Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կխթանի խաղամոլությունը

Հուլիս 18,2009 00:00

Մի շարք հասարակական քաղաքական գործիչներ կանխատեսում են, որ կազինոները մարզեր տեղափոխելով՝ երիտասարդներ կկործանվեն ու ընտանիքներ կքայքայվեն:

Հայրենի կառավարությունը մարզերում սոցիալական խնդիրներ լուծելու եւ այդ տարածքներում տուրիզմը զարգացնելու պատրվակով՝ որոշել է այսուհետեւ խաղատներ բացելու թույլտվություն տալ նաեւ Սեւան, Ջերմուկ, Ծաղկաձոր քաղաքներում եւ «Զվարթնոց» օդանավակայանի «Երեւան» ազատ տնտեսական գոտու» տարածքում: Հետաքրքիրն այն է, որ այս քաղաքները նախատեսվում է դարձնել առողջարանական կենտրոններ եւ, որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով, կառավարության այս որոշումով իրենք նաեւ մտածում են զբոսաշրջիկների մասին, որոնք, այցելելով հանգստյան գոտիներ, կարող են իրենց ժամանցն այդտեղ անցկացնել: Սակայն, «Բարեփոխում» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Հակոբյանի կարծիքով, ազգային անվտանգության տեսանկյունից այդ որոշումը ուղղակի կկործանի մարդկանց, հատկապես այդ քաղաքների բնակիչներին. «Այդ որոշումով կառավարությունը պարզապես խթանում է խաղամոլությունը: Եթե որոշել են այդ քաղաքները առողջարանական կենտրոններ դարձնել, ապա այդտեղ սպորտսմեններ են ընտանիքներով այցելելու, երիտասարդներ, ուսանողներ եւ այլն: Եթե այդ վայրերում խաղատներ են տեղակայում, դա նշանակում է՝ երիտասարդությունը պետք է այցելի, էլ ի՞նչ առողջարանական կենտրոնի մասին է խոսքը: Այս որոշումով կձախողվի Սեւանը, Ջերմուկը, Ծաղկաձորը առողջարանական կենտրոն դարձնելու հայեցակարգը: Ինչպես կարող է կառավարության մի որոշումը հակասի մյուսին: Անտեսում են բարոյականությունը, ամեն ինչ քանդվում է այդ որոշումով, քրիստոնեությունն է քանդվում: Օրինակ, Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում արգելվում են խաղատները, իսկ մենք մեր քաղաքները դարձնում ենք տարածաշրջանի խաղամոլության կենտրոններ»: Տիկին Հակոբյանի խոսքերով՝ խաղատները պետք է քաղաքներից շատ հեռու տեղադրվեն, որպեսզի ամեն մեկին հասու չլինի:

«Եթե որոշ պաշտոնյաներ որոշել են իրենց բիզնեսը ծաղկեցնել, ապա պետք չէ դա անել ազգային անվտանգության հաշվին»,- «Առավոտի» հետ զրույցում ասացին խաղատներից տուժած քաղաքացիների հարազատները: Նրանց ներկայացմամբ՝ եթե խաղատները լինեն բնակավայրերին մոտ, դրանով գայթակղվելը չափազանց հեշտ է եւ արագ հարստանալու գայթակղությունից ելնելով՝ երիտասարդները, միջին տարիքի տղամարդիկ անպայման «կփորձեն իրենց բախտը, քանի որ այդ խաղն այնպես է կառուցած, որ առաջին անգամ կշահեն, իսկ հետո անընդհատ կպարտվեն ու կրակը կընկնեն»:

Արարատի մարզի Այգեվան գյուղի բազմաթիվ ընտանիքներ արդեն իսկ տուժել են մարզում տեղակայված խաղատների գործունեությունից: Խաղամոլությամբ տարված երիտասարդներից մեկի հարազատի պատմելով՝ խաղատներն արդեն շատերին մեծ պարտքերի տակ են գցել, շատ ընտանիքների քայքայման պատճառ դարձել. «Երիտասարդներն իրենց վերջին կոպեկն են տանում, հույս ունենալով, որ կշահեն: Հետո պարտվում են, պարտքը փակելու համար էլ տուն-տեղ ու ոսկեղեն են վաճառում: Պարտքերը վերադարձնելու համար օրումեջ ծեծկռտուք է լինում գյուղում: Խաղատների պատճառով մարդիկ ուղղակի կործանվում են»:

«Առավոտի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ այն կարծիքին է, որ խաղատները Ջերմուկ, Սեւան եւ նման վայրերում տեղակայելը այդ քաղաքների կարգավիճակին եւ զարգացմանը չի ծառայի. «Դրանք կդառնան կազինոների քաղաքներ: Երբ երկրի կենսամակարդակը բարձր է, օրինակ՝ Շվեյցարիան կամ Նորվեգիան, նման երկրներում խաղատներ բացելը վտանգավոր չէ, բայց Հայաստանի նման երկրում շատ խաղատներ ունենալը վտանգավոր է: Իմ կարծիքով, ճիշտ կլինի Հայաստանում մի ամայի տարածք տրամադրել խաղատներին, ինչպես, ասենք, Լաս-Վեգասում է, անապատի նման մի տեղ, ու այն մարդիկ, ովքեր սիրում են իրենց ժամանակն ու փողերը անիմաստ ու աննպատակ ծախսել, թող գնան այդ անապատում ծախսեն: Ես նման խաղերին սկզբունքորեն դեմ եմ»:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի կարծիքով, խաղատների վայրի ընտրության հարցում պետք է չափազանց բծախնդիր լինել. «Եթե խոսքը Ծաղկաձոր եւ Ջերմուկ առողջարանային-հանգստի կենտրոնների մասին է, ապա չեմ կարծում, որ լավ տարբերակ է ընտրված։ Այսպիսով, մենք այս վայրերի հետ կապված հանգստի մշակույթն ենք փոխում։ Դժվար թե ընտանեկան կամ երիտասարդական հանգստի համար այլեւս նախընտրելի լինեն այս վայրերը։ Մանավանդ որ, մեր ժամանակներին բնորոշ բարքերի ու «մշակույթի» պայմաններում դժվար չէ պատկերացնել, թե այդ խաղատների արդյունքում ինչ «ջիպա-համերախեղդ» միջավայր ու մթնոլորտ կձեւավորվի այդ վայրերում։ Գրեթե չեմ կասկածում, որ խաղատների հաստատմանը զուգահեռ, կկանգնենք էկոլոգիական եւ քաղաքաշինական թողտվության եւ այլանդակության առջեւ, ինչը շատ սովորական ու անպատժելի իրողություն է մեր օրերում։ Բնապահպանական եւ քաղաքաշինական վերահսկողության ներկայիս պայմաններում պարզապես կկորցնենք բնության այդ փոքրիկ պատառիկները»։ ԱԺ պատգամավորը ողջունում է խաղատները մայրաքաղաքից հեռացնելու կառավարության որոշումը, սակայն, ըստ Լ. Գալստյանի, խոցելի է այն մտածումը, թե այդպիսով զբոսաշրջության զարգացմանը լրացուցիչ խթան կհաղորդվի: ԱԺ պատգամավորը կառավարությանը հորդորում է զբոսաշրջությունը զարգացնելու ավելի հիմնավոր ու հեռանկարային ծրագրեր ներկայացնել՝ փաստված նախեւառաջ մեր մշակութային ժառանգության վրա. «Խնդիրը արժանի է համակողմանի քննարկման՝ հաշվառելով բոլոր կողմերի իրավունքներն ու շահերը։ Պարզապես, իրավունք չունենք արագ որոշումներով խաթարել ավանդույթներ, արժեքներ, քաղաքաշինական ու բնապահպանական ու բարոյական չափանիշներ»։

«Բարեփոխում» հ/կ-ի նախագահ Կարինե Հակոբյանի խոսքերով՝ «Մենք ամեն ինչ անելու ենք, պայքարելու ենք, որպեսզի Ազգային ժողովը կառավարության այդ որոշումը չընդունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել