Երեկ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով պարգեւատրվեց նախկին նախարար Թամար Պողոսյանը: Ճիշտն ասած, այս հարգելի տիկնոջ դեմ անձամբ ես ոչինչ չունեմ, որովհետեւ տիկին Պողոսյանը շատ լավ մարդ է, ունի դրական որակներ, որոնցից իսպառ զուրկ են մշակույթի նախկին նախարարներից մի քանիսը: Մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ մեդալով պարգեւատրել մեկին, որի պաշտոնավարության շրջանում մշակույթի նախարարությունը պակաս ծաղրուծանակի առարկա չէր, քան այսօր: Չնայած այդ մեդալը վերջին տարիներին այնքան է շռայլվել ու, թերեւս, արժեզրկվել, որ հաստատ մյուս ստացողների ֆոնի վրա նախկին նախարարը պակաս արժանավոր չէ: Հասկանում ենք, որ հոբելյանի առիթով մեդալ շնորհելը ընդունված է, բայց այդ մեդալն այսօր դարձել է ծնունդ գնալիս նվեր տարվող՝ бомбонерка-ի ու ծաղկեփնջի պես մի բան. մշակույթի՝ «կլոր» հոբելյաններով բոլոր աշխատողներին բաժանվում է. մեկին՝ բերանը փակելու, մյուսին՝ թոշակի ուղարկելու, երրորդի սիրտը շահելու եւ այլ նպատակներով: Գուցե մեծարման ա՞յլ ձեւեր փնտրվեն: