավելի են ատում՝ քան երբեւէ, ու ես վերստին դուրս մնացի իրենց էդ հարատեւ կռվից, ինչպես նաեւ՝ կյանքից, որովհետեւ երբ կրիտիկական մասսան արդեն կայուն կա, եւ ներքաղաքական կրքերն էլ շիկացած են, իմ ու բոլորի կյանքն ամբողջովին տեղափոխվում է պայքարի ասպարեզ, եւ ասպարեզը վերստին Ազատության հրապարակն է, ինչպես նաեւ՝ Մատենադարանին հարող տարածքը, եւ ութսունութից սկսած՝ իմ կյանքի բոլոր ընդմիջումներն էդ վայրերում են տեղի ունեցել, եւ չնայած դրանք վաղուց արդեն ինձ համար միանգամայն հարազատ վայրեր ու ապրելատեղեր են, այդուհանդերձ, իմ լիարժեք ապրելը հատկապես էդ վայրերում չի ստացվում՝ ե՛ւ ութսունութին չստացվեց, ե՛ւ իննսունվեցին, ե՛ւ հատկապես հիմա, որովհետեւ հիմա ինձանից սպասելիքներ ունեցողներն անհամեմատ շատ են, ընդ որում՝ հիմա ինձանից ոչ միայն քաղաքական ու ներքաղաքական երեւելիներն են որոշակի խոսք ու գործողություն ակնկալում, այլեւ՝ կրիտիկական մասսան, որովհետեւ, մինչ չորս տարի անընդմեջ իմ ու ձեր ապրածը հիշելով գրում ու լուսանկարս էլ «Առավոտում» շաբաթը մեկ տպում էի, էս ընթացքում անկախ ինձանից ոմանց համար դեմք դարձա, իսկ որոշների համար՝ նույնիսկ փնտրված դեմք, եւ քանի որ էս ընթացքում մեր ճանաչված դեմքերն էս պերմանենտ պայքարին չդիմանալով՝ մեր ու իրենց էս մինուճար կյանքից անվերադարձ են հեռացել, իրենց առաջացրած էդ թափուր տեղերը որեւէ ուրիշներով լցնելն իսկապես համազգային ու համաժողովրդական խնդիր է, եւ չնայած մարտի մեկի նախճիրից առաջ ու հետո ձեռս արձակից ու ոտս բուքմեյքերականներից կտրել էի, այդուհանդերձ, համաժողովրդական պայքարի գծով անելիքս վերստին չէի գտնում եւ քաղաքական երեւելիների ու կրիտիկական մասսայի պահանջներն անկարող էի բավարարել, որովհետեւ բուքմեյքերականներից ու վեպիցս կտրվելով՝ ինքս արդեն կատարյալ ու վերջնական կրիտիկական մասսա էի, մինչդեռ քաղաքական երեւելիներն ու մանավանդ կրիտիկական հասարակներն ուզում էին ինձանից մտավորական ստանալ՝ առանց հասկանալու, որ ես հիմա անհամեմատ հասարակ եմ՝ քան երբեւէ եղել եմ, մինչդեռ երեւելիներն ու հասարակներն իմ էս վիճակում էլ իմ մասին հատուկ կարծիք ունեն եւ, ըստ ամենայնի, առաջիկայում էլ չեն դադարելու ունենալ, եւ ամենահետաքրքիրն էն է, որ իմ մասին իրենց էդ հատուկ կարծիքը մեկին մեկ է համընկնում ապրիլի տասնութին ու տասնիննին իմ մասին էդ օտար անծանոթի արտահայտած չորսուկես էջանոց հատուկ կարծիքին, եւ երբ ապրիլի քսանի առավոտ էդ չորսուկես էջերն աչքի անցկացրի, վերջնականապես հասկացա, որ, ուզեմ թե չուզեմ, սա է կյանքը՝ ներառյալ իմ կյանքը, եւ հաջողության դեպքում ի վիճակի եմ ընդամենն ուրիշների՛ կյանքից փախչել՝ ինչպես որ միշտ եմ արել:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել