Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 18,2009 00:00

«ՎԱՐՈՒՆԳ ԵՎ ՍԵ՞Խ, ԹԵ՞…»

Հոգեբանական կատակ-թեստ

Առաջարկվող այս կատակ-թեստը հիմնականում աչքի է ընկնում իր յուրահատկությամբ։ Այն պարունակում է անսպասելի հարցեր, պարզ պատասխաններ եւ անբացատրելի արդյունք։ Սակայն, չնայած իր թվացյալ անտրամաբանությանը, այնուհանդերձ, հաճախ համընկնում է իրականության հետ՝ մատնանշելով անձին բնութագրող կարեւոր գծերը:

Եվ այսպես, վստահեք ձեր ներքին ձայնին եւ փորձեք հստակ ընտրություն կատարել ու ձեզ համար պարզել, թե ստորեւ ներկայացված չորս տարբերակներից ո՞րն է ձերը՝ անձնականը:

– Ի՞նչ եք ավելի շատ սիրում. վարո՞ւնգ, լոլի՞կ, ձմերո՞ւկ, թե՞ սեխ… (նկատի ունեցեք, որ պետք է նախապատվությունը տալ որեւէ զույգի. վարունգ եւ սեխ, լոլիկ եւ ձմերուկ, վարունգ եւ ձմերուկ կամ՝ սեխ եւ լոլիկ)։

Վարունգ եւ սեխ.- Այս նախապատվությունն ավելի շատ բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Այս տիպի տղամարդիկ, որպես կանոն, առնական են եւ շատ լուրջ: Հազվադեպ են ենթարկվում օտար ազդեցությունների եւ բացառապես տուրք չեն տալիս ալկոհոլի գայթակղիչ հրապույրներին: Նրանց շարքում հաճախ հանդիպում ենք մարզիկների եւ ճանապարհորդելու սիրահարների: Այդպիսի տղամարդու հետ կինն իրեն միշտ հանգիստ եւ ապահով է զգում, քանզի նրանց պատասխանատվության ուժեղ զգացումը տարածվում է նաեւ ընտանեկան փոխհարաբերությունների ոլորտի վրա: Այս տղամարդիկ նպատակասլաց են եւ հեշտությամբ են հասնում իրենց առջեւ դրված նպատակներին: Այնուամենայնիվ, այս տիպը զերծ չէ նաեւ թերություններից. վարունգա-սեխային տղամարդուն միշտ պակասում է ռոմանտիզմը, այնպես որ՝ եթե կինը նրանից ծաղիկներ է սպասում, թող հույսը կտրի, որ նա երբեւէ նման բան կանի: Այս տիպին պատկանող կանայք հաճախ զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, սակայն ընտանեկան կյանքում նրանք երեխաների պես անօգնական են. վատ խոհարարուհիներ են, անկարող՝ ճիշտ բաշխել ընտանիքի բյուջեն, չեն սիրում լվացք անել, լվանալ ամանեղենը: Չնայած այս ամենին՝ այդպիսի կինն իր ամուսնու համար իսկական հավատարիմ եւ հասկացող ընկեր է:

Լոլիկ եւ ձմերուկ.- Այս նախապատվությունն ընտրած մարդիկ ուրախ եւ ակտիվ են: Նրանց առանձնահատուկ է շփումների մեծ ձգտումը, սակայն ոչ միշտ են հավասարակշռված փոխհարաբերություններում. նրանք բռնկվող են, ինչը հաճախ սկանդալների պատճառ է դառնում: Այս տիպի տղամարդիկ իսկական գուրմաններ են, որոնց հատուկ է նաեւ ծուլությունը. ավելի շատ սիրում են «հողաթափերն ու տնային խալաթը», քան ուսապարկն ու քնապարկը: Իսկ ահա՝ լոլիկա-ձմերուկային կանայք զգացմունքային են, կենդանիներ սիրող, բարձր են գնահատում ընտանեկան օջախը, նրանց միջավայրում միշտ ջերմ է ու հարմարավետ: Նրանք ունակ չեն խարդավանքների, սակայն երբեմն աննրբանկատ են, քանի որ գրեթե միշտ ասում են այն, ինչ մտածում են… Անկեղծությունն ու միամտությունը այս տիպին բնորոշ գլխավոր հոգեբանական գործոններն են:

Վարունգ եւ ձմերուկ.- Այս տիպին պատկանող մարդիկ մշտապես հոգեկան փոթորկումների մեջ են։ Նրանց արտաքին հանգստությունն ու զսպվածությունը քողարկում է ներքին լարվածությունը: Վարունգա-ձմերուկային մարդկանց հետ կյանքը կարծես հրաբխի գագաթին լինի. երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ է սպասվում վաղը կամ տվյալ պահին նրանք ինչ մտքեր են մտմտում: Այս տիպի կանայք ոչնչից սկանդալներ չեն սարքում, այլ կուտակելով վիրավորանքները՝ մի գեղեցիկ օր ջարդուփշուր են անում տան ողջ սպասքը: Վարունգա-ձմերուկային մարդիկ ստեղծագործող են, ունակ են մտածելու, նրանց շարքերում կարելի է հանդիպել գիտնականների եւ հայտնագործողների:

Սեխ եւ լոլիկ.- Եթե սա է ձեր նախապատվությունը, ապա դուք հավասարակշռված եք, նրբանկատ եւ հանդարտ: Ունեք ներքին տակտ եւ զգայականություն. սիրում եք գեղեցիկ իրեր, լավ ճաշակ ունեք: Սեխա-լոլիկային տղամարդիկ մի փոքր կանացի են: Հաճախ նրանք նկարիչներ կամ երաժիշտներ են: Կարճ ասած՝ այս մարդկանց հոգեհարազատ է ստեղծագործական աշխատանքը: Իսկ կանայք շուտ սիրահարվող են, տպավորվող, սիրային հարաբերություններում՝ կրքոտ եւ կայուն: Սովորաբար նրանք նվիրված են իրենց ամուսիններին, քնքուշ են եւ հոգատար: Իսկ ահա այս տիպին դասվող տղամարդիկ կարող են ինքնասիրահարված էգոիստներ լինել:

Վերջում, որպես լրացում, ասենք, որ լավագույն ամուսնական դաշինքը կնքվում է տղամարդ՝ «սեխ-վարունգ» եւ կին՝ «վարունգ-ձմերուկ», տղամարդ՝ «սեխ-լոլիկ» եւ կին՝ «սեխ-վարունգ», տղամարդ՝ «վարունգ-ձմերուկ» եւ կին՝ «լոլիկ-ձմերուկ», տղամարդ՝ «լոլիկ-ձմերուկ» եւ կին՝ «լոլիկ-սեխ» տիպերի միջեւ։

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել